Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան խնդիրներ, որոնք արվեստը միայնակ չի կարող լուծել, իսկ այն խնդիրները, որոնք արվեստն է լուծում, պետք է ճիշտ տեղում ներկայացված լինեն». Ավետիք Վարդանյան

Օգոստոս 30,2024 14:00

Artbox-ի դրամաշնորհառուն պատրաստվում է առցանց հարթակի միջոցով միավորել արվեստագետներին եւ արվեստասերներին

«Մասնակցել ենք Artbox ծրագրին եւ դրամաշնորհ  ենք շահել: Պլանավորում ենք ստեղծել մի հարթակ, որը հանրայնացնելու է հայ ժամանակակից վիզուալ արվեստագետների ստեղծագործությունները: Փորձելու ենք մեր հարթակի միջոցով վաճառք ապահովել, նաեւ վարձակալությամբ ենք տալու այդ արվեստագետների ստեղծագործությունները»,-«Առավոտի»  հետ զրույցում նշեց ArtInsight առցանց ցուցասրահի  համահիմնադիր, ղեկավար Ավետիք Վարդանյանը:

Նշեց, որ ArtInsight-ը արվեստագետներին եւ արվեստասերներին միավորող առցանց հարթակ է, որը համադրում է ժամանակակից արվեստի գործերի տարբեր հավաքածուներ՝ նպաստելով մշակութային փոխանակմանն ու ստեղծարարությանը։ «Փորձելու ենք իրենց ավելի շատ հանրաճանաչություն բերել, իրենց գործերը վաճառելով որոշակի ապահովություն տալ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ավետիք Վարդանյանին խնդրեցինք ներկայացնել ArtInsight նախագիծը: Նա ընդգծեց, որ ArtInsight-ի նպատակն է ստեղծել դինամիկ միջավայր, որն աջակցում է ստեղծարարությանը, խթանում քննադատական երկխոսությունը եւ բարելավում է կյանքի որակը ժամանակակից արվեստի ներկայացման, մեկնաբանման եւ հանրահռչակման միջոցով:

«ArtInsight-ը բաց է բոլոր արվեստագետների, վիզուալ արվեստի համար, բոլոր ցանկացողները կարող են հայտ ուղարկել՝ իրենց գործերով, մեր՝ 9 հոգուց բաղկացած խորհուրդը ստացված հայտերը քննում է, եւ մեր կոնցեպտին ու գաղափարախոսությանը համապատասխան ստեղծագործությունները ներգրավում է վեբկայքի վրա: Միեււնույն ժամանակ այդ արվեստագետների հետ ավելի կուրատորական աշխատանք է տարվում, նախագծեր եւ  միջոցառումներ ենք իրականացնում, փորձում ենք համագործակցել նաեւ արվեստաբանների հետ, որովհետեւ այդ դաշտը եւս ակտիվացնելու կարիք ունի»,-նշեց ArtInsight առցանց ցուցասրահի  համահիմնադիրը:

Հավելեց, որ առաջիկա օրերին մեկնելու են Իտալիա, որտեղ բացի ցուցահանդեսներից,  հետագա համագործակցությունների ակնկալիքներ էլ ունեն: Տեղեկացրեց, որ 4 կազմակերպություններով են իրականացնելու ցուցահանդեսը՝ հայկական կողմից իրենք են եւ GALIQUE Art Space-ը, մյուս երկու կազմակերպություններն Իտալիայից են, այս պահին ներկայացնելու են GALIQUE Art Space-ի արվեստագետներին՝  այդ թվում՝ Ալբերտ Վարդանյանին, Էդգար Գրիգորյանին,  Գուրգեն Գինոսյանին, Նվարդ Երկանյանին եւ այլոց, ինչպես նաեւ «Մուսկարի» հիմնադրամն է մասնակցում  կերամիկայի գործերով:

Հարցրինք, թե իր կարծիքով երիտասարդ արվեստագետները, մասնավորապես՝ վիզուալ արվեստի ներկայացուցիչներն ինչ խնդիր ունեն:  «Կարծում եմ՝ ճիշտ վերաբերմունքի, արժեւորման, հասարակության կողմից ճիշտ գնահատականի, ճանաչողության,  հնարավորությունների եւ ռեսուրսների՝ ցուցադրությունների համար»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի նախաձեռնած «Ընդլայնելով բարեգործությունը. առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները Բարեգործության մասին ՀՀ օրենքում» թեմայով աշխատարանին եւ պանելային քննարկումներին։

Ավետիք Վարդանյանն ասաց, որ ցանկացած դրական քայլ մեծ հաշվով ողջունելի է. «Եթե ինչ-որ բան ուշադրության կենտրոն է գալիս, արդեն իսկ ուրախալի է, բայց պետք է կառուցվածքային մտածողություն  եւ փոփոխություն լինի, որովհետեւ պայմանական մեկ կետի վրա շեշտադրում անելով խնդիրը չի լուծվի: Կան խնդիրներ, որոնք արվեստը միայնակ չի կարող լուծել, իսկ այն խնդիրները, որոնք արվեստն է լուծում, պետք է ճիշտ տեղում ներկայացված լինեն»:

Հարցին՝ իր կարծիքով, ինչո՞ւ է հանրությունն ավելի շատ հետաքրքրված արվեստի ու մշակույթի այն ճյուղերով, որոնք կապված են ժամանցի եւ զվարճությունների հետ, ստացանք հետեւյալ պատասխանը. «Պայմանականորեն ասած՝ լավ արվեստը ինտելեկտուալ պահանջներ ներկայացնող օբյեկտ է, լավ արվեստը ինտելեկտ է պահանջում, իսկ ժամանցը դրա կարիքը չունի, այլ նպատակներ է հետապնդում:

Այսօր մեր երկրում չէ, որ ինտելեկտուալ մոտեցումը՝ իրավիճակներին, ինտելեկտի կարեւորությունը երկրորդ պլան է մղվել: Ժամանցը ջանք չի պահանջում, իսկ երբ արվեստի գործ ես տեսնում, ու էական չէ, հավանում ես, թե ոչ, ուղեղդ մտածում է, դա  պրոցես է, տառապանք է, ժամանակ է: Դրանք շատ հաճելի պրոցեսներ չեն շատ-շատերի համար, որոնք նախընտրում են ժամանցը եւ զվարճությունները»:

Հիշեցնենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ Իսկ Artbox-ն  իրականացվում է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակներում։ Ավետիք Վարդանյանի թիմը, ինչպես նշեցինք, Artbox-ի դրամաշնորհառուներից է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
30.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031