Այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է, թե ինչ է կյանքի դժվարին իրավիճակը, ընտանիքը, անօթեւանը եւ այլ հասկացություններ: Սահմանվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց սոցիալական աջակցության տեսակները՝ սոցիալ-հոգեբանականից, կոմունալների վճարների նվազեցումից մինչեւ ինտեգրմանն ուղղված օգնությունները, սկզբունքները, չափորոշիչները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ասաց, ընտանիքի սոցիալական գնահատման լիազորությունը վերապահվել է Միասնական սոցիալական ծառայությանը, բոլոր համայնքները, կազմակերպությունները պետք է այդ լիազորություններից հրաժարվեն, այլեւս դրանով չզբաղվեն, ողջ տեղեկատվությունը, ծառայությունները մի տեղում պետք է լինեն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ համայնքների անելիքները նվազեցվում են, դա խնդիր է լինելու. «Մենք պրոբլեմ ունենք, նորմալ երկրներում համայնքների բյուջեները շատ ավելին են, նրանք ունեն մասնաբաժին հարկային եկամուտներից ու հիմնական սոցիալական ծառայությունները հենց համայնքներն են մատուցում, ոչ թե կենտրոնացված է: Իրենք գործ ունեն բնակչության հետ, լավատեղյակ են, եթե Միասնական սոցիալական ծառայությանն ենք դա վերապահում, պրոբլեմ կունենանք»:
Փոխնախարարն ասաց, որ համայնքներն ազատ են ցանկացած ծառայություն իրականացնելու, ինքնուրույն մատուցելու ծառայություններ, նույնիսկ եթե իրենց մտքով անցել է սոցիալական մի ծառայություն, որը պետությունը չի սահմանել, իրենք կարող են տրամադրել բնակիչներին, բայց դա պետք է ներկայացնեն նախարարությանը, նոր անեն. «Միակ բանը այն է, որ դրանք չեն կարող լինել սոցիալական կամայական ծառայություններ, համայնքը պիտի ջանք գործադրի, հասկանա խնդիրները, բնակչության կարիքները, նոր դրանից հետո իրականացնել: Միակ սահմանափակումը, որ դրել ենք, վերաբերում է դրամական աջակցությանը՝ առանց նկարագրության: Համայնքի փոքր միջոցները երբ կոնսոլիդացվեն, դառնան հստակ ծառայություններ, շատ ավելի շահեկան կլինեն համայնքների ու ՏԻՄ մարմիների համար»:
Կարդացեք նաև
Փոխնախարարն ասաց, որ երբ համակարգված չեն գործում, ամեն մեկը իր ծառայությունները մատուցում է ու կրկնություններ ունենք . «Մեզ նույնիսկ լուսանկարներ էին բերել, որ նույն ընտանիքին կազմակերպությունները այնքան փաթեթներ էին տվել, որ 80 լիտր ձեթ էր հայտնվել էդ մարդկանց ընտանիքում: Դա նշանակում է, որ այդ 80 լիտր ձեթի այն հատվածը, որն այդ ընտանիքը չէր հասցնելու սպառել, կարող էր հասնել մեկ այլ ընտանիքի, որը գուցե դուրս մնար: Հիմա այս վերածածկերի, բացառումների խնդիրն ենք լուծում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ