«Բա եթե դրանք պետական արժեք են, ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը. սա կարեւոր բան է եւ մտածողության հայեցակարգային հարց է»,- կառավարության նիստում այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պատմամշակութային ժառանգության մասին:
Կառավարության որոշմամբ, Հայաստանում կստեղծվեն «Երերույք» (լուսանկարում), «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» եւ «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցները:
«Ներկայումս այս հուշարձանների տարածքում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները: Շատերը չեն այցելում այդ վայրեր նաեւ այն պատճառով, որ տեղի մասին որեւէ ինֆորմացիա չունեն»,-ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ արգելոցների ստեղծմամբ հնարավորություն կլինի ստեղծել ենթակառուցվածքներ, բարեկարգել տարածքները, տեղադրել տոմսային տնտեսություն, որը լրացուցիչ հարկային եկամուտներ կապահովի պետական բյուջեի համար, տարածքում կգործի մշտական պահակակետ, կլինի անվտանգության ապահովման համակարգ, կանցկացվի լուսավորություն, կգործեն նաև էքսկուրսավարի եւ գիտաշխատողի ծառայություններ՝ բովանդակային միջավայրն ապահովելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք պատմական ժառանգության, հայերի ինքնության կարևորագույն մասն են. «Սրան զուգահեռ՝ մենք ունենք խնդիր. այդ պատմամշակութային հուշարձանների մի հսկայական մասն արդեն տասնյակ տարիներ, որոշները նաեւ դարեր, ավերման գործընթացի մեջ են: Մենք խնդիր ունենք այդ պատմամշակութային հուշարձաններն առնվազն պահպանել եւ վերականգնել»:
Կարդացեք նաև
Զուգահեռաբար, Նիկոլ Փաշինյանը դիմում է Լեզվի տեսչությանը՝ արգելոց բառն այլ բառով փոխարինելու համար. «Մենք հիմա արգելոց ենք ստեղծում, բայց պետք է փոխենք: Դա արգելոց չի լինելու, ընդհակառակը՝ մարդկանց գնալու տեղ է լինելու: Զուտ մարքետինգային առումով «հրավիրել արգելոց» արտահայտությունից դիսոնանս է առաջանում»:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասելիք ուներ այս մասով. նա նկատեց՝ կրոնական բնույթի կառույցներն են եղել ուշադրության հիմքում, բայց աչքաթող են արվել աշխարհիկ կառույցները: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա իր մտքում վաղուց կար, հանձնարարականը տրված էր, որոշ աշխատանքներ կատարված են: Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց՝ վերականգնվող հուշարձանների ցանկում մեծ են բերդերն ու ամրոցները:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ