Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանին կարոտով, ցավով, հպարտությամբ են հիշում նրան ճանաչողները

Օգոստոս 30,2024 13:00

Օգոստոսի 27-ին, իր տան բակում իր ծննդյան օրը կայացավ արցախյան 44 -օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Արմեն Գրիգորի Գրիգորյանին նվիրված հուշաղբյուրի բացման արարողությունը:

Ասում են՝ պատմությունը չի կրկնվում, սակայն այն կրկնվում է: 2020 թվականի Արցախյան պատերազմը դրա վառ ապացույցն է, երբ ժողովրդավար աշխարհը ձեռքերը ծալած լուռ հետեւում էր, թե ինչպես է սպանվում հինավուրց մի ազգ` իր հայրենիքում:

Արմեն Գրիգորի Գրիգորյանը ծնվել է 1992 թ. օգոստոսի 27-ին Սիսիան քաղաքում։ 1999-2009 թթ. սովորել եւ գերազանց առաջադիմությամբ ավարտել է Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 2009 թ. ընդունվել եւ 2014 թ. գերազանց ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության բաժինը։ 2014 թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Ջրականի զորամասում:

2016 թ. Ջրականի զորամասի հրետանային դասակի հրամանատար Արմեն Գրիգորյանը մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, դրսեւորելով մասնագիտական բարձր հատկանիշներ, ոգու արիություն, իրավիճակին համապատասխան կողմնորոշվելու ու գործելու կարողություն:

2018 թ. տեղափոխվել է Սիսիանի զորամաս, զուգահեռ սովորել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց. սեպտեմբերի 28-ին Արմեն Գրիգորյանն ու իր մարտկոցը մեկնեցին Արցախ:

Արմեն Գրիգորյանին կարոտով, ցավով, հպարտությամբ են հիշում նրան ճանաչողները, հատկապես` մարտական ընկերները:

2020 թ. հոկտեմբերի 14-ի գիշերը թշնամու անօդաչուի հարվածից ռազմամթերքով բեռնված մեքենան պայթում է. զոհվում է երիտասարդ, կյանքով, ավյունով ու հերոսական ընթացքը շարունակելու մղումով լցված հայ սպան…

Արմենը մերօրյա հերոսն է, իսկական հայի, զինվորականի եւ սպայի օրինակ:

Մինչ հուշաղբյուրին ծաղիկներ կխոնարհեին` հոգեւոր հովիվը Տերունական աղոթք հնչեցնելուց հետո օծեց հուշաղբյուրը: Արմենի ծնողները, ընտանիքի անդամները, հարազատներն ու բարեկամներն արցունքով լի աչքերով փորձում են սփոփանք գտնել, բայց իրականում մի ամբողջ կյանքն էլ բավարար չէ սփոփանք գտնելու համար:

«Այսօր տխրելու համար չենք հավաքվել, այլ` հպարտանալու եւ Արմենի մասին հիշողությունները վառ պահելու համար: Ի վերջո, մեր հիշողություններով պիտի ապրեցնենք Արմենին», -ասում է եղբայրը:

ԼԻԱՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031