«Ա1+». Արցախցի իրավաբան Լիաննա Գալստյանն Արցախում մասնագիտությամբ կարճ ժամանակամիջոցում աշխատելուց հետո, հասկացավ, որ դա այն աշխատանքը չէ, ինչ ինքն էր ցանկանում։ Բռնագաղթելուց հետո էլ մասնագիտությամբ աշխատելու ցանկություն չի ունեցել, այլև փորձում է տարբեր դասընթացների մասնակցել, նոր հմտություններ ձեռքբերել։ Միաժամանակ դեռևս Արցախում ծնված բիզնես մտահղացումներն է կյանքի կոչում՝ իր համար հաճախ հաճելիորեն զարմանալի լուծումներով։ «Երբ նոր էի պատրաստվում մայրանայի ու իմ հարմարավետ անկյունն էին ուզում ստեղծել, սոցիալական տարբեր հարթակներում դեռ նոր էին թրենդային դառնում գործած օրորոցները, զամբյուղները, պայուսակները՝ այդժամ գաղափար հղացավ մոտս իմ բալիկի համար իմ ձեռքերով գործեմ անհրաժեշտ պարագաները։ Մինչ այդ դեռևս 2018-ից էի տարբեր տեսակի հերակալներ ու մանր-մունր այլ զարդեր պատրաստում, երբ քույրիկս էր պատրաստվում երեխա ունենալու ամեն ամսականին նոր զարդ էի պատրաստում՝ կարած, թե ձեռագործ»,- Ա1+- ի հետ զրույցում ասում է երիտասարդ մայրիկը։ Մեկ-մեկ նաև ծանոթներից ու ընկերներից պատվերներ էր ստանում Լիանան։ Ինքն էլ սիրով էր առանձնահատուկ նվերներ մատուցում ընկերուհիների նորածիններին։ «Լինում էր այնպես, որ սոցիալական ցանցերում այս կամ այն բանն էին տեսնում, հավանում ու նկարն ուղարկում ինձ ու հարցնում կկարողանա՞մ նմանատիպը պատրաստել ու ես սիրով հանձնառում էի, ինչքան էլ որ բարդ լիներ այն պատրաստելը։ Այդպես սկսեցի մանր բաներից, ու հիմնականում իմ շրջապատի համար»։
«Amenita»՝ սա Լիաննայի ապրանքանիշի անվանումն է։ Այն որպես բրենդ ձևավորվեց ու առավել հայտնի դարձավ 2021 թվականին։ Ունեցավ իր պիտակն ու տարբերանշանը ու սկսեց նաև եկամուտ բերել նորաստեղծ ընտանիքին։ Արցախը հարկադրաբար լքելուց հետո Երևանում են հաստատվել, ինտեգրումն անցնցում չի անցնում։ «Ինչքան էլ փորձենք ինտեգրվել, ներգրավվել շրջապատին, մեկ է մենք մեր տեղում չենք։ Չնայած նրան, որ Հայաստանում հաճախ էինք լինում, սակայն հիմա այլ աչքով ենք այդ ամենին նայում ու այս ամենի գիտակցումն ավելի քան ցավալի է»։
Երևանում աշխատանք գտնելու Լիաննայի փորձերը դեռևս ցանկալի արդյունք չեն տվել։
Լիաննան գործում է ինչպես մանկական շորիկներ, այնպես էլ ուլտրամոդայիկ պարագաներ։ Մեծ նշանակություն է տալիս ստեղծած աշխատանքների ոճին ու տեսքին։
Կարդացեք նաև
«Ինչքան էլ հոգնած լինեմ, ստեղծագործական իմ աշխատանքն ինձ համար ինքնաթերապիա է։ Ու ինչքան էլ մեծ լինի զբաղվածությունս՝ թեկուզ իմ բալիկի ու շրջապատիս համար միշտ ինչ-որ նոր բան գործելու, ստեղծելու եմ»,-նկատում է Լիանան։
Անահիտ Պետրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: