Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոփոխությունների արդյունքում շատ ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը. Ժաննա Անդրեասյան

Օգոստոս 29,2024 16:16

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների վերապատրաստման կարգում. հստակեցվել են մասնագիտական զարգացմանն ուղղված մի շարք  դրույթներ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով հարցը,  կարևոր բարեփոխում է համարել ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգը: Ըստ այդմ՝ բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համակարգով: «Նոր մոտեցմամբ յուրաքանչյուր ուսուցիչ նախ և առաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը: Գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է, թե որ ուղղությամբ և որ մակարդակի վերապատրաստման կարիք ունի տվյալ ուսուցիչը, ինչը ուսուցչի վերապատրաստումը դարձնում է ավելի թիրախային և արդյունավետ»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ այս տարի համակարգը կիրառվել է առաջին անգամ:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ գնահատվել են ավելի քան 6000 ուսուցիչներ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն: Սակայն, ըստ նախարարի, նոր գործընթացի իրականացման արդյունքում պարզվել է, որ համակարգը հավելյալ ճշգրտումների կարիք ունի. «Այս փոփոխությունների արդյունքում շատ ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը: Ընդ որում՝ շրջափուլն ավելի կարճ է ավելի ցածր մակարդակի պարագայում, այսինքն՝ եթե պարզ է դարձել կարիքի գնահատման արդյունքում, որ ուսուցիչն ավելի տարրական մակարդակի հմտություններ ու կարողություններ ունի, այս պարագայում շրջափուլը 1 տարի է, և ավելի երկար է, եթե ունենք ավելի բարձր մակարդակ, այսինքն՝ ավելի փորձառու և հմտությունների բարձր որակ ունեցող ուսուցիչներ, որոնց դեպքում շրջափուլը կարող է հասնել մինչև 5 տարի»:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հստակեցվել են նաև առարկայական գիտելիքի իմացության բարելավման կարիք ունեցող ուսուցիչների կողմից առարկայական վերապատրաստման, այնուհետև կամավոր ատեստավորման եղանակով առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու դրույթները, որոնց համար հերթական ատեստավորումը նույնանում է կամավոր ատեստավորման գործընթացի հետ: Ըստ նախարարի՝ սա նշանակում է, որ եթե ուսուցչի կարիքը գնահատվել է առարկայական գիտելիքի իմացության ուղղությամբ, ապա պարտադիր է, որ նա առարկայական գիտելիքի վերապատրաստում անցնի, այնուհետև մասնակցի  կամավոր ատեստավորման գործընթացին:

Կարգավորում է նախատեսվում նաև 1-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների մասնագիտական կարիքը տարրական մակարդակում (գիտելիքի իմացության) գնահատելու ժամկետի և հաճախականության մասով: Հստակեցվել են նաև համատեղությամբ աշխատող ուսուցիչների ատեստավորման դեպքերը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք այս կարգի փոփոխություններով որոշակի լուծումներ կտրվեն կամավոր ատեստավորման գործընթացում առկա հարցերին, որոնք բարձրացվել են ուսուցիչների կողմից, այդ թվում՝ մարզային այցերի ընթացքում. «Այդ փոփոխություններով նաև ուսուցիչներին նախապատրաստո՞ւմ ենք  կամավոր ատեստավորման գործընթացին»:

Ի պատասխան նախարարը նշել է, որ ուսուցիչները գնահատվում են տարբեր ուղղություններով և յուրաքանչյուր ուղղությամբ ուսուցիչները կարող են ունենալ հմտությունների տարբեր մակարդակ: «Ամենացածր մակարդակը տարրական մակարդակն է, որի պարագայում առարկայական գիտելիքի իմացության խնդիր է գնահատվում: Բոլոր այն դեպքերում, երբ ուսուցիչն ունի առարկայական գիտելիքի իմացության խնդիր, պետությունը նրա համար կազմակերպում է առարկայական գիտելիքի զարգացման ուղղությամբ վերապատրաստում: Սա նշանակում է, որ մենք, այո՛,   աջակցում ենք այդ բոլոր ուսուցիչներին: Նրանք կարող են սեպտեմբերից սկսած մասնակցել վերապատրաստմանը, այնուհետև՝ դրանից հետո կազմակերպվող կամավոր ատեստավորման գործընթացին», – ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով, ինչը նշանակում է նաև, որ դրա հետ կապված տեխնիկական բարդությունները, ժամանակի հետ կապված խնդիրները շատ ավելի դյուրին են լինելու:  Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ դա էլ  նշանակում է նաև, որ ուսուցիչները ունենալու են  տեխնիկական իմաստով կամավոր ատեստավորմանը մասնակցելու ավելի լայն հնարավորություն:

Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաև, որ արդեն գնահատված 600-ից ավելի ուսուցիչներից 543-ն այս պահի դրությամբ գնահատվել է որպես տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող, այսինքն՝ նրանք կմասնակցեն նաև կամավոր ատեստավորման գործընթացին: Նշվել է նաև, որ վերապատրաստումներն իրականացնելու են երաշխավորված կազմակերպությունները:

Վարչապետը հետաքրքրվել է նախարարից՝ ինչքանո՞վ ենք պատրաստ նոր ուսումնական տարվա մեկնարկին: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նոր ուսումնական տարին լինելու է բարդ, որովհետև նոր չափորոշչի ներդրման գործընթացում ենք. «Եվս 4 դասարանում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, նոր չափորոշիչ է ներդրվելու, դրանք կգումարվեն նախորդ տարվա 3 դասարաններին, և արդեն 12-ից 7 դասարաններում՝ կաշխատենք նոր չափորոշչով:

Ամբողջությամբ իրականացվել է նոր դասագրքերի տպագրության  գործընթացը: Այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, մենք նաև ժամանակի որևէ ձգձգում չենք ունենա: Արդեն իսկ դասագրքերի մեծ մասը դպրոցներում է, մնացած մասը կհասնի մինչև այս շաբաթվա վերջ, և սեպտեմբերի հենց առաջին օրվանից ամբողջական փաթեթով երեխաները կկարողանան իրենց դասապրոցեսն իրականացնել:  

Մնացած բոլոր նախապատրաստական աշխատանքները նույնպես իրականացվել են: Կարծում եմ՝ այս իմաստով ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրին, որի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել  փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:  «Այս տարեսկզբին ունեինք 28 նոր կառուցված և շահագործման հանձնված դպրոց: Սեպտեմբերի 1-ին ևս 7-ը կհանձնվի շահագործման: Մինչև տարեվերջ կշարունակենք ընթացքի մեջ գտնվող դպրոցներից ևս 10-ն ավարտին հասցնելու գործընթացը: Այսինքն՝ տարեվերջին արդեն կունենանք  ավարտված և շահագործման հանձնված 45 դպրոց: Եվս 26-ը գտնվում են շինարարության փուլում և նախատեսվում է, որ դրանք շահագործման կհանձնվեն 2025-ի ընթացքում: Նախորդ տարի տարվա ընթացքում մեկնարկել է կառուցման 111 նոր մրցույթ, որոնցից 76-ի մասով արդեն շնորհված են պայմանագրեր, ևս 30-ի մրցույթը կհայտարարվի սեպտեմբերի ընթացքում: Այսինքն՝ այս տարին կամփոփենք նոր կառուցված կամ ընթացքի մեջ գտնվող 210-ը գերազանցող դպրոցների քանակով: Տարվա ընթացքում կսկսեն նաև առնվազն 50 դպրոցների նորոգման աշխատանքներ: Այս հաշվարկում չենք ներառում այն դպրոցները, որտեղ նոր մարզադահլիճներ են կառուցվել: 21-ում կարող ենք աշխատանքներն ավարտված համարել, մինչև տարեվերջ կավարտենք աշխատանքները  նաև 8-ում», –ասել է Տիգրան Խաչատրյանը:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ  ծրագիրը կառավարելի իրավիճակում է՝ ի հեճուկս բոլոր խնդիրների և բարդությունների: Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում կարևորել է արդեն իսկ շահագործվող դպրոցների շահագործման ընթացքի մասին տեղեկությունների և տպավորությունների հավաքումը: «Ընդ որում՝ ես ցանկանում եմ, որ մենք ունենանք երկու կողմից այդ տեղեկատվությունը հավաքելու մեխանիզմ, որի ամենակարևոր նպատակը հետագա ընթացքն ավելի սահուն դարձնելն է: Նախ՝ Կառավարության ներկայացուցիչները պետք է գնան ու վիզուալ տեսնեն, թե ինչ է կատարվում դպրոցում: Երկրորդը՝ պետք է լսենք ուսուցչական կոլեկտիվներին և աշակերտներին, թե նրանք ինչ տպավորություն ունեն նոր դպրոցների շինարարության հետ կապված, որովհետև, այնուամենայնիվ, իրենց համար են այդ դպրոցները կառուցվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ քննարկվում է  առաջիկայում դպրոցի ինտերիերի ձևավորման որոշակի ստանդարտներ ներդնելու հարցը. «Եվ ժամանակի ընթացքում կհետևենք, որ այդ ստանդարտները նույնպես պահվեն»:

Կընդլայնվի սպանդանոցային ցանցը. փոփոխություններ՝ ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում

Սպանդանոցային ցանցն ընդլայնելու, ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների տեխնոլոգիական հագեցվածության մակարդակը բարձրացնելու միջոցով թողարկվող արտադրանքի որակական և անվտանգության ցուցանիշները բարելավելու, դրանց մրցունակությունը բարձրացնելու և  ագրոպարենային արտադրանքի արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,  գործող ծրագիրն ունի սահմանաչափ, այն է՝ 1 տնտեսվարողի համար ցանկացած պահի համար լիզինգի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 1 մլրդ դրամը, այսինքն՝ եթե տնտեսվարողն ունի 1 մլրդ դրամի ծանրաբեռնվածություն, այլ ագրոպարենային սարքավորում չի կարող ձեռք բերել, եթե պարտավորությունն իջեցրել է 800 մլն դրամի, ապա կարող է 200 մլն դրամի ձեռք բերել: «Տնտեսվարողների հետ քննարկումները և շուկայի զարգացումները ցույց են տվել, որ շահառուները բավականին լավ օգտվել են ծրագրից, լավ արդյունքներ ունեն: Նրանք պահանջ են դնում, որ ցանկալի կլիներ այդ շեմը բարձրացնել: Մենք առաջարկում ենք այս 1 մլրդ դրամի շեմը բարձրացնել 2 մլրդ դրամի», – ասել է նախարարը:

Որոշմամբ  առաջարկվում է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրվող լիզինգի 12, արտարժույթով տրամադրվող լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են ՀՀ մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։ Շարժական և շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված 20 % կանխավճարի 80 %-ը սուբսիդավորվում է, որի տրամադրման համար սահմանվում է համապատասխան ընթացակարգ: Սահմանվում են նաև տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացնելու ընթացակարգը և լիզինգի կանխավճարի ու լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորված գումարների վերադարձման հիմքերը։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում զարգացման ծրագրերն իրենց ընթացքով հաճախ փոխում են Կառավարության մտածողությունն ու ընկալումը: «Ամենասկզբում, երբ այս աջակցության ծրագրերն իրականացնում էինք, ցանկանում էինք հնարավորինս ցածր շեմեր սահմանել, դրանց հնարավորինս սոցիալական ուղղվածություն տալ: Հետո տեսանք, որ այդ ծրագրերից ոչ ոք չի օգտվում՝ ամենատարբեր պատճառներով: Եվ շփումների ընթացքում տեսանք, որ աշխատել ցանկացող մարդիկ չեն կարողանում օգտվել, որովհետև մենք փոքր սահմանաչափեր ենք դրել: Նրանք, որոնք ուզում են աշխատել՝ չեն կարողանում, նրանց, ում ուզում ենք այդ ծառայությունը մատուցել՝ չեն ուզում: Հետևաբար` մենք կամաց-կամաց, քայլ-քայլ փոխում ենք մոտեցումը: Եվ մեր մոտեցումը հետևյալն է, եթե մարդն աշխատում է, ավելին է ուզում անել, մենք պետք է իրենց աջակցենք, որովհետև իրենք են լոկոմոտիվը, իրենք պետք է մյուսներին հետևներից տանեն »,-ասել է վարչապետը:

Էկոնոմիկայի նախարարը նաև տեղեկացրել է, որ այս ընթացքում ագրովերամշակման, ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունները 45,5 մլրդ դրամի պորտֆել են ձեռք բերել և դրա շնորհիվ 2930 սարքավորում: Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել է՝17 մլրդ-ից ավելի պորտֆել և 3677 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 1349 տրակտոր և 20 կոմբայն:

Կառավարության ղեկավարը կարևորել է լիզինգի ծրագրի պարտադիր այն պայմանը, ըստ որի տնտեսվարողը պետք է ձեռք բերի բացառապես  չօգտագործված տեխնիկա:

Կստեղծվեն պատմամշակութային արգելոցներ. կստեղծվեն  ենթակառուցվածքներ, կտեղադրվի տոմսային տնտեսություն, կանցկացվի լուսավորություն

Կառավարությունն ընդունել է «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու, «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոց մասնաճյուղեր ստեղծելու վերաբերյալ որոշում: Արդյունքում՝ արգելոցները կապահովվեն հուշարձանների ամբողջ տարածքի պատշաճ մշտական պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջային երթուղիներում արգելոցների տարածքի ներգրավումը։ Հիմնավորման համաձայն՝ ներկայումս հիշյալ հուշարձանների տարածքներում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները և շատերը չեն այցելում այդ վայրեր։ Արգելոցների ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնել կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն: Արդյունքում՝ ստեղծվելու են  ենթակառուցվածքներ, բարեկարգվելու է տարածքը, տեղադրվելու է տոմսային տնտեսություն, աշխատելու է մշտական պահակ,  անցկացվելու է լուսավորություն։ Արգելոցների ստեղծման արդյունքում համայնքի ազգաբնակչությունը կարողանալու է իրացնել իր կողմից պատրաստված հուշանվերային արտադրանքը և ստանալ լրացուցիչ եկամուտ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ արգելոցների պահպանումն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին: Արգելոցների ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո հենց տոմսերի վաճառքից ստացված եկամուտներից էլ իրականացվելու են դրանց հետագա պահպանությունն ու զարգացումը: Նախարարը նաև հիշեցրել է, որ 2018-ից առ այսօր ստեղծվել է 6 պատմամշակութային արգելոց՝ Բջնի ամրոցը, Սմբատաբերդը, Դաշտադեմ ամրոցը, մայրաքաղաք Դվինը, Աղձքը, Արտաշատ մայրաքաղաքը:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումն ու ընդգծել, որ  Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք պատմական ժառանգության, հայերի ինքնության կարևորագույն մասն են. «Սրան զուգահեռ՝ մենք ունենք խնդիր. այդ պատմամշակութային հուշարձանների մի հսկայական մասն արդեն տասնյակ տարիներ, որոշները՝ նաև դարեր, ավերման գործընթացի մեջ են: Մենք խնդիր ունենք այդ պատմամշակութային հուշարձաններն առնվազն պահպանել և վերականգնել: Մյուս կողմից հարց է ծագում՝ եթե դրանք պետական արժեք են, ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը: Մտածողության հայեցակարգային հարց է: Մեր պատմական և պետական արժեքները պե՞տք է եկամուտ բերեն պետությանն առնվազն այնտեղ, որտեղ կարող են դա անել, թե՞ չպետք է բերեն: Իմ գնահատականն է, և պետական ընկալումը պետք է լինի, որ, այո՛, պետք է բերեն եկամուտ»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս որոշումներով երեք զուգահեռ հարց է  լուծվում: Առաջին՝ այդ հուշարձանների պահպանման համար լրացուցիչ միջոցներ գեներացնելու հնարավորություն է ստեղծվում: Երկրորդ՝ այդ հուշարձանները կբերեն լրացուցիչ եկամուտներ, և երրորդ՝ կստեղծվի ենթակառուցվածք, որպեսզի ՀՀ քաղաքացիները հաղորդակցվելու հնարավորություն ունենան այդ հուշարձանների հետ, որովհետև հուշարձան տանող ճանապարհ չկա, դրանց մասին տեղեկատվություն չկա:

Վարչապետ Փաշինյանը նաև նշել է, որ հանձնարարական է տվել աշխատել Լեզվի տեսչության հետ՝ արգելոց բառն այլ բառով փոխարինելու համար. «Իմ համոզմունքն է, որ այս լեզվամտածողության շերտերին մենք շատ ուշադրություն պետք է դարձնենք»:

Կառավարությունը շարունակում է բարելավել հանրապետության ճանապարհային ցանցը

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում: Այսպիսով՝ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել՝  2022-2024 թթ. հիմնանորոգման ծրագրերով նախատեսված թվով 2 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 2024 թ. ավարտելու, ինչպես նաև թվով 3 ճանապարհահատվածների 2023-2024 թթ. հիմնանորոգման ծրագրերով նախատեսված աշխատանքների դիմաց չվճարված պայմանագրի ընդհանուր գնի 5 տոկոսի գումարի վճարման համար։  Որոշմամբ առաջարկվում է հատկացնել  360.84 մլն դրամ:

Պետական աջակցություն՝ կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողներին

Գործադիրն ընդունել է որոշում, որի արդյունքում հնարավորություն կլինի կոնյակի սպիրտներ արտահանող տնտեսավարողներին տրամադրելու պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։ Հիմնավորման համաձայն՝ Կառավարության 2020 թ. օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշման հիման վրա 2020 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը տնտեսավարողներին ցուցաբերվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի չափով օժանդակություն, որը զգալիորեն նպաստել է արտահանվող կոնյակի սպիրտների մրցունակության ապահովմանը և իրացման ծավալների ավելացմանը։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականների՝ տնտեսավարողների մոտ 2020-2023 թթ. մթերված խաղողից արտադրված սպիրտների մնացորդները գնահատվում են շուրջ 30 մլն լիտր։ Իրացման շուկաներում ավելի մրցունակ գներով կոնյակի սպիրտ ներկայացնելու, կոնյակի սպիրտի արտահանման ծավալներն ավելացնելու, ինչպես նաև 2024 թ. խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի իրականացման նպատակով առաջացող պարտավորությունները ընթացիկ տարվա համար գնահատվում է շուրջ 700 մլն դրամ։

Սահմանվել են Սևանա լճում սիգի արդյունագործական աշնանային որսի իրականացման ժամկետներ և որսաչափ

Մարտի 1-ից մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 257 տոննա չափաքանակ, կնքվել է 9 պայմանագիր՝ 256946.9 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար:    Սևանա լճում ձկան արդյունագործական որսի աշնանային որսաչափի սահմանման համար տվյալների ձեռքբերման նպատակով՝ իրականացվել է  Սևանա լճում ձկան պաշարների գնահատման ուսումնասիրություն, որի հիման վրա առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 422 տոննա չափաքանակ: Արդյունքում՝ որոշմամբ սահմանվել է Սևանա լճից սիգի արդյունագործական որսի ևս 422 տոննա չափաքանակ՝ սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար։

Նոր Եդեսիայում  դպրոց կկառուցվի, Ռյա Թազա գյուղում՝ կրթահամալիր

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի, Աշտարակ համայնքի  Նոր Եդեսիա գյուղի 2-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող հողամասը նվիրաբերությամբ  փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա գյուղում դպրոց կառուցելու նպատակով։

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա Թազա գյուղի 3-րդ փողոց 15 հասցեում գտնվող հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ գյուղում 144 տեղ հզորությամբ կրթահամալիր կառուցելու նպատակով։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է, մասնավորապես՝  «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը լրացնել 3 դպրոցով: Ըստ այդմ՝  առաջարկվում է գործող կարգում ավելացնել Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցը, Շիրակի մարզի Գետափի Գ. Արշակյանի անվան կրթահամալիրը, Արարատի մարզի Արևաբույրի միջնակարգ դպրոցը:

Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում է թվայնացնել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը

Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել հանրապետությունում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։ Թվային համակարգի բազային հասանելիության շնորհիվ Տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները: Բացի այդ, համակարգի առկայությունը կբացառի մասնավոր ոլորտում հետին թվով պայմանագրերի կնքման, հարկային մարմնում փաստացի իրականացվող աշխատանքը չգրանցելու (անօրինական աշխատանք) կամ փաստացի տրամադրվող աշխատավարձի չափից պակաս չափ պայմանագրում նշելու ձևավորված պրակտիկան: Նախագծի հիմնական առավելություններն են աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացի պարզեցումը, սոցիալական ռիսկերից պաշտպանությունը՝ պայմանագրի առկայության, կատարվող վճարների և հատկացումների արտացոլման, ինչպես նաև աշխատողի նկատմամբ գործատուի պարտավորությունների ամրապնդման շնորհիվ: Համակարգը կնպաստի գործատու-աշխատող փոխհարաբերությունների հաշվետվողականությանն ու աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը և արդիականացմանը, թվային համակարգի միջոցով արդեն թվային եղանակով աշխատողը կկարողանա հսկել իր աշխատանքային պայմանագրի վերաբերյալ ցանկացած փոփոխությունը, իսկ գործատուն իր մոտ իրականացվող պետական վերահսկողության ժամանակ չի կարողանա այն փոփոխել կամ հրաժարվել դրա կատարումից:

Հավանություն է տրվել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքն ապրանքների մատակարարման գործարքների մասով հարկային հսկողության արդյունավետության բարձրացումն է: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ապրանքների մատակարարման գործարքների մասով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվ, ճշգրտող հարկային հաշվի, հաշիվ վավերագիր, ճշգրտող հաշիվ վավերագիր, բեռնագիր) պետք է լրացվեն ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր լրացնելու պահանջի կիրառման համար Կառավարության պետք է սահմանի դրանց պարտադիր կիրառման դեպքերը, կարգը և ժամկետները,  հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր) պետք է լրացվի տեղեկություն հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2026 թ. հունվարի 1-ից:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել 2024 թ. հունիսի 11-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորման, սերտացման և փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման և ընդլայնման համար։ Համաձայնագրով նախատեսվում է մաքսային գործին վերաբերող ոլորտներում համագործակցության և փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման նպատակով տեղեկատվության փոխանակման արարողակարգերի պարզեցում և հստակեցում։ Համաձայնագրի կիրառմամբ կկարգավորվեն երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված տեղեկատվության փոխանակման և հարցումների իրականացման ընթացում առաջացող խնդիրները։ Երկու երկրների մաքսային մարմինների միջև փոխադարձ օգնության ցուցաբերումը կնպաստի ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ իրավակիրարկմանը՝ նպատակաուղղված մաքսային վարչարարության ընթացքում ծագող խնդիրների կարգավորմանը։ Համաձայնագիրը կնպաստի նաև ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ առաջացող հարցերի առավել արագ և օպերատիվ արձագանքմանն ու պատշաճ լուծմանը։

Այլ որոշումներ. ֆինանսական միջոցներ կհատկացվեն սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքների վերանորոգման նպատակով 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 202,150.0 հազ. դրամ գումարի չափով՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքները, ընդհանուր 6861,5 քմ մակերեսով։ ՀՀ վարչապետը, Ներքին Հանդ բնակավայր կատարած այցի շրջանակում ծանոթանալով բնակավայրում առկա խնդիրներին, տվել է հանձնարարություն՝ շատ արագ կազմակերպել նշված բնակավայրի տների տանիքների վերանորոգման աշխատանքները:

Նոյեմբերի 18-24-ը Երևանում  զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը կազմակերպման և անցկացման նպատակով 476241,6 հազար  դրամ է հատկացվել: Ըստ հիմնավորման՝ Պաշտպանության նախարարությունը 1995 թ.-ից հանդիսանում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) անդամ, որը միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) հետո հանդիսանում է աշխարհի ամենամեծ մարզական կազմակերպությունը: Նախարարության զինծառայողները 2014 թ.-ից մասնակցելով այս կառույցի տարբեր առաջնություններին և Խաղերին, նվաճել են բազմաթիվ մրցանակային տեղեր: Հաշվի առնելով մեր զինծառայողների հաջողությունները, ինչպես նաև Հայաստանում ըմբշամարտի ավանդույթները և զարգացման ուղիները՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վերապահել է Հայաստանի Հանրապետությանը: Ըստ նախնական տվյալների առաջնությանը մասնակցելու է ավելի քան 40 պետություն` մոտ 400 մարզիկներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031