«Վաղը Բակո Սահակյանի ծննդյան օրն է, որպես հայ ներողություն եմ խնդրում իրենից, որ մինչև հիմա նստած է»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ կարճ զրույցում հայտարարեց Արմեն Աշոտյանը։
Նա ասաց` քաղբանտարկյալները իշխանության վրա խարան են, իսկ Բաքվի բանտերում նստած մերոնք խարան են ՀՀ պետության վրա․ «Ես ամաչում եմ, որ մեր պետությունն այսօր չի պայքարում ռազմագերիների և Արցախի ղեկավարության վերադարձի համար»։ Այս խոսքերից հետո ոստիկանը Արմեն Աշոտյանին հրելով դուրս բերեց դատական նիստերի դահլիճից։ Լրագրողները հարցրին՝ պարոն Աշոտյան, ինչո՞ւ են Ձեզ հրում։ Արմեն Աշոտյանն արդեն դատական նիստերի դահլիճից դուրս գտնվելով գոչելով պատասխանեց՝ պարապում են։
Մինչ այս մոտ մեկուկես րոպեի ընթացքում Արմեն Աշոտյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Հարցին՝ որո՞նք են Ձեր դիտարկումները ընդդիմության հետագա ծրագրերի վերաբերյալ, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Որքանով որ հասցնում եմ հետևել քաղաքական դաշտին, ցավոք սրտի ընդդիմության ներսում որոշ շրջանակներ եմ տեսնում, որ կարծես թե ծանր հիվանդ Հայաստանի մոտ ավելի շատ սգո պահակ են ուզում լինել, քան ռեաբիլիտացիոն բժշկական բրիգադ։ Մեզ պետք է ընդդիմության ներսում ռեանիմացիոն բրիգադ, ոչ թե սգո պահակներ»։
Հարցին՝ ինչի՞ հետ է կապված իշխանության քարոզչական արշավը, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց․ «Ակնհայտ է, որ մանիպուլյացիոն փրփուր է, իսկ մարդկության պատմության մեջ հայտնի է, որ փրփուրից մի անգամ է լավ բան ծնվել՝ Վեներան։ Դրանից հետո միայն դատարկ շշեր ու ցելոֆանի տոպրակներ են փրփուրի հետ գալիս, ինչի մեջ այսօր թաղված է Հայաստանը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ