Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության հավանությամբ՝ ռուսաստանաբնակ գործարարի փողերով․ կփրկվի Գյումրու «Վառեմ-մարեմի» շենքը

Օգոստոս 29,2024 18:20

Այսօր կառավարությունը հաստատել է Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող «Մեր մանկության տանգոյի» կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ «Վառեմ-մարեմի» հայտնի շենքի վերականգման նախագիծը։ Այն ներկայացրել էր Պետական գույքի կառավարման կոմիտեն։

Օր-օրի փլուզվող պատմական շենքի վերականգման աշխատանքները տևելու են երկու տարի, նախատեսված է ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը։ Դրանից հետո շենքը փոխանցվելու է ԿԳՄՍ նախարարությանը՝ մշակութային կամ կրթական նպատակներով օգտագործման համար՝ առանց մասնավորեցման իրավունքի։

Շենքի վերանորոգումն իրականացնելու է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը՝ «Տաշիր» հիմնադրամի միջոցով։

ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, որը դեռ ապրիլ ամսին մեկ սեղանի շուրջ էր նստեցրել շենքի ճակատագրով հետաքրքրված կողմերին, քննարկում էր կազմակերպել՝ գյումրեցի Պետրոսյան եղբայրների, քանդակագործ Սամվել Պետրոսյանի, ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Սուրեն Կարայանի, ԿԳՄՍ հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանի մասնակցությամբ, այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ իր առաջարկով պատմական այդ կառույց կտեղափոխվի Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը։

Ըստ նրա, թանգարանի ներկայիս տարածքը փոքր է, իսկ «Վառեմ-մարեմի» շենքը ամենահարմարն է թանգարանի համար։

«Այսօր, իհարկե, ուրախալի օր է, բայց ինձ համար ամենաուրախալին կլինի այն պահը, երբ շենքը վերակառուցված կտեսնեմ։ Սա այն ճանապարհն է,  որով անցնում ենք՝ պատմական կառույցը փրկելու համար։ Պիտի ասեմ, որ այդ ճանապարհին խոչընդոտներ չկան, բոլորի նպատակն է պատմամշակութային արժեք ներկայացնող շենքը փրկել։ Բնականաբար միանգամից չէր ստացվելու, այն լուրջ ու երկարատև գործընթաց է․ կառույցը սովորական չէ․ պատմական հուշարձան է, «Կումայրի արգելոց թանգարանի» տարածքում է։ Պիտի չեղյալ համարվեր հին որոշումը, որ կարողանային ընդունել նորը։

Բացի այդ, բավական ժամանակատար էր կառավարության և «Տաշիր» հիմնադրամի միջև եղած բանակցությունները։ Հիմնադրամի հետ պայմանավորվածություն կա․ շենքը երբեք վարձակալությամբ չի տրվելու և չի մասնավորեցվելու։

Ասեմ, որ այս հարցում իր լուման ունի նաև Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը՝ ղեկավար Քնարիկ Հարությունյանի մասնակցությամբ, նրա հետ ակտիվ համագործակցության մեջ ենք եղել»,-ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերին համաձայնության էին եկել այս շենքը տրամադրել ծրագրավորման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկին՝ «Սինոփսիսին», որը նախատեսում էր վերակառուցումից հետո այն դարձնել պոլիտեխնիկական համալսարանի նոր մասնաճյուղերից մեկը, և բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված են իրականացնել «Սինոփսիս»-պոլիտեխնիկական համալսարան համագործակցության շրջանակում, իրագործել այս շենքում։

Սակայն այս ծրագիրը չիրագործվեց, այն այսօր կառավարությունը չեղյալ համարեց՝ ընդունելով նոր նախագիծը։ Նոր նախագիծը դեռ ապրիլ ամսից շրջանառության մեջ էր դրել ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեն։ Այն ուղարկվել էր գերատեսչություններին՝ նրանցից դիրքորոշում ստանալու նպատակով։

Նշենք, որ հուլիսի 28-ին շենքը փլուզվել էր․ շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է, իսկ շինության ներսում՝ երկրորդ հարկում, փլուզվել էր մեկ կիսաքանդ միջնապատ:

Շենքի փրկության հարցը մեկ անգամ ևս օրակարգ մտցնելու, հանրայնացնելու, ուշադրություն հրավիրելու նպատակով  էլ 10 օր շարունակ շենքի դիմաց հացադուլ էր հայտարարել բլոգեր Արթուր Ադամյանը՝ նաև ստորագրահավաք կազմակերպելով։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031