Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուսումնառություն եւ աշխատանք

Օգոստոս 30,2024 12:30

(հատված որդուս հիշատակի «Հզորը» վիպակից)

Մաս առաջին

Վահրամը դպրոցն ավարտեց բարձր առաջադիմությամբ։

Դպրոցի ուսուցիչների սիրված աշակերտներից էր։ Ինքն էլ անսահման նվիրումով էր վերաբերվում, ինչպես ինքն էր սիրում ասել՝ Րաբունիներին։ Դեպի գիրն ու գրականությունը ոչ թե սեր էր նրա համար, այլ պաշտամունք։

Կարդացեք նաև
Ձորաղբյուր

Վահրամը դպրոցական ընկերների հետ կապված էր, ինչպես ասում են՝ հազար թելերով։ Նրանցից շատերի հետ մինչ կյանքի վերջը եղբոր նման հարաբերվեց։

Դպրոցական տարիների ծնողական ժողովներին միշտ ինքս եմ ներկա գտնվել։ Ու, երբ ուսուցիչների կողմից հնչում էին հերթական գովաբանություններն, ինձ յոթերորդ երկնքում էի զգում։ Ներքուստ հպարտությունս երբեմն չէի կարողանում թաքցնել։ Մի անգամ էլ կնոջս առաջարեցի միասին ներկա գտնվել ծնողական ժողովին։ Ներս մտնելուն պես հանդիսավորությամբ հայտարարեցի.

-Հարգելի ծնողներ, ծանոթացե՛ք խնդրեմ, նա Վահրամի մայրիկն է,- ու ներկայացրեցի կնոջս։ Բոլորը ծիծաղեցին, ամենից շատ՝ Վահրամը։ Դպրոցի ծնողական ժողովների ժամանակ ներկա էին գտնվում նաեւ աշակերտները։

Վահրամը շատ էր ցանկանում զինվորական բժիշկ դառնալ։ Դա նրա հայրենասիրական մղումներից էր նաեւ։ Դպրոցի ավարտական քննություններից հետո, նա փաստաթղթերը հանձնեց ԲՈՒՀ-երի ընդունող հանձնաժողովին, որտեղ, որպես առաջին մասնագիտություն, նշել էր զինվորական բժշկի, իսկ որպես երկրորդ՝ Գյուղատնտեսական  Ակադեմիայի գյուղատնտեսի մասնագիտությունը։ Ի ուրախություն մեզ՝ բոլորիս եւ, մանավանդ իրեն, Վահրամն ընդունվեց Գյուղատնտեսական  Ակադեմիա, հետագայում ապացուցելով, որ ավելի ճիշտ մասնագիտություն էր ընտրել։

Ակադեմիայում նա ընդամենը մեկ տարի սովորեց վճարովի համակարգում։ Ուսումնական պրոցեսի ընթացքում իրեն գերազանց դրսեւորելով, նա սահուն կերպով անցավ ուսուցման անվճար համակարգ։ Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում մեկ կամ երկու անգամ եղել եմ Ակադեմիայում, հանդիպել նրա դասախոսների հետ։ Իմ հորդորներով դասախոսների հետ Վահրամն էր ծանոթացնում։ Նրանց մեծ մասը գովեստի խոսքեր էին հնչեցնում որդուս հասցեին՝ հպարտության զգացումներ արթնացնելով հոգուս մեջ։ Վահրամը չցանկացավ շարունակել ուսումը Ակադեմիայի մագիստրատուրայում, գտնելով ուսման այդ ընթացքը ժամանակի անտեղի վատնում։

Ակադեմիան ավարտելուց հետո նա դիմեց մի քանի գյուղատնտեսական կազմակերպությունների, իրեն աշխատանքի ընդունելու խնդրանքով։ Սակայն, ցավոք սրտի, ամենուրեք գործում էր «աշխատանքային ստաժը պարտադիր է՝ չգրված օրենքը»… Զարմանալի ու նույնքան էլ զայրանալի նմանատիպ «չգրված օրենքներ» են գործել շարունակ, որի դեմն, ինչպես ասում են՝ չեն առնում պետական մակարդակով, այս կերպ ցավալիորեն խաթարելով շնորհալի, օժտված մասնագետների մուտքը համապատասխան աշխատաքի։ Ի՞նչ պիտի աներ որդիս, եթե ոչ՝ փնտրեր որեւէ պատահական աշխատանք, սպասելով «բախտի քմահաճույքին»…

Եվ գտավ մասնագիտությունից «հազարավոր մետրերով» հեռու՝ Հայինկասացիայի գանձիչի տխրահռչակ աշխատանքը։ Մոտ երեք տարի աշխատելուց հետո, այդ հիմնարկությունը «սնանկության քողի տակ» լուծարվեց ու սեփականաշնորհվեց, աշխատողներին թողնելով գործազրկության ճիրաններում։

Վահրամը շարունակեց փնտրտուքն՝ իր մասնագիտությամբ աշխատանք գտնելու համար։ Եվ, օրերից մի օր, ի փառս մեզ բոլորի, գտավ Green Training Center-ի (Կանաչ ուսումնական կենտրոն) հայտարարությունը՝ փնտրում ենք գյուղատնտես։ Սակայն հայտարարության մեջ նշված էր նաեւ «չգրված օրենքը»։ Նա զանգահարելով հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով, զրույց է ունենում ղեկավարի հետ, առաջարկում նրան հանդիպել, զրուցել իր հետ մասնագիտական թեմայով, նաեւ պատճառաբանում, թե նորավարտ անձը ինչպե՞ս կարող է մասնագիտական ստաժ ունենալ։ Ղեկավարը համաձայնում է, որից հետո կայանում է ցանկալի հանդիպումը։

Վահրամի աշխատանքային գործունեությունը մեծ վերելքով սկսվեց «Կանաչների» հետ (Green Training Center-ին հաճախ այդպես են կոչում)։ Նա կոլեկտիվին անմիջապես հարմարվեց։ Չբավարարվելով Ակադեմիայում ձեռք բերած գիտելիքներով, Վահրամն ուսանողի մոլուցքով շարունակեց մասնագիտության մեջ խորանալու գործընթացը եւ հաջողությամբ ավարտելով դրանք՝ ստացավ գյուղատնտեսի մի շարք վկայագրեր ու հավաստագրեր։ Եվ այս ամենը դարձան Վահրամի շռնդալից հաջողությունների սկիզբը Green Training Center-ում։ Աշխատանքի ընդունվելու առաջին օրերից, Վահրամն, իր կենսախինդ ու բարի բնավորությամբ, «մերվեց» կոլեկտիվին։ Նա սիրվեց բոլորի կողմից ու դարձավ «Կանաչների» կողմից պահանջված ու ամենօրյա «քաշող ուժերից մեկը»…

Վահրամն ամեն ինչ անում էր ծնողների «սիրտը շահելու», երջանկացնելու եւ նրանց ցույց տալու, որ նրանց ձգտումներն՝ իրեն «մարդ դարձնելու» հարցում, իզուր չեն անցել։ Այդ նպատակով ջանում էր ծնողներին հրավիրել աշխատավայրեր, իրազեկվելու կազմակերպված գյուղատնտեսական մշակաբույսերի առատ ու առողջ տեսականիների մասին, զարգացման հեռանկարներին, ուսումնական ծրագրերի հետ կապված միջոցառումներին, հրավիրել փառատոների, շահառուների հետ հանդիպումների ու խորհրդատվությունների եւ այլն։ Այդպիսի մի հանդիպում առաջին անգամ կայացավ Green Training Center-ի Հովքի տեղամասում։ Մի քանի ամիս անց, կնոջս հետ ներկա գտնվեցինք նաեւ Ձորաղբյուրի ԿԱՆԱՉ կենտրոնի Բերքի փառատոնին։

Հովքում կայացած այցին մեզ դիմավորեց ողջ աշխատակազմը՝ «Կանաչների» ղեկավարի գլխավորությամբ։ Այնքան ջերմ էր ու սիրալիր այդ հանդիպումը, որ «կորցրել էինք գլուխներս»։ Նրանց կողմից մեծ, անչափ մեծ էր հետաքրքրությունն այն մասին, թե Վահրամն իր աննկարագրելի հումորն ումի՞ց է «ժառանգել»։ Քանի որ անկանխատեսելի, անսպասելի, անգերազանցելի, չլսված, նույնիսկ անելանելի իրավիճակներում Վահրամի նրբագույն հումորի զգացողությունն ու արտահայտվելու ունակությունը մի անբացատրելի երեւույթ էր։ Ոչ ոք չէր կարող զսպել ծիծաղն ու նաեւ զարմանքը, թե նա ինչպե՞ս կարողացավ տվյալ պահին տրամադրություն փոխել, շարժել, «արթնացնել» մարդկային ամենազգայուն ու ամենադժվարամատչ զգացմունքը՝ «քնած» ծիծաղը…

Մեզ հյուրասիրելու եւ ջերմ զրույցի  ընթացքում, բոլորի համոզմունքն արտահայտեց ղեկավարը՝ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նունե Սարուխանյանը.

-Հումորն, անշուշտ, հորից է  ժառանգել…

Հովքը մեր հիշողության մեջ այն անմոռանալի օրերից էր, որոնք «ամրագրվում» ու մնում են որպես պայծառ, անջնջելի հուշ-երազ։

Ս. ՄԱԹՈՍՅԱՆ

արձակագիր

«Առավոտ» օրաթերթ
29.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031