Լրահոս
Օրվա լրահոսը

«Թիրախում կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդիկ եւ ընտանիքներ են» կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ վերանայվում է ընտանիքի ապահովության գնահատման համակարգը

Օգոստոս 29,2024 17:00

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ամբողջությամբ վերանայվում է ընտանիքի ապահովության գնահատման համակարգը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում քննարկվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքն ու հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը տեղեկացրել է, որ նոր խմբագրված օրենքով առաջարկվում է սահմանել նոր ծառայությունների տեսակները, լիազորությունները, ինչպես նաեւ Կառավարության սահմանած չափորոշիչները: «Թիրախում կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդիկ եւ ընտանիքներ են: Մասնավորապես առաջարկվում է սահմանել սոցիալական ոլորտի նոր սոցիալական ծառայությունների տեսակներ. օրինակ՝ ընտանիքի կենսապահովման կայունացման օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցում, փոխհատուցում կամ վառելանյութի ձեռքբերման համար հատուցում, սոցիալական պատրոնաժ եւ այլն»,- նշել է փոխնախարարը: Օրենքի նախագծով լիազոր մարմնին վերապահվել է լիազորություն՝ սահմանելու կենսական ծառայությունների, մասնավորապես խնամքին, ճաշարանի կազմակերպմանը, սոցիալական բնակարանային ֆոնդում ժամանակավոր օթեւանում կացարանով ապահովելուն վերաբերող եւ սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները: Դրանց պահպանման նկատմամբ կիրականացվի պետական վերահսկողություն ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից:

Օրենքի նախագծով սահմանվել են նաեւ «հրատապ արձագանք պահանջող իրավիճակ» հասկացությունն ու դրա հետ կապված սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունները: Ամրագրվել են նաեւ սոցիալական օգնության տրամադրման նոր սուբյեկտերը: Փոխնախարարը նշել է, որ Միասնական սոցիալական ծառայությանն է վերապահվել ընտանիքի անապահովության գնահատման լիազորությունը, համալիր գնահատումն ու դեպքի վարումը:

Աննա Ժամակոչյանի խոսքով համայնքներն իրավասու են տրամադրել այն սոցիալական ծառայությունները, որոնք կմշակվեն համայնքային սոցիալական ծրագրերով, որն էլ կհաստատի լիազոր մարմինը:

«Արդյո՞ք կան հստակ կարգավորումներ, որոնք խթանելու են համայնքներում սոցիալական աշխատանքի կայացումը»,- հետաքրքրվել է հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը:

«Խնդրահարույց եւ դժվար վիճակում գտնվող ընտանիքների բացահայտումը, տեսանելի խնդիրների արձանագրումն ու փոխանցումը Միասնական սոցիալական ծառայությանը վերապահվում է համայնքներին եւ դա օգնելու է համայնքային սոցիալական ծրագրերի մշակմանը: Այս նախագծով նախարարությունն ունի նաեւ սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի մշակման հանձնառություն»,- պարզաբանել է Աննա Ժամակոչյանը:

Փոխնախարարը պատասխանել է նաեւ հանձնաժողովի անդամների այլ հարցերին:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է առաջարկություններ: Մասնավորապես առաջարկվել է սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի ղեկավարին սույն օրենքի շրջանակում տալ ձեւաթղթեր եւ ուղեցույցներ հաստատելու իրավունք: Մյուս երկու առաջարկությունները վերաբերել են սոցիալական սատարողի իրավունքներին ու պարտականություններին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն առաջարկվել է ընդգրկել ԱԺ ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 9-ին մեկնարկվող ԱԺ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

Հերիքնազ Տիգրանյանը նաեւ տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ՝ դրա առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մինչեւ երկրորդ ընթերցմամբ ընդունումը ժամանակահատվածում նախատեսվում է կազմակերպել հանրային քննարկում՝ ոլորտի ներկայացուցիչների եւ հետաքրքրված անձանց մասնակցությամբ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031