Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկական լոգիստիկ ընկերությունները անձնական շահ հետապնդելով` հիմա տեղափոխվում են վրացական շուկա». հայ բեռնափոխադրողներ

Օգոստոս 29,2024 14:20

Այսօր առավոտյան արտահանող բեռնատարների տասնյակ վարորդներ մեքենաներով բողոքի ցույց էին անում Շիրակի փողոցում: Նրանց մտահոգում է Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը, ինչի արդյունքում իրենք մատնվում են անգործության, քանի որ ոլորտի աշխատանքները կազմակերպող եւ իրականացնող մարմինները գերադասում են աշխատել դրսի արտահանող կազմակերպությունների հետ, օգտվել օտարերկրյա բեռնափոխադրող կազմակերպությունների եւ անհատ վարորդների ծառայություններից:

«Ակցիայի նպատակը բեռնափոխադրման ոլորտում ստեղծված իրավիճակը բարձրաձայնելն է, որպեսզի իշխանությունը, կառավարությունը տեղեկանա, թե ինչ է կատարվում ոլորտում»,-լրագրողներին ասաց բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ալեքսան Հովակիմյանը: Նա հակիրճ ներկայացրեց այս ոլորտում իրականացվող գործունեության մեխանիզմը եւ կանոնները,  որոնք գոյություն ունեն ամբողջ աշխարհում: Սակայն վերջին շրջանում երրորդ երկրների բեռնափոխադրողները իրենց համար շահեկան պայմաններով աստիճանաբար գերիշխող են դառնում Հայաստանի ներքին շուկայում, ինչը տնտեսական վնասներից բացի՝ նաեւ անվտանգային լուրջ խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար: «Տեսեք: Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում ստեղծեցին վրացական ֆիրմաներ, վրացական մեքենաներ գնեցին, ղեկին նստեցրին թուրք վարորդների ու իրենք էլ մտան մեր շուկա որպես երրորդ երկրի բեռնափոխադրող: Նրանց միացել են ղրղզները, բելառուսները: Արդյունքում,  հայկական բեռնափոխադրողը աստիճանաբար դաշտից դուրս է մղվել:

Առաջ մեր հայկական լոգիստիկ ընկերություններից հինգն էին զբաղվում երրորդ երկրներով, հիմա, տեսնելով, որ մենք չենք կարողանում այդ գների մեջ տեղավորվել, անձնական շահ հետապնդելով, մեզ չեն աջակցում ու տեղափոխվում են վրացական շուկա, մեր հայկական ապրանքը տալիս են երրորդ երկրներին»,- ասաց նա:

Նրա խոսքով, իրենք դիմել են տրանսպորտի նախարարություն, որը հանդիպում է կազմակերպել՝ ներկայացուցիչներ հրավիրելով ՊԵԿ-ից, էկոնոմիկայի նախարարությունից, T.I.R. ասոցիացիայից ու մի քանի այլ ընկերություններից: «Տրանսպորտի նախարարությունն ասաց, որ ինքը զբաղվում է ճանապարհների մեր տեղաշարժով: ՊԵԿ-ի ներկայացուցչից չհասկացանք, թե նա ինչ էր ասում, էկոնոմիկայի նախարարություն ներկայացուցչի պահով չհասկացանք, թե նա հասկացա՞վ, թե մենք ինչ ենք ասում: Ամեն մեկը առաջ քաշեց այն միտքը, թե ազատ շուկա է: Այո, ազատ շուկա է ու մենք էլ ենք դրանից օգտվում: Բայց հիմա ստացվում է այնպես, որ մենք այդ ազատ շուկայից դուրս ենք մղվում: Պետությունը այստեղ իր գործարարի համար պետք է առաջնահերթություններ սահմանի, ինչպես Վրաստանն է անում, երբ, օրինակ, իր գինին, որը արագ փչացող չէ, առաջնային է արտահանում, իսկ հայկական միրգը, որը արագ փչացող է, ոչ»,-ասաց բեռնափոխադրողը:

Ցույցի մասնակիցները նաեւ պատմեցին, որ ռուսական բեռնափոխադրող մեծ ընկերությունները, որոնք Եվրոպա արտահանումով էին զբաղվում, երբ ընկան պատժամիջոցների տակ, Հայաստանում ստեղծեցին ՍՊԸ-ներ, իրենց մեքենաները շատ արագ վերաձեւակերպեցին հայկական համարների տակ: Հիմա դրանք դե յուրե հայկական ընկերություններ են, բայց դե ֆակտո Հայաստանի հետ կապ չունեն: Իրենք հիմա համապատասխան թույլտվություններով շարունակում են Եվրոպայում վարել:

Հայաստանի համար անվտանգային լուրջ խնդիրների առնչությամբ էլ, բեռնափոխադրողները հիշեցրին բոլորովին վերջերս թուրքական մեքենաներով հայկական բանակի համար, այսպես կոչված, քարածուխ բերելու հետ կապված օրինակը՝ նշելով, թե ոչ ոք չի կարող ասել, թե, մասնավորապես, թուրքական մեքենաներով Հայաստան ներկրվողը ինչ ապրանք է ու ինչպիսի վտանգ կարող է իրենից ներկայացնել, թեկուզ դա հավ կամ այլ սննդամթերք լինի:

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031