Լրահոս
Օրվա լրահոսը

Գերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով հանձնաժողովը անարդյունավետ է գործել. Լարիսա Ալավերդյան

Օգոստոս 29,2024 17:13

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտում գտնվելու խնդրին եւ դրանում Հայաստանի գործող իշխանության դերակատարությանը կամ մեղավորությանը։

«Ես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ աշխատել եմ տասնամյակներ շարունակ։ Նրանց հետ շփվել են միջազգային բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Հիշեցնեմ, որ Մինսկի խումբը ամենաբարձր մակարդակով միջազգային մի հարթակ էր։ Այդպիսինն աշխարհում չի եղել մինչ այդ եւ այսօր էլ այդպիսինը չունենք։ Այսինքն, նրանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետությունների ներկայացուցիչներն են եղել եւ նրանք շփվել են, մինչեւ անգամ բարեկամական հարաբերություններ են ունեցել Արցախի առնվազն երեք նախկին նախագահների հետ։ Եվ երբ այդ նույն Մինսկի խմբի անդամ պետությունների ներկայացուցիչները, ղեկավարները այսօր քար լռություն են պահպանում, դրանից պետք է սկսել։

Ես օրվա իշխանությունների հետ կապված՝ զայրանալու փոխարեն, ամեն անգամ կրկնելու եմ անդադար։ Այս խումբը եկել է օր առաջ Արցախը հանձնելու՝ միանգամից կամ մաս-մաս, ինչը արել է։ Եվ երկրորդ խնդիրը, որ իրականացնում է, Հայաստանը դարձնել Ադրբեջանի կցորդ, որն իր հերթին Թուրքիայի կցորդն է։ Եթե խոսենք այդ թիմի մասին, պետք է խոսենք միջազգային իրավունքի նորմերի ներքո, ՀՀ քրեական օրենսգրքի նորմերի ներքո։ Բայց ինձ վրդովվեցնում է հասարակության արձագանքը, որը տեսնում ենք կամ չենք տեսնում։

Ինչո՞ւ ենք այսօր մենք այս թեման բարձրացնում։ Հիշեցնեմ, որ վաղը օգոստոսի 30-ն է։ Այդ օրը տասնյակ տարիներ շարունակ նշվում է որպես միջազգային օր, երբ համայն աշխարհի ուշադրությունը սեւեռվում է այնպիսի խմբերի եւ նրանց ընտանիքների վրա, ինչպիսիք են բռնի անհետացածները եւ անհայտ կորածները։ Անհայտ կորածներ են համարվում բոլոր այն մարդիկ, տվյալ դեպքում, մեզ անհանգստացնող եւ մեր ցավը հանդիսացող այն մարդիկ, որոնց անգամ ռազմական գործողությունների ընթացքում վերջին պահին տեսնող է լինում, որից հետո անհասկանալի եւ ակնհայտ մնացած պարագաներով չեն ստացվում նրանց մասին տվյալներ ոչ միայն գտնվելու տեղի, այլեւ նրանց ճակատագրի մասին։

Այսօր ճիշտ տեղն է հիշեցնելու, եւ ես ունեմ հրաշալի հնարավորություն՝ վկայություններ բերելու հենց ՔՊ-ի պատգամավորներից մեկի՝ Վիլեն Գաբրիելյանի՝ անցած տարի դեկտեմբերի 4-ին Free News-ին տված հարցազրույցից, որտեղ ավելի լավ, քան Վիլեն Գաբրիելյանը, որեւէ մեկս չի կարող վկայել այն թշվառ վիճակի մասին, որում գտնվում է անհայտ կորածների որոնման հարցը։ Նա ասել է, որ 2020 թվականից հետո ունենալով անհայտ կորածներ, երկու տարի անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի որոշումով վերջապես ստեղծվել է զինվորական գերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով նոր կազմով հանձնաժողովը։

Երկու տարում։ Այնինչ այդպիսի հանձնաժողով գոյություն ուներ եւ պետք չէր նորը ստեղծել։ Պետք էր նրա աշխատանքը շատ ավելի ակտիվացնել հենց 2020 թվականի նոյեմբերի 10-ից։ Երկու երկար տարի է անցել, մինչեւ վերանայվել է այդ հանձնաժողովի կազմը։ Հենց Վիլեն Գաբրիելյանը վկայում է, որ որեւէ մի արդյունավետություն չի ցուցաբերել այդ հանձնաժողովը արդեն մի տարուց հետո։ Հստակեցնեմ, որ դա հերյուրանք չէ, որ վարողն ասում էր, թե քաղաքականացնում եք։ Մենք խոսում ենք միջազգային մարդասիրական իրավունքի կատարման կամ չկատարման մասին։

Ես այն անձը չեմ, որը մասնավորապես Արցախի հարցով իր քննադատությամբ ծանոթ չէ բոլոր նախագահների վերաբերյալ։ Բայց Հայաստանի նախագահները իրենց վերին աստիճանի կոռեկտ էին պահում եւ Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ աչքի էր ընկնում միջազգային մարդասիրական իրավունքի առումով։

Հիմա մենք ունենք առաջին դեպքը եւ դա վրդովեցնող բան է, որ կառավարության գլուխ հանդիսացող անձը գրեթե երկու տարի անց է ակտիվացնում գոյություն ունեցող եւ չլուծարված մարմնի գործունեությունը։ Եվ հենց իր ՔՊ-ական պատգամավորներից մեկը այդ հանձնաժողովի աշխատանքը 2022/2023 թվականներին եւս բացասական է գնահատում»,-ասաց տիկին Ալավերդյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031