Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք պետությանը վնաս են տալիս տասնյակ միլիոններ, պետք է հատուցեն իրենց պարգեւատրումների հաշվին». Աղվան Վարդանյան

Օգոստոս 29,2024 13:10

Այսօր արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների եւ լրացումների նախագիծ, որով առաջարկում են սահմանել, որ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի՝ այլ գործատուի մոտ աշխատանքի անցնելու դեպքում վարձատրվելու է նախկին աշխատանքի համար վարձատրվող աշխատավարձի չափով 9 ամսվա գումար: Իսկ եթե 9 ամսից պակաս է հարկադիր պարապուրդում եղել` տվյալ ժամանակահատվածի գումարը:

Փոխնախարարն ասաց, որ գործող օրենսդրությամբ հնարավորություն կար հարկադիր պարապուրդը հաշվարկել մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը: Սակայն փաստացի այդ գործընթացը այնքան երկար է տեւում, որ քաղաքացին ոչ թե մնում է հարկադիր պարապուրդում, այլ անցնում է այլ աշխատանքի, երբեմն ավելի լավ վարձատրվող ու միաժամանակ համարվում է հարկադիր պարապուրդում գտնվող: Հիմա եթե կպարզվի, որ հարկադիր պարապուրդում մարդը անցել է ավելի ցածր աշխատավարձով աշխատանքի, տարբերությունը աշխատավարձերի նույնպես պետք է վճարվի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք վերջին տարիներին ունեցել ենք իրավիճակ, երբ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դեպքերում աշխատանքից անօրինական ազատումներ են տեղի ունեցել, այն աշխատողները, որոնք գիտակցել են իրենց իրավունքների խախտումները, դիմել են դատարան, առաջին ատյանի դատարանը մեկ տարի, երկրորդ ատյանը՝ 2 տարի…Դատարանների վճիռներից հետո մարդկանց վճարվել է 5-6 տարիների աշխատավարձ: Եթե պետական մարմինները առաջին ատյանի վճիռներից հետո հասկանային, գիտակցեին, որ խախտումներ են թույլ տվել ու չդիմեն Վերաքննիչ դատարաններ, պետությունը կտուժեր 2-3 մլն, բայց համառորեն դիմում են Վերաքննիչ, Վճռաբեկ ու մարդիկ վճարվում են տասնյակ միլիոններ: Շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե նախարարությունը նաեւ սա կարգավորեր: Այդ գերատեսչությունների ղեկավարները, որոնք պետությանը վնաս են տալիս տասնյակ միլիոններ, պետք է հատուցեին իրենց պարգեւատրումների հաշվին»:

Փոխնախարարը պատասխանեց, որ իսկապես բազմաթիվ են նման դեպքերը ոչ միայն իրենց նախարարությունում, այլեւ ամբողջ պետական համակարգում ու իրենք մտածում են. «Բնական է, վարչարարությունը ստատիկ չի ու կարող է դատարանը որոշել, որ ճիշտ որոշումներ չեն կայացրել: Եթե առկա է դատական ակտ, որով անձը անօրինական է ազատվել աշխատանքից, բնական է, որ այդ անձը պետք է անպայման ստանա իր հատուցումը»:

Աղվան Վարդանյանը խնդրեց վիճակագրություն ներկայացնել՝ վերջին 6 տարիների ընթացքում քանի՞ դեպք է արձանագրվել անօրինական աշխատանքից ազատումների: Փոխնախարարն ասաց, որ դատական դեպարտամենտից պետք է խնդրեն տվյալներ, ուստի այդ վիճակագրությունը կարող է ներկայացնել ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031