Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Բարդություններ ռեժիմի ու դաշնակիցների օրակարգում

Օգոստոս 30,2024 12:00

Պուտինի` Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանի արտգործնախարարը շտապեց Թուրքիա

Պուտին-Ալիեւ Բաքվի բանակցություններից հետո ինչ հարցեր էին առաջացել Ադրբեջանի իշխանությունների մոտ, որ անհրաժեշտություն առաջացավ դրանք քննարկել թուրքական կողմի հետ:

Արդյոք Ալիեւը Անկարայի մոտ որոշակի պասիվություն է նկատո՞ւմ, իսկ ռուս-ադրբեջանական վերջին քննարկումների արդյունքում պետք է ճշտել Անկարայի դիրքորոշումը…

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն, ահա, օրերս, աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպեց իր թուրք գործընկերոջ` արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Վերջինիս հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին Բայրամովը նշել է, թե տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն կա։

Բայրամովի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է խաղաղության համաձայնագրի նախագիծը, 5 հիմնարար սկզբունքները: «Չնայած բանակցային գործընթացում դրական դինամիկա է նկատվում, եւ համաձայնագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է, Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները շարունակում են պահպանվել Հայաստանի Սահմանադրության եւ մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերում։ Միեւնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ Հայաստանը նաեւ տարածքային պահանջներ ունի Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։ Ներկայումս խաղաղության համաձայնագրի ավարտի հիմնական խոչընդոտը մեր երկրների նկատմամբ տարածքային պահանջներն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությամբ»,- ասել է Բայրամովը:

Թուրքիան եւ Ադրբեջանը հանդես են գալիս «1 ժողովուրդ, 2 պետություն» սկզբունքով։ Այդպես կլինի միշտ՝ լավ եւ վատ ժամանակներում, իր հերթին նշել է Հաքան Ֆիդանը:

Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Բաքվի նախապայմանը կրկնել է ադրբեջանցի մեկ այլ պաշտոնյա: Խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է, դարձյալ նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը: Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մշակումը մոտ է ավարտին, սակայն «մենք պետք է վստահ լինենք, որ դա հարատեւ խաղաղություն է լինելու», հարավկորեական Korea Times թերթին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա նաեւ բացառել է Երեւանի եւ Բաքվի միջեւ միջնորդների մասնակցությամբ բանակցությունների կազմակերպումը. «Մենք չենք ակնկալում, որ որեւէ միջազգային կազմակերպություն կամ երրորդ կողմ ուղղակի դերակատարություն կարող է ունենալ, խաղաղության ճանապարհին երկու պետություններին աջակցելուց բացի»։

Բաքուն այս փուլում հետեւողականորեն ձգտում է ցույց տալ իբրեւ մնացած մեկ խոչընդոտը` հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման ճանապարհին: Դեռեւս 2 ամիս առաջ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2023-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ մեծ հաշվով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատեւ խաղաղության հաստատման համար: «Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխության հարցը չի կազմում», – պնդեց նա, վստահեցնելով, որ Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին որոշման հարց է:

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերություններից՝ Միրզոյանն ասաց, որ Երեւանը 2023-ին շարունակել է Անկարայի հետ կարգավորման գործընթացը եւ մի շարք հարցերի շուրջ, ըստ արտգործնախարարի, կա լայն փոխըմբռնում։ «Արդեն ժամանակն է, որ մենք գետնի վրա տեսնենք կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ», – ասաց Միրզոյանը։ «Մեր ակնկալիքն է Թուրքիայից, որ պայմանավորվածությունները սկսեն իրականանալ», – ասաց նա, չհստակեցնելով, թե ինչ գործոնների պատճառով չեն իրականանում Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Այս հայտարարությունից օրեր անց Բաքուն պնդեց՝ խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել` «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում եւ որոշումներում»:

Նկատենք, որ նաեւ Արեւմուտքից են պարբերաբար նշում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Վերջերս նման կարծիք հայտնեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` jam-news-ին տված հարցազրույցում: Առանց ժամկետներ նշելու՝ Կլաարը հավելել է, որ վերջնագծին հասնելու համար պակասում է միայն անհրաժեշտ քաղաքական կամքը:

Սեպտեմբերի 1-ին այս պաշտոնում իր առաքելությունն ավարտող Կլաարը հայտարարել է՝ միջազգային հանրությունը պետք է շարունակի ներգրավված մնալ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով՝ նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: «Սակայն պատասխանատվությունը, ինչպես եւ այժմ, կմնա Երեւանի եւ Բաքվի ղեկավարության վրա՝ չկանգնել կես ճանապարհին, այլ շարունակել մինչեւ վերջ՝ դեպի հարաբերությունների լիարժեք կարգավորում, ոչ միայն կառավարությունների, այլեւ ժողովուրդների միջեւ», – նշել էր ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Բաքուն ու Անկարան այսուհետ էլ կշարունակեն ցույց տալ անխախտ համախմբվածություն, որքան էլ Էրդողանը որոշակիորեն իրեն հետ է պահում Հայաստան-Ադրբեջան թեմայից:

Արեւմուտքի ակտիվ աշխատանքը Հայաստանի ու Ադրբեջանի հետ նկատելիորեն բարդ դրության մեջ է դրել Բաքվին: Մի կողմից Ալիեւը չի ցանկանում հրապարակավ հակադրվել Մոսկվային ու բավարարել ռուսական բոլոր ակնկալիքները, մյուս կողմից` որոշ քայլեր էլ արվում են, ցույց տալու, որ Արեւմուտքի հետ էլ մնում են լարված հարաբերությունները:

Ադրբեջանի իշխանություններն օրերս անցանկալի անձ են հայտարարել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր այն պատգամավորներին, որոնք կողմ են քվեարկել այդ կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը: Այդ մասին հայտարարություն էր տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն։ «Ուզում եմ հիշեցնել, որ այս որոշմանը կողմ քվեարկած բոլոր անձինք «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել մեր երկրում։ Եթե նրանք ցանկանան այցելել Ադրբեջան մինչեւ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության լիազորությունների վերականգնումը, ապա նրանց մուտքը մերժվելու է»,- նշել էր ադրբեջանցի այս պաշտոնյան։

Այսպիսով, Բաքուն հերթական անգամ ընդունեց մի որոշում, որը նոր լարվածություն է առաջացրել Եվրոպայի Խորհրդի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը պատրաստվում է COP29 կլիմայական գագաթնաժողովին: Իսկ Բաքվի որոշումը կարող է հետեւանքներ ունենալ ԵԽԽՎ-ի եւ Ադրբեջանի փոխհարաբերություններում:

Միեւնույն ժամանակ, ադրբեջանական մամուլն էլ դեռեւս շարունակում է Արեւմուտքի նկատմամբ ուժգին հակաքարոզչությունը. Հայաստանը ներկայացնում են` «Արեւմուտքի սիրելի», ԱՄՆ-ին ու Եվրոպային մեղադրում են «Հայաստանին անվերապահ աջակցելու…» համար:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է դաշնակիցների հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերել` հակազդելու Հարավային Կովկասում Արեւմուտքի ակտիվությանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 29.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031