Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկերոջս հետ հարբած խոսում եմ, ու չեմ էլ հիշում՝ ինչից ենք խոսել։ Դա բերում, կապում եք էս գործի հետ, որը ընդհանրապես կապ չունի»․ Կարեն Ակոպյանը՝ Արմեն Աշոտյանի գործով իր հարցաքննության ժամանակ

Օգոստոս 30,2024 11:47

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին դահլիճում Արմեն Աշոտյանին երեկ դիմավորեցին ծափերով։ Դատական նիստը սկսվեց շուրջ մեկ ժամ ուշացումով։ Շարունակվեց գործով առանցքային վկա Կարեն Ակոպյանի հարցաքննությունը։ Նա եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտորի խորհրդական, աշխատակազմի ղեկավար, ռեկտորի օգնական։

Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը Կարեն Ակոպյանին հարցրեց՝ եղե՞լ է, որ փորձեք ռեկտորի մոտ բարձրացնել ԵՊԲՀ աշխատակիցների հանգստի հարցերը։ Վկան պատասխանեց՝ մինչև աշխատակազմի ղեկավար լինելն էլ եմ քննարկել։ Համաձայնություն է եղել, որ ուշ թե շուտ մեր աշխատակիցների՝ այդ հարցը պետք է լուծվի»։ Կարեն Ակոպյանն ասաց. «Ես խոսել եմ մեր պանսիոնատի վերանորոգման մասին, բայց ոչ թե շենքի գնելու մասին։ «Նավասարի» ոչ տեղն եմ իմացել, ոչ էլ առաջարկել եմ»։

Վահե Դոլմազյանի հարցերին ի պատասխան՝ Կարեն Ակոպյանը վստահեցրեց, որ բուհի կողմից ոչ պրոֆմիության նախագահի ընտրության, ոչ էլ ֆինանսների ուղղորդման հարցում միջամտություն չի եղել․ «Պանսիոնատի գնման հետ կապված Արհմիության նախագահության կողմից կար համաձայնություն»։ Դատախազն ի պատասխան ասաց՝ այդ հարցը պետք է բխեր արհեստակցական կազմակերպությունից, այլ ոչ թե գործատուն պիտի որոշեր։ Կարեն Ակոպյանն ասաց՝ անընդհատ աշխատակիցներն ասում էին՝ էս հարցը պետք է լուծենք, մենք հանգստանալու տեղ չունենք։ Բոլորը այդ մասին գիտեն։

Մեղադրող դատախազի հարցերի տարափին ի պատասխան Կարեն Ակոպյանն ասաց՝ միակ բանը, որ մտածում եմ, որ արժեր անել, և այս խնդիրները չէին առաջանա, պետք էր մրցույթով անել։

Վահե Դոլմազյանը հայտարարեց՝ գործում տվյալներ կան այն մասին, որ Ձեզ ի սկզբանե պարզ են եղել այդ գործարքի հեռահար նպատակները, ավելին, Դուք ունեցել եք նյութական օգուտ ստանալու ակնկալիքներ, Կարեն Ակոպյանը պատասխանեց․ «Ես իմ նախաքննական հարցաքննության մեջ էլ եմ պատասխանել, դա հենց այն տողերից մեկն է, համոզող տողեր են եղել, որ Մարթա, ի՞նչ ունենք մտածելու, որ եթե նույնիսկ ապագայում խնդիր լինի, վաուչերների սկզբունքով կարելի է դա հանել, մասնակիցները մասնակցեն, գնեն, կարող է նաև ես կամ դու գնենք, մի բանի տեր էլ մենք դառնանք։ Այդ բառն էլ ասել եմ, հիմա, եթե այդտեղ այդ ամենը դիտարկվում է այդպես, ուրիշ մեկնաբանություն չունեմ։ Դա ես եմ ասել»։

Դատախազը հարցրեց՝ մեղավորություն զգացե՞լ եք, որ Մարթա Սիմոնյանը ներգրավվել է այդ գործընթացում, գույքեր է ձեռքբերել։ Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ այո․ «Ես եմ այդ մարդուն ասել, որ կոնկրետ այդ գույքը ձեռք բերի»։ Դատախազը հարցրեց նաև՝ եղե՞լ է խոսակցություն, որ այդ գործարքն ինչ-որ մեկի համար է արվել, Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ ոչ երբեք։

Դատախազն ասաց՝ գործում առկա տվյալների համաձայն՝ Ձեր ընկերների հետ խոսակցություն եք ունեցել, բառացի Ձեր խոսակցությունն եմ բարձրաձայնում, որից հետո հարց կհնչեցնեմ․ «Այ, հիմա քո ասածը բերեց ինձ էն մտքին, որ էս աղջիկը վեցա, ինչա, 4-5 տարիա էդ պատմությունը կա, 3-4 ամիս է այս հարցը թեժացել է, էսքան բան։ Ես միշտ ասել եմ՝ Մարթայի մոտ մեղավոր եմ զգում, որ ես էս ամեն ինչի տեղը ցույց տվեցի։ Ինքն էլ ասում էր՝ Կար, դու ինչո՞վ ես մեղավոր, մենք երկուսս դա արել ենք մի հոգու համար։ Իմացել ենք, որ մենք իր համար ենք արել, մեր ընկերն է եղել, ինքն է մեր համար․․․դու ինչով ես մեղավոր»։

Դատախազն ասաց՝ քիչ առաջ հարցին՝ որևէ մեկի համա՞ր եք արել, թե՝ ոչ, Դուք պատասխանեցիք՝ ոչ։ Ըստ այս տվյալների՝ լսեցինք, թե ինչի մասին եք խոսում։

Դիմելով դատախազին Կարեն Ակոպյանն ասաց՝․ «Ինչ որ տեղ լսեցի՞ք, թե ինչ գործարքի մասին է խոսքը, ի՞նչն ենք արել ում համար»։ Դատախազն ասաց՝ Դուք ի՞նձ եք հարց տալիս։ Կարեն Ակոպյանն ասաց․ «Հռետորական հարց եմ տալիս, որովհետև Ձեր հարցի ձևակերպման մեջ դուրս է գալիս, որ ես ու Մարթան մի հոգու համար ենք արել։ Ի՞նչն ենք արել մեկ հոգու համար։ Ընկերոջս հետ հարբած խոսում եմ, ու չեմ էլ հիշում՝ ինչից ենք խոսել։ Դա բերում, կապում եք էս գործի հետ, որը ընդհանրապես կապ չունի։ Ուրիշ հարցեր էլ կան, որ ես կարող եմ մեղավոր զգալ»։

Վահե Դոլմազյանն ասաց՝ սա ուղիղ վերաբերում է հենց Մարթա Սիմոնյանի կողմից, իր իսկ արհեստակցական կազմակերպության կողմից ձեռք բերված գույքերի գործարքին, որում Ձեր ցուցմունքով նշեցիք, որ Ձեզ մեղավոր եք համարում։

Պաշտպանները առարկություն ներկայացրին։ Նրանք նշեցին՝ վկան ասաց, որ հրապարակված տեղեկությունը կապ չունի սույն վարույթի հետ, և դատախազը դրանից հետո իր սեփական ենթադրությունն է անում, թե հարյուր տոկոս վերաբերում է էս գույքերին․ «Եթե դատախազը հարյուր տոկոս գիտի, վկային ինչի՞ համար ենք հարցաքննում»։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց՝ ուղղակի ուզում եմ հստակեցնել, որ հարցի փոխարեն տրվեց հաստատում․ «Ցուցմունքի բովանդակություն ունեցող տեքստ արտասանվեց, մեր պատկերացմամբ՝ սա հարցաքննության ռեժիմից դուրս է»։

Դատախազը նորից նշեց՝ հրապարակվեց խոսակցություն, որը գաղտնի քննչական գործողության արդյունքում է ձայնագրվել, այդ խոսակցության հետ կապված ի՞նչ կասեք։ Կարեն Ակոպյանը պատասխանեց․ «Ես էդ ժամանակահատվածում ծանր հոգեբանական վիճակի մեջ եմ եղել, շատ անգամներ ինքս ինձ արդարացնելու համար Մարթայի ամուսնու, իմ կնոջ մոտ օգտագործել եմ անուններ, ֆրազներ, որոնք լսել եմ քննչական գործունեության ընթացքում։ Հիմա հասկանում եմ, որ հոգեբանորեն ինձ պաշտպանելու համար դժվար էր առերեսվել այն իրականության հետ, որ քո պատճառով է այդ մարդը այնտեղ, ու շատ հարցերում եմ ես ինձ մեղադրել, որ Մարթային ես խորհուրդ եմ տվել, ինչը արել է, որ խորհուրդ եմ տվել՝ պրոֆկոմի նախագահ է դարձել։ Անձնական թեմաներ կան, չեմ ուզում մանրամասնել։ Ընկերներիս հետ խմած վիճակում խոսել ենք, տեղյակ եմ այս ձայնագրությունից, ես ինձ արդարացնելու համար այդ ժամանակահատվածում փորձել եմ ինչ-որ ցրողական մտքեր խոսել, անընդհատ ինձ նույն հարց էին տալիս ինձ ճանաչող մարդիկ, այդ կոնկրետ դեպքը ինչի մասին խոսվում է, ընդհանրապես այս գործի հետ կապ չունի։ Սա իմ ու Մարթայի անձնական հարաբերությունների մասին է խոսվել, ես Մարթային շատ բանի տեղ եմ ցույց տվել, որ հետո փոշմանել եմ, որովհետև վնասել եմ իրեն։ Ես չեմ պատրաստվում դատարանում դրա մասին խոսել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031