Որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո դրժել է նախկինում տված գրեթե բոլոր խոստումները, դրանում արդեն բոլորն են համոզվել:
Ամենավառ օրինակներից մեկը Փաշինյանի եւ նրա թիմի կողմից հանրության շրջանում թեւավոր դարձած «Սաշիկի արագաչափերից» հրաժարվելու խոստումն էր։
Վարչապետ դառնալուն պես Փաշինյանն արագաչափերը ոչ միայն պահելու որոշում կայացրեց, այլեւ տարեցտարի դրանց թիվն ավելացրին՝ սերժսարգսյանական հիմնավորմամբ, թե դրանք նպաստում են ավտոճանապարհային պատահարների թվի եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների դեմ պայքարին։ Մինչդեռ վիճակագրությունը հակառակն է փաստում․ ներքին գործերի նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան ներկայացրել է 2018 եւ 2023 թվականների ճանապարհային տրանսպորտային պատահարների ցուցանիշները: Այսպես. 2018 թվականին հաշվառվել է 4 հազար 111 ՃՏՊ, որի հետեւանքով զոհվել է 343, մարմնական վնասվածքներ ստացել 5 հազար 950 մարդ, իսկ 2023 թվականին 4 հազար 613 ՃՏՊ է եղել, որի հետեւանքով զոհվել է 378, մարմնական վնասվածքներ ստացել 6 հազար 537 մարդ, 4 հազար 613-ից 314-ը եղել է մահվան ելքով։
Նույնիսկ եթե հավատանք ստի մեջ վարպետացած պետական կառույցների ներկայացրած վիճակագրությանը, ապա ե՛ւ պատահարների քանակն է աճել, ե՛ւ հատկապես` տուգանքների, չնայած Փաշինյանն ասում էր․ «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»:
Կարդացեք նաև
Մենք մի շատ ուշագրավ ելույթ հայտնաբերեցինք համացանցում. 2015-ի դեկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում խորհրդարանի ամբիոնից եւ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ական վարչակարգին դաժան քննադատության ենթարկում, որ արագաչափերի տեղադրումից 3 տարի անց վիճակագրությունը ցույց է տալիս, որ ե՛ւ պատահարների թիվն է ավելացել, ե՛ւ տուժածների, զոհերի, ու իր ելույթում հռետորական հարց էր հնչեցնում, ինքն էլ պատասխանում. «Այսինքն՝ այս ամեն ինչն ի՞նչ է նշանակում։ Սա ընդամենը նոր հարկատեսակ է, որ դրված է Հայաստանի քաղաքացիների ուսերին։ Ուղղակի հարկատեսակ է, որովհետեւ ոչ մի խնդիր չի լուծում, լուծում է ֆիսկալ խնդիր»:
2015 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Մարդն ուզում է հասկանալ՝ այդ գումարն ինչի՞ համար է վճարում»:
Վերը նշված ելույթը նա ավարտում է այսպես. «Եվ հիմա ես ուզում եմ ասել, լիազորված եմ ասել, որ մենք վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկել ենք այս հարցը եւ եկել ենք միանշանակ եզրակացության։ Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, եւ այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրային, այդ թվում՝ նախընտրական ծրագրերի հիմքում»:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: