Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի գործով այդ «առեղծվածային» վարորդը «նադյոժնի տղա» էր բնութագրվել Կարենի, Էդիկի, Դերոյի կողմից

Օգոստոս 30,2024 10:30

Օգոստոսի 26-ին քրեակատարողական հիմնարկում մահացավ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը: Նրա մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննչական կոմիտեի նախագահի քարտուղար Գոռ Աբրահամյանի խոսքով, դատապարտյալի մահվան վերաբերյալ ստացվել է հաղորդում, նախնական տվյալներով, որպես հանկարծամահություն, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ, դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Աշոտ Կնյազյանի մահվան լուրը ԱԺ նախկին փոխնախագահ, ահաբեկչության զոհ Յուրի Բախշյանի կնոջը՝ Անահիտ Բախշյանին առեղծված չի թվում: «Գրեցին, որ շտապօգնություն են կանչել, սրտի կաթված են արձանագրել: Չգիտեմ՝ մահը առեղծված է, թե չէ, բայց էն որ մեռներ-չմեռներ, մի հաշիվ է, որովհետեւ ոչ մեկն այսօր չի քննում այդ գործը, չի հետաքրքրվում, թե այդ զենքերը ոնց հայտնվեցին Ազգային ժողովում Աշոտ Կնյազյան վարորդի մեքենայով: Աշոտ Կնյազյանն այն մեքենայի վարորդն է, որով զենքերը հասցվել են Ազգային ժողովի դուռը, բայց դրանից հետո ոնց են այդ զենքերը հասել Ազգային ժողով, այդպես էլ դատավարության ժամանակ չուզեցին պարզել»,- Aravot.am-ին ասել էր Անահիտ Բախշյանը:

«Հոկտեմբերի 27-ի» գործով դատական նիստերը լուսաբանած լրագրողիս արխիվում կան բազմաթիվ սղագրություններ:

Ներկայացնեմ Աշոտ Կնյազյանի վերաբերյալ որոշ մանրամասներ: Ո՞վ էր նա, ինչո՞ւ նա խմբի անդամների հետ նույնպես դատապարտվեց ցմահ ազատազրկման, երբ դատարանում մասնակիորեն ընդունեց իր մեղքը, երբ անտեղյակների կարծիքով, նա ընդամենը մի դեր է ունեցել, իր՝ «ՌԱՖ» մակնիշի 67 UU 763 պետհամարանիշի մեքենայով փակել Բաղրամյան փողոցը, խուճապ առաջացնել, հավաքել մարդկանց, երբ ԱԺ-ից ռադիոընդունիչով կլսվեն ազդակները…

2002թ. ապրիլի դատական նիստերից մեկի ժամանակ Կ. Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանն ասաց՝ քրգործով պարզվել է, որ Նաիրի Հունանյանը չափազանց մեծ ազդեցություն ունի Աշոտ Կնյազյանի վրա, այնքան մեծ, որ նա իր որդու անունը դրել է Նաիրի։

Ըստ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության, Ա. Կնյազյանի մոտ առկա էր «ինտելեկտի միջին մակարդակ, ինքնահաստատման սխալ ձեւ, համառություն, օրենքները խախտելու պատրաստակամություն»: Հիշեցնեմ, որ այդ փորձաքննություններին խմբի անդամները ենթարկվել են 12.11.99 եւ 29.01.2000 թվականներին:

Ութամյա կրթությամբ, որեւէ տեղ չաշխատող Ա. Կնյազյանը նախաքննության ժամանակ թաքցրել էր, որ դատապարտվել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկի շրջանի դատարանի կողմից 1998 թվականի հունիսի 22-ին, այն բանի համար, որ Վեսյոլի գյուղում սովխոզի ֆերմայից   գաղտնի գողացել էր «Հերեֆորդ» ցեղի երկու կով, մեկ այլ անձի հետ, մորթել էին ու վաճառել, մեծ վնաս հասցնելով սովխոզին….դատավճիռը պայմանականորեն չէր կիրառվել: Դատարանում նա ասաց, թե նման բան չկա, սակայն պաշտպանը հակափաստարկ չբերեց:

Դատարանում նրա պաշտպանությունն իրականացնում էր Հանրային պաշտպան Մարուսյա Չիլինգարյանը (մահացել է): Պաշտպանին մի օր, երբ հարցրեցի, թե ինչու Կնյազյանի կինը, հարազատները չեն գալիս դատական նիստերին, պատասխանեց, որ Աշոտի կինը, եղբայրը, մայրն անցնում են որպես վկա: Երբ պաշտպանական կողմից բողոքներ ներկայացվեցին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ (դատավոր՝ Ս. Ուզունյան), Կնյազյանի մայրը լրատվամիջոցներին ասաց. «Զակազ է, պատի հետեւում գտնվողին ցմահ են տալիս»:

Աշոտը հայտնել էր, որ Էդիկ Գրիգորյանին ճանաչել է 30 տարի, 1981թ.-ից ճանաչել է Նաիրի Հունանյանին, եղբորը՝ Կարենին, նրանց քեռուն՝ Վռամ Գալստյանին, որին մի քանի անգամ հանդիպել է Նաիրիենց տանը:

Նա 1994 թվականից հարեւանն էր Դերենիկ Բեջանյանի, ում հետ մտերիմներ են եղել:

Այնքան մտերիմ էին, որ երբ 1999թ. հուլիսին իրենց տուն են գալիս Նաիրին ու Էդիկը, ասելով՝ յոթ հատ ավտոմատ է հարկավոր, ինքը դիմում է Դերենիկին….

Առերես հարցաքննության ժամանակ Դերենիկ Բեջանյանն ասել էր. «Հոկտեմբերի 26-ին ինձ Նաիրիենց տուն տարել է Աշոտը, ասելով, որ Նաիրին ուզում է տեսնել: Էդիկն ու Կարենը ինձ առաջարկեցին վաղը իրենց հետ գնալ ԱԺ՝ «պեռեվառոտ» անելու, ես համաձայնվեցի…»: Մինչդեռ, 2002 թվականի մարտի նիստում Դերենիկը հայտնել էր, թե ծանոթացել է տղաներին հոկտեմբերին («Ինչ որ երեկ խոսացել ենք, կարող է լինի», «Առավոտ», 2002թ, մարտի 5):

Հետագայում Կնյազյանը պիտի հայտներ, որ ինքնաձիգները Էդիկի մեքենայով «Ղռեր» թաղամասի մանկապարտեզի թաքստոցից Նաիրիի տուն են «առաքել» («Աշոտ Կնյազյանն էլ ընթերցեց իր ցուցմունքները», «Առավոտ», 11.04, 2002թ.): Մինչդեռ նախաքննության ժամանակ նա հայտնել էր, թե Դերենիկը իր տնից է տվել զենքերը: «Թյուրիմացաբար եմ նշել, թե զենքերը Դերենիկը տվել է իր տնից: Ես մանկապարտեզի հանգամանքը թաքցնելու նպատակ չեմ հետապնդել, դրան ուղղակի նշանակություն չեմ տվել, եւ մեխանիկորեն եմ նշել, որ Դերենիկը զենքերը տվել է տնից»:

Զենքի դիմաց տրվել էր 3 լիտր օծանելիք, նախնական 200 դոլար գումար, որը Կնյազյանը տվել էր Բեջանյանին:

Աշոտ Կնյազյանը ընդունել էր նաեւ այն, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին իր ընտանիքի օգտագործման «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է զենքերի մի մասը։ Հետեւաբար, նա իրեն մեղավոր ճանաչեց ՀՀ քրօրի 232 հոդվածի հատկանիշներով, սակայն իրեն առաջադրված մեղադրանքների կապակցությամբ (ՀՀ քրօրի 59, 61, 15-61, 96 եւ 130 հոդվածներով) իրեն մեղավոր չճանաչեց։ Ամբաստանյալը, ներկայացնելով 1999թ. հոկտեմբերի 27-ը, բացարձակապես անտեղյակ համարեց իր ներգրավվելը խմբում («Աշոտ Կնյազյանն էլ ընթերցեց իր ցուցմունքները», «Առավոտ»,11.04. 2002թ.):

Հիշեցնեմ, որ Համլետ Ստեփանյանն իր ցուցմունքում նկարագրել էր ԱԺ-ի մոտ իրենց հայտնվելը. «Երբ Աշոտ Կնյազյանը իջել էր մեքենայից եւ ուղղվել դեպի դարպասները, ինքը բացել էր Էդիկ Գրիգորյանի կողմից Բեջանովին փոխանցված պարկի բերանը ու տեսել էր ինքնաձիգ եւ հրացան՝ պատյանի մեջ։ Տեսնելով, որ մարդիկ են հայտնվում պարիսպների մոտ, ամբաստանյալը իջել էր մեքենայից ու երբ հասել էր դարպասներին, լսել էր, թե ինչ էր կատարվել ներսում։ «Լսեցի՝ Վազգեն Սարգսյանին խփեցին, Դեմիրճյանը վիրավոր էր։ Այդ ժամանակ Աշոտին ասացի՝ թողնենք գնանք», եւ շարժվել են դեպի մեքենան» («7-րդ ամբաստանյալն էլ ավարտեց իր ցուցմունքը», «Առավոտ», 30.04. 2002): Ապա նկարագրել, թե ինչպես նստելով իրենց «ՌԱՖ» մեքենան, նրանք անգամ ուղեւորներ են հավաքել (գրդոնի են դուրս եկել) եւ գնացել Բանգլադեշ…

2003թ. օգոստոսի 18-ի նիստում Կնյազյանի տարեց պաշտպանը՝ Մարուսյա Չիլինգարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որը դատական նիստի մասնակիցներիս համար անսովոր էր. փոխարեն ամբաստանյալը հրաժարվի իր պաշտպանից, նրա պաշտպանը հրաժարվեց, ասելով, որ հակասություններ են ծագել իր եւ Կնյազյանի միջեւ, Աշոտն ասել է, թե համաներմամբ պիտի ինքը ազատվի, քանի որ զենք է տարել ԱԺ, դրա դիմաց վարձատրվել է: Երեք լիտր օծանելիքից նրան տրվել է մեկ լիտրը: Իսկ փաստաբանը բացառել էր համաներման հնարավորությունը:

Չնայած դրան, վերաքննիչ դատարանում Մ. Չիլինգարյանը ստանձնեց ոչ միայն Կնյազյանի պաշտպանությունը, այլ Համլետ Ստեփանյանի: Վերաքննիչ բողոքում Չիլինգարյանն ասաց. «Առաջին ատյանի դատարանը սեփական նախաձեռնությամբ է Կնյազյանին դարձրել խմբի անդամ»…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031