Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պատմական և մշակութային ժառանգության պաշտպանությունը համամարդկային պարտականություն է». Միջազգային գիտաժողովի մասնակիցներ

Օգոստոս 29,2024 20:10

Այսօր «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողովը։

Այն 2024 թվականին հիմնադրամի կազմակերպած թվով երկրորդ գիտաժողովն է, որն առանձնացավ իր արդիականությամբ և կարևորությամբ՝ վերհանելով պատմամշակութային ժառանգության հետ կապված հիմնախնդիրները։

Միջոցառման բացմանը մասնակիցներին և հյուրերին ողջունեցին հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը։

Անդրադառնալով գիտաժողովի խորագրին՝ Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ այսօր տարածաշրջանում իրականացվում է պատմական իրադարձությունների, փաստերի կեղծման, ձևախեղման կազմակերպված քաղաքականություն։ Ադրբեջանն, ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային տարիներին՝ մինչ այժմ, պետական մակարդակով առանձնահատուկ թիրախավորում է հայկական պատմամշակութային ժառանգությունը։

Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ գիտաժողովի նպատակներից մեկն է ակադեմիական հաստատությունների, բուհական կառույցների և մշակութապահպան միջազգային կազմակերպությունների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել տեղի ունեցող այդ երևույթների վրա։

«Ադրբեջանը պետք է հետևի իր իսկ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաներին, հռչակագրերին և դրանցից բխող պարտավորություններին․ այն է՝ պահպանել իր վերահսկողության տակ գտնվող մշակութային ժառանգության իսկությունն ու անխաթարությունն՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից»,- նշեց Ռոբերտ Ղազարյանը։

Քարտեզագետ-քարտեզագիր Ռուբեն Գալչյանն իր հերթին ընդգծեց, որ 2020 թվականից սկսած՝ ավերումները շարունակվում են նոր թափով, և Արցախի հուշարձանների ճակատագիրը չի կարող տարբեր լինել Նախիջևանի հուշարձաններից, եթե, իհարկե, արևմտյան երկրները լուրջ քայլեր չձեռնարկեն՝ Ադրբեջանի այս արարքները կանխելու և կասեցնելու ուղղությամբ։

Գիտաժողովին մասնակցում էին ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան գիտական կենտրոնների ու բուհերի ներկայացուցիչներ։ Զեկուցումներով հանդես եկան ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, քարտեզագետ-քարտեզագիր Ռուբեն Գալչյանը, պատմաբան Ալեքսան Հակոբյանը, Վրաստանի Կ. Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի հետազոտողներ Մանուչար Գունցաձեն և Թամազ Գոգոլաձեն, Գերմանիայի Լայբնիցի ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի բաժնի գիտաշխատող Միխայիլ Իլչենկոն, Լեհաստանի Պոզնանի Միցկևիչի անվան համալսարանի մարդաբանության բաժնի վարիչ Ադամ Պոմիչենսկին, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Դաղստանի Դաշնային հետազոտական կենտրոնի պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Շահբան Խապիզովը, գորգագետ Աշխունջ Պողոսյանը և այլք։

Գիտաժողովը ևս մեկ հնարավորություն էր արտասահմանյան գործընկերների ուշադրությունը հրավիրելու հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին՝ հիմնավորված ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական մշակութային վանդալիզմը։

Գիտաժողովի վերջում մասնակիցները կարևորեցին ձեռք բերված հետադարձ կապը՝ քննարկելով հետագա համագործակցության ուղիներն ու հնարավորությունները։

Գիտաժողովի ավարտին մասնակիցներն ընդունեցին հայտարարություն:

 

«Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» միջազգային գիտաժողովի շրջանակներում քննարկված հիմնախնդիրների շուրջ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի կազմակերպած «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» միջազգային գիտաժողովի մասնակիցներս, քննարկելով գիտաժողովի ընթացքում բարձրացված խնդիրները, հասկանալով մշակութային ժառանգության կարևորությունն՝ ազգային ինքնության, պատմական հիշողության ու մշակույթի իրավունքի իրացման տեսանկյունից, հայտարարում ենք հետևյալը.

Զինված հակամարտությունների ժամանակ պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը կարևորագույն խնդիրներից մեկն է։ Պատմամշակութային ժառանգությունը ոչ միայն անցյալի վկայությունն է, այլև՝ ժողովուրդների ինքնության, արժեքների և հավաքական հիշողության կարևոր բաղկացուցիչը։ Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգությունը ոչնչացման, կողոպուտի և վանդալիզմի թիրախ է դառնում։ Մշակութային ժառանգության թիրախավորումը հարված է էթնիկ և մշակութային ինքնությանը։

 

Արցախի հայկական ժառանգության դեմ ուղղված ներկայիս սպառնալիքները։
Հայկական մշակութային ժառանգությունն Արցախում վտանգված է։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Ադրբեջանը պետական մակարդակով միտումնավոր ոչնչացնում և աղավաղում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, որի փաստագրական ապացույցները՝ տեսանյութեր, նկարներ, հայտարարություններ, պարբերաբար հայտնվում են սոցիալական տարբեր հարթակներում, գիտավերլուծական տարբեր հրատարակություններում։ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն ու մշակութային վանդալիզմը՝ հայկական ժառանգության հանդեպ, չի սկսվել 2020 թվականի պատերազմի ընթացքում․ այն ունի շուրջ մեկդարյա պատմություն։ Սկսած խորհրդային տարիներից՝ Ադրբեջանն, օգտագործելով խորհրդային կենտրոնական իշխանությունների թողտվությունը, ոչնչացրել է հայկական բազմաթիվ եկեղեցիներ։ Հակահայ քաղաքականության ծայրահեղ դրսևորումը եղավ 2005-2006 թվականներին Ջուղայի հայկական գերեզմանոցի ամբողջական ոչնչացումն՝ իր հազարավոր ինքնատիպ խաչքարերով և տապանաքարերով։

Մենք՝ գիտաժողովի մասնակիցներս, ահազանգում ենք Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության սպառնալիքների և պաշտպանության անհրաժեշտության խնդիրների մասին։ Ադրբեջանը խախտում է միջազգային նորմերն ու կոնվենցիաները՝ ներառյալ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիան և այդ նույն Կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը (1999 թ․)։

 

Կոչ միջազգային կազմակերպություններին։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Միավորված ազգերի կազմակերպությանն ու մշակութապահպան այլ կառույցներին, չբավարարվել միայն դատապարտող կոչերով ու հորդորներով կամ անտարբեր վերաբերմունք ցուցաբերել, այլ, զսպող մեխանիզմների կիրառմամբ, կանխարգելել հայկական ժառանգության բռնայուրացման քաղաքականությունը։

 

Պահպանություն, փաստագրում և փաստաթղթավորում։

Մենք ընդգծում ենք նաև մշակութային ժառանգության փաստագրման, հաշվառման և փաստաթղթավորման կարևորությունը՝ որպես վտանգի տակ գտնվող ժառանգության պաշտպանության կենսական գործիք։

Գիտաժողովում ընդգծված հումանիտար գիտությունների թվայնացված նյութերի օգտագործումը կարևոր դեր է խաղում պատմական տվյալների պահպանման և դրանք ապագա սերունդներին մատչելի դարձնելու գործում։

Մենք կոչ ենք անում նաև ակադեմիական հաստատություններին, բուհական կառույցներին և մշակութապահպան կազմակերպություններին համագործակցել՝ ստեղծելու և տարածելու թվային արխիվներ, որոնք կարող են ծառայել որպես մշակութային հիշողության պահպանության միջոցներ։

 

Քաղաքական և իրավական շրջանակների պաշտպանություն։
Կոչ ենք անում ազգային և միջազգային մակարդակներում ուժեղացնել մշակութային ժառանգության պաշտպանության իրավական շրջանակները ևս ։ Սա ներառում է նաև իրավական գործիքների մշակման և ժառանգության պաշտպանության նոր մեխանիզմների կիրառում։

Ամփոփելով `  «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» միջազգային գիտաժողովի արդյունքները՝ գիտաժողովի մասնակիցներս ընդգծում ենք, որ պատմական և մշակութային ժառանգության պաշտպանությունը համամարդկային պարտականություն է։

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ հետևել իրենց իսկ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաներին, հռչակագրերին և դրանցից բխող պարտավորություններին․ այն է՝ պահպանել իրենց վերահսկողության տակ գտնվող մշակութային ժառանգության իսկությունն ու անխաթարությունն՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելիությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031