Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Փաստաթղթով առաջին անգամ սահմանվում են 2024-2040 թ․ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը, ոլորտային առաջնահերթություններն ու դրանց իրականացման ճանապարհային քարտեզը։
Ի թիվս այլնի, փաստաթղթում նշված է, որ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության ընդունումը պայմանավորված է ՀՀ ներկա ժողովրդագրական իրավիճակով, որը, նախ և առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Ծնելիության մակարդակի գործող ցուցանիշներով չի ապահովվում անգամ բնակչության պարզ վերարտադրությունը, որի համար ծնելիության գործակիցը անհրաժեշտ է, որ լինի 2.1 երեխա:
«Նախորդ ռազմավարությունը ոչ միայն չէր արտացոլում առկա իրավիճակը, այլեւ չուներ այն տվյալահենությունը, որն անհրաժեշտ է այս ոլորտում, դրա համար անհրաժեշտություն է առաջացել ունենալ նոր ռազմավարություն, նաեւ այն պատճառով, որ ունեինք այլ իրավիճակ, հարկավոր էր, որ պետությունն ունենա ժողովրդագրության համապարփակ մի փաստաթուղթ, որով կամրագրվեն այն հիմնախնդիրները, որոնց այսօր բախվում է Հայաստանը, նաեւ տարածաշրջանային, համաշխարհային տենդենցները կկարողանայինք ամփոփել այդ փաստաթղթում»,-Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Նրա խոսքով. «2020թ պատերազմից, քովիդից հետո այդ փաստաթղթի անհրաժեշտությունն էլ ավելի սրվեց»: Փոխնախարարն ընդգծեց, որ փաստական հաշվարկների հիման վրա իրականացված, ավելի երկար ժամանակ աշխատված փաստաթղթի մասին է խոսքը:
Կարդացեք նաև
«Աշխատանքի ամենամեծ բարդությունը եղել է այն, որ ի սկզբանե կողմնորոշված ենք եղել կառուցել ժողովրդագրական կանխատեսման մոդելը՝ հիմնված փաստերի եւ պատճառահետեւանքային կապերի վրա: Իրականացվել են երկու մեծ վերլուծական աշխատանք. մեկն այն էր, որ փորձել ենք հասկանալ, բացահայտել եւ հիմնավորել այսօրվա ժողովրդագրական իրավիճակի կապը անցյալ իրողությունների հետ: Դա է պատճառը, որ սկզբից մշակել ենք մեծ տվյալների բազա՝ շուրջ 125 տարվա կտրվածքով, հետո փորձել ենք հասկանալ այն բոլոր իրադարձությունները, որոնք այս 125 տարվա ընթացքում եղել են, եւ ինչպես են ազդել այսօրվա ժողովրդագրական իրավիճակի վրա»,-նշեց «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր, կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը:
Ջրբաշյանի ձեւակերպմամբ. «Մի շարք բացահայտումներ են եղել, ինչը նաեւ միջազգային փորձագետներն են գնահատել, որոնք լավագույն թիմերից էին աշխարհում: Օրինակ, մեծ Եղեռնի ազդեցությունը այսօրվա ժողովրդագրական իրավիճակի վրա: Իրականում, երբ հասկանում ես ամբողջ մասշտաբը՝ ավելի քան 100 տարվա դեպքերը եւ այսօրվա իրականությունն ինչպես են փոխկապակցվում, դա բավականին լուրջ մարտահրավեր է: Սկսում ես հասկանալ, որ այն որոշումները, առաջարկությունները, որ այսօր ես իրականացնելու, ազդելու են առաջիկա 100 տարիների վրա: Կամ ինչպես են Երկրորդ համաշխարհային պատերազմի կորուստները, ուրբանիզացիայի փուլը եւ այլն անդրադարձել ժողովրդագրության վրա…Սա առաջին վերլուծական նյութն էր:
Երկրորդ վերլուծական նյութը նույնպես շատ կարեւոր էր եւ նպաստեց նրան, որ կառավարությունը մեծ լրջություն տվեց այս փաստաթղթին: Մենք փորձեցինք վերլուծել, թե ինչպես է ժողովրդագրական իրավիճակը, կառուցվածքը ազդում տարբեր ոլորտների վրա՝ սկսած քաղաքական միջավայրից ու անվտանգությունից, վերջացրած՝ կրթությամբ, առողջապահությամբ, տնտեսական զարգացմամբ: Եվ երբ որ դու ընկալում ես, որ ժողովրդագրական իրավիճակը կանխորոշում է շատ իրավիճակներ՝ այլ ոլորտներում, դու հասկանում ես իր ֆունդամենտալ լինելը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ