Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսով եմ, որ Մայր Աթոռից անպայման կուղարկվեն այդ հրավերները և վարչապետը չի զլանա իր ներկայությամբ ապահովել աշխարհին ուղղած ուղերձը»

Օգոստոս 30,2024 09:00

Հայ առաքելական եկեղեցին այս օրերին ծանրաբեռնված է սեպտեմբերի 28-29-ին տեղի ունենալիք Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների անցկացման կազմակերպչական աշխատանքներով, սպասվում են ավելի քան երկու հազար հյուրեր Հայաստանից ու սփյուռքից։

Իհարկե, 2001 թվականին Հայաստանում քրիստոնության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները շատ ավելի ընդգրկուն էին և Մայր Աթոռի համար դժվար չեղավ պատշաճ և բարձր մակարդակով այն անցկացնել, սակայն պետք է հաշվի առնել նաև, որ այն ժամանակ պետության աջակցությունն էլ շատ կարևոր դեր կատարեց բոլոր տեսակի կազմակերպչական հարցերում։

Հիմա էլ, կարծում եմ, անհրաժեշտության դեպքում, պետությունը չի զլանա ներգրավվել կազմակերպչական աշխատանքների մեջ, եթե դրա անհրաժեշտությունը ունենա եկեղեցին և դիմի իշխանություններին, քանի որ, ինչպես առիթ ունեցել եմ նշելու, սպասվող արարողությունները զուտ Եկեղեցական չեն։ Սրբալույս Մյուռոնի օրհնության ու Մայր Տաճարի վերաօծման արարողությունները ազգային-եկեղեցական նշանակություն ունեն, պետք է աշխարհին ուղերձ հղել, որ Հայաստանում Եկեղեցի-Պետություն հարաբերությունները վերականգնվելու ճանապարհին են և հարկ եղած դեպքում միասնական ուժերով մեր առջև դրված խնդիրները կլուծվեն ի շահ հայոց պետականության, ի շահ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու և ի շահ ու  բարօրություն հայ ժողովրդի։

Գենադի Մնացականյան

2024 թվականի օգոստոսի 28-ին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ վարչապետի աշխատակազմը Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել, ինչին ի պատասխան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը պարզաբանում էր տարածել առ այն, որ «հրավերների առաքման գործընթացը կավարտվի այս շաբաթվա վերջում»։ Թեև ավելորդ չէր լինի, եթե Տեր Եսային ուղիղ տեքստով նշեր, որ վարչապետին նույնպես հրավեր կուղարկվի, քանի որ իր պարզաբանումը հենց այդ հարցի պատճառով անհրաժեշտ եղավ։

Նկատենք, որ Մայր Աթոռը համազգային նշանակություն ունեցող եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անցյալում միշտ հրավերներ ուղարկել է երկրի ղեկավարներին ու բոլոր պաշտոնյաներին։ Այս անգամ նույնպես, բնականաբար, բացառություն չի լինի։ Հետևաբար, եթե մինչ օրս հրավեր չի ուղարկվել վարչապետին ու կառավարության մյուս ներկայացուցիչներին, դեռ դա չի նշանակում, որ չի էլ ուղարկվի։ Հուսով եմ, որ այդուհանդերձ Մայր Աթոռից անպայման կուղարկվեն այդ հրավերները և վարչապետը չի զլանա իր ներկայությամբ ապահովել աշխարհին ուղղած այն ուղերձը, որի մասին վերը խոսեցի։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031