Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ասացին՝ դին տարեք, գոնե լաց լինելու տեղ կունենաք, ես ասացի՝ ինձ իրականությունն է պետք, ոչ թե լաց լինելը»․ անհետ կորածների հարազատները չեն կորցնում հույսը

Օգոստոս 29,2024 21:21

Անհետ կորած համարվող Յուրեն Անանյանի մայրը՝ Ամալյա Աբաջյանը 2020 թվականի պատերազմի օրերից մինչ այսօր սպասում է իր որդուն։ Յուրենն անհետ կորած է համարվում։ «Որդիս, դու պետք է վերադառնաս, շարունակես ուսումդ, քո ներկայությամբ երջանկացնես մեզ»,- որդուն այս նամակն է գրել մայրը։

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակչուհի Ամալյա Աբաջյանն ասում է, որ որդին Ռուսաստանի քաղաքացի էր, բայց մի կողմ էր դրել ՌԴ անձնագիրն ու եկել Հայաստան՝ ծառայելու բանակում։ «Որդիս հայրենասեր է, մաթեմատիկ, ընդունվել էր ԵՊՀ, մեդալակիր էր, նաեւ սպորստմեն»,- որդուն այսպես է նկարագրում մայրը։ Յուրենը մեկ տարի երկու ամսվա ծառայող էր, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Նա ծառայել է Թալիշ-Մատաղիսի հատվածում։ Մայրն ասում է՝ պատերազմից հետո որդուն չեն գտել զոհվածների ցուցակում, իսկ հետագա որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։ «Այն, որ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, դա արդեն հույս է տալիս մեզ»,- նշում է մայրը։

Վերջին անգամ Ամալյա Աբաջյանը որդու հետ հեռախոսով խոսել է 2020-ի հոկտեմբերի 26-ին․ «Ինքը պոստերում էր, 25-ին իջել էր ու 26 զանգել էր ինձ։ Եթե ես մի քիչ ավելի հմուտ գտնվեի, գուցե կարողանայի ընկալել, որ դա մի քիչ հրաժեշտի զրույց էր, քանի որ ինքն ինձ շնորհակալություն էր հայտնում։ Ասում էր՝ ամեն ինչ կանես, որ քույրս լավ լինի։ Ես հարցրեցի՝ ինչո՞ւ ես այսպիսի բաներ անում, ասաց՝ չգիտեմ, մամ ջան, ուղղակի ուզում եմ քեզ իմ շնորհակալությունը հայտնել ու ասել, որ քեզ անսահման շատ եմ սիրում։ Դրանից հետո տեղեկություն չստացանք իրենից»։

Ամալյա Աբաջյանն ասում է, որ այս տարիներին դիմել են ՊՆ, բոլոր հնարավոր կառույցներին՝ որդուց մի լուր ստանալու ակնկալիքով, բայց որեւէ տեղեկություն հնարավոր չի եղել ստանալ։ «Ոմանք ասում են՝ պիտի համբերեք, ոմանք ասում են՝ պետք է սպասեք։ Բայց դե հե՞շտ է հարմարվելն ու սպասելը։ Ոչ մի տեղեկություն չունենք, տեսանյութեր են լինում, մեր որդու հետ նմանեցնում ենք, տանում ենք, ասում են՝ ինքը չի։ Եթե ինքն էլ լինի, ի վերջո պետք է Ադրբեջանը հաստատի, բայց Ադրբեջանը չի հաստատում, ո՞նց կարող ենք ապացուցել, որ ինքն է»,- ասում է մայրը։

Օգոստոսի 30-ին աշխարհում նշվում է Անհետ կորածների միջազգային օրը։ Օգոստոսի 29-ին՝ օրվան ընդառաջ, Վանաձորում անցկացվեց «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ» լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, նպատակն էր արտացոլել Ղարաբաղյան հակամարտության, մասնավորապես, 2020-2023 թվականների ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած անձանց ընտանիքների վերապրած խորը, զգացմունքային պահերը, իրենց անհետ կորած հարազատի ճակատագրի առումով ցավալի անորոշությունը։ Ցուցահանդեսին ներկայացված էր 14 լուսանկար, 14 ընտանիքի պատմություն։

ԿՄԽԿ-ին ընտանիքների կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ սկսած 1990-ական թվականներից պատերազմի հետեւանքով անհետ կորած է համարվում 1000 հայ։ ԿՄԽԿ հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասում է, որ նրանցից մոտ 300-ը անհետ կորած են համարվում 2020- 2023 թվականների ռազմական գործողությունների հետեւանքով։ Մի քանի տասնյակ ընտանիքներ չեն ընդունում ԴՆԹ պատասխանները, որոնք ստացել են համապատասխան հաստատություններից։ Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ ծնողները չեն ընդունում ԴՆԹ պատասխանները, Զառա Ամատունին պատասխանեց․ «Իրականում մենք չունենք հնարավորություն ինքնուրույն աշխատելու այդ դեպքերի հետ, որովհետեւ չունենք այդ տեխնիկական բազան։ Այստեղ հարցն ավելի շատ այն է, որ պետք է փորձել հասկանալ պատճառները՝ տվյալ պարագայում սերտորեն աշխատելով թե միջգերատեսչական հանձնաժողովի, թե ընտանիքների հետ։ Այսինքն՝ ամեն դեպքում իշխանությունները պետք է պատասխան տան այդ ընտանիքներին, իսկ մեր դերը ավելի շատ սատարողի դերն է»։

44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած Անդրանիկ Հովհաննիսյանի ծնողները չեն ընդունել իրենց որդու ԴՆԹ պատասխանը։ «ԴՆԹ-ի պատասխանը մեզ ասել են, բայց ես ասել եմ՝ պետք է 100 տոկոսով համոզվեմ, որ նոր վերցնեմ, թե չէ, պետք չէ։ Մայրը երբեք չի սխալվում։ Իմ տղայի չափսերը փոքր են, իսկ այդ դիակի չափսերը շատ մեծ էին, միայն դաջվածքն էր նման, դրա համար մենք չենք ընդունել։ Մեզ ասացին՝ դին տարեք, գոնե լաց լինելու տեղ կունենաք, ես ասացի՝ ինձ իրականությունն է պետք, ոչ թե լաց լինելը։ Մենք մեր որդուն սպասում ենք, թեկուզ ուշացումով, բայց ես հավատում եմ, որ նա վերադառնալու է տուն»,- ասում է Անդրանիկի մայրը՝ Մարինե Պողոսյանը։

Ծնունդով Լոռու մարզից Անդրանիկ Հովհաննիսյանը 2020 թվականի պատերազմին մասնակցել է կամավոր։ Նա կռվել է մահապարտների ջոկատում, պարգեւատրվել«Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանով։

«Ինքը սեպտեմբերի 29-ին գնացել է Ստեփանակերտ, այնտեղ կամավորագրվել է եւ սեպտեմբերի 30-ին գնացել Ջրականի զորամաս, այնտեղ իրենց հագուստ ու զենք են տվել։ Ինքը գնացել է առանց հեռախոսի, իր մասին տեղեկություններն ստացել եմ միայն ընկերներից։ Մենք իրեն փնտրում էինք, ես հիվանդանոցներում էի փնտրում, մեզ ասացին՝ մինչեւ հոկտեմբերի 27-ը ողջ է եղել, ձեր տղային փնտրեք առաջնագծում։ Վերջին անգամ իրեն առաջնագծում տեսել են հոկտեմբերի 27-ին, ասել են՝ Անդրանիկ արի գնանք, ասել է՝ ես չեմ եկել փախչելու, ես եկել եմ թուրքերի հերն անիծելու»,- ասաց մայրը։ Անդրանիկի հայրն էլ նշեց, որ պատկան մարմիններից ոչ մի տեղեկություն չեն կարողանում ստանալ, նախկինում մի քանի անգամ ինքը նաեւ Արցախ է գնացել՝ Արցախի իշխանություններից որդու մասին տեղեկություն ստանալու, բայց ապարդյուն։

«Ինքը միշտ պատրաստ էր հայրենիքի համար, ես գիտեի, որ ինքը գնալու է, եւ որպես մայր՝ հարգեցի իմ տղայի խոսքը։ Ես չէի կարող նրան դեմ գնալ, դա էր նրա էությունը»,- ասում է Մարինե Պողոսյանը։

Կան դեպքեր, որ անհետ կորածների ծնողները ենթադրում են,որ իրենց որդիները գերի են, բայց Ադրբեջանը չի հաստատում այդ տեղեկությունը։ Ծնողներն անգամ համացանցում տարածված տեսանյութերում իրենց որդիներին նույնականացնում են, բայց Ադրբեջանի պաշտոնական հաստատում չկա։ Զառա Ամատունին, այս դեպքերին անդրադառնալով, ասաց․ «Շատ կարեւոր եւ ցավալի հարց է սա հատկապես այն ընտանիքների համար, որոնք սպասում են պատասխանի՝ հաշվի առնելով տվյալներն ու որոշակի փաստերը, որոնք նրանք ունեն ձեռքի տակ։ Բոլոր ընտանիքներին ճանաչում ենք, կապի մեջ ենք նրանց հետ, սակայն հավաստի կերպով ասել որեւէ բան՝ կապված այդ անձանց հետ, ոչ ոք չի կարող, քանի դեռ չկան պաշտոնական հաստատումներ համապատասխան երկրի պատկան մարմիններին կողմից։ Իսկ մենք տեսակցում ենք այն անձանց, որոնք գտնվում են անազատության մեջ եւ որոնց անունները հստակ փոխանցվել են մեզ ու հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից»։

ԱԳՆ ներկայացուցիչն այսօրվա ցուցահանդեսի ժամանակ ասաց․ «Անգամ փաստագրված եւ տեսագրված ապացույցների պարագայում հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում։ Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ միջազգային կառույցներում եւ դատական ատյաններում անհետ կորածների խնդիրը ներկայացնելու համար։ Այդ թվում՝ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ բռնի անհետացումները որոշակի հանգամանքներում նաեւ միջազգային իրավունքով սահմանված մարդկության դեմ գործած հանցագործություններ են»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031