Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվեց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը:
Պաշտպանական ճառի հետ կապված նիստը նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն արձանագրեց, որ ճառն ավելի շատ նախորդ նիստերին ներկայացված միջնորդությունների ամփոփում լինի ու կարծես թե պաշտպանական կողմը չարաշահում է իր իրավունքները:
«Իմ պաշտպանական ճառը մի նպատակ ուն՝ի հասնել արդարացման դատավճռի»,- արձագանքեց պաշտպան Արամ Օրբելյանը:
Կարդացեք նաև
Դատարանը թեեւ արձանագրեց, որ պաշտպան Օրբելյանը դատարանում ներկայացրած ճառում բովանդակային առումով կրկնում է դատաքննության ընթացքում ներկայացրած միջնորդությունների բովանդակությունը, սակայն չի սահմանափակում պաշտպանի՝ ճառով հանդես գալու իրավունքը եւ հնարավորություն է տալիս շարունակել իրացնել ճառով հանդես գալու իրավունքը:
Պաշտպան Օրբելյանն էլ հակադարձեց, թե նիստը նախագահող դատավորը դեռեւս ճառի բովանդակությունը չլսած՝ կանխակալ վերաբերմունք ունի. «Ճառին անդրադառնում է որպես միջնորդություն, այլ ոչ թե որպես ճառ: Ըստ էության՝ գնահատում է դեռեւս չհնչեցրած ճառին որպես չարաշահում: Օրենքը շատ հստակ սահմանել է: Այ, եթե ես Հովհաննես Թումանյանի ինչ-որ մի հեքիաթ կարդամ, այդ ժամանակ ինձ չեք թողնի, այ դա չարաշահում է»:
Փաստաբանը նաեւ նկատեց, որ իր ճառը հստակ տարբերվում է միջնորդությունից, որովհետեւ հղում է պարունակում. «Ուզում եմ ուշադրությունը հրավիրել հետեւյալին, 2021 թվականի հունիսի 18-ին «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի կողմից նրան տրված ուղղակիորեն հրահանգներին Հրայր Թովմասյանի դեմ քրեական հետապնդում նախաձեռնելու մասին…. ցիտում եմ՝ «Եթե Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ փորձում էր, օրինակ՝ իր համար Սահմանադրական դատարան ստանալ, այդ ընթացքում նա չէր նայում ոչ մի բանին, անցնում էր բոլոր կարմիր գծերը, փորձում էր այդ գործընթացին մասնակից դարձնել ԱԱԾ-ին: Ինձ ուղղակի հրամաններ են իջեցվել, որ պետք է գնալ Հրայր Թովմասյանին վախեցնել, Սահմանադրական դատարանի մյուս անդամներին վախեցնել, իրենց ընտանիքի անդամների վրա որոշակի վարկաբեկիչ նյութեր, քրեական հետապնդում իրականացնել: Հիշո՞ւմ եք Հրայր Թովմասյանը մի օր ասաց՝ հուսով եմ Արթուր Վանեցյանը կխոսի այդ մասին, այ հիմա եմ ասում, այո՛, եղել են բազմաթիվ հրահանգներ միջամտել Սահմանադրական դատարանի գործունեությանը»: Ուղղակի հանցագործության մասին հաղորդում, որին չի հաջորդել ոչ մի գործողություն»:
Արամ Օրբելյանը նաեւ նկատեց, որ Թովմասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ունի ոչ իրավաչափ շարժառիթներ, կապված է Սահմանադրական դատարանի՝ այն ժամանակվա վարույթում գտնվող կոնկրետ գործի շրջանակում Թովմասյանի եւ Սահմանադրական դատարանի այլ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու փորձի հետ:
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ