Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղբայր, քո տան դռան դեմը դու պիտի մաքրես». Նիկոլ Փաշինյանը՝ դպրոցների ժանգոտ ցանկապատերի եւ հին ինտերիերի մասին

Օգոստոս 29,2024 12:24

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ, ամբողջությամբ իրականացվել է նոր դասագրքերի տպագրությունը. այսօր կայացած կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կարծում եմ, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, մենք ժամանակային որեւէ ձգձգում չենք ունենա։ Արդեն իսկ դասագրքերի մեծ մասը դպրոցներում են, մնացածը կհասնի մինչեւ այս շաբաթվա վերջ եւ սեպտեմբերի 1-ից ողջ փաթեթով կկարողանանք դասապրոցեսն իրականացնել։ Կարծում եմ, որ այս իմաստով ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չունենք»,- ասաց նախարարը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց, որ սեպտեմբերի 1-ին շահագործման կհանձնվի 7 նորակառույց դպրոց։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, 210-ից ավել նոր դպրոցներ է կառուցել գործող կառավարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց վերահսկողության մասին, ասաց՝ կառավարության ներկայացուցիչները պետք է գնան եւ տեսնեն՝ ի՞նչ է կատարվում դպրոցներում, թե ներսում, թե դրսում, լսեն ուսուցիչների եւ աշակերտների կարծիքը. «Ի՞նչ բացթողումներ, դիտողություններ կան, ի՞նչ դրական ուղղություններ կան, դրականն էլ է մեզ պետք»:

Փոխվարչապետն ու վարչապետը խոսեցին այն մասին, որ շենքի կառավարման ուղեցույց պետք է լինի, որին նաեւ դպրոցների տնօրենները պետք է տիրապետեն, որպես գույքի կառավարիչներ: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց տնօրենների ընտրության չափանիշներում մի տողով էլ ամրագրել, որ տնօրենի հավակնորդը պետք է տեղյակ լինի դպրոցի կառավարման ուղեցույցին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

«Դպրոցը կրթական, էսթետիկական միջավայր է, որը պարտադիր պետք է տեղի ունենա»,- ասաց նա՝ հավելելով, որ կներդրվեն նաեւ դպրոցի ինտերիերի ձեւավորման չափանիշներ:

«Մենք մեր բոլոր հին ու նոր խնդիրները տանում ենք՝ կապում ենք երեխեքի վզից»,- վրդովվեց նա՝ դժգոհելով նոր կառուցված դպրոցներում հին եւ մաշված գույքի առկայությունից:

Ժաննա Անդրեասյանն էլ դժգոհեց դպրոցական աթոռների ծանրությունից

Հետո երկար խոսվեց դպրոցների՝ «գունեղ» լինելու անհրաժեշտության մասին, «ժանգոտ ցանկապատերից» ազատվելու մասին:

Նիկոլ Փաշինյանը հարցին ավելի լայն անդրադարձավ. «Քաղաքացու ցանկապատն էլ չպիտի լինի ժանգոտ, որովհետեւ դա վերաբերմունք է միջավայրին, բնակավայրին: Եթե պետությունը 8 միլիարդի ներդրում է անում, քաղաքացին էլ պիտի 8 հազար դրամի ներդրում անի, հարեւաններով որոշեն, որ այս ցանկապատները պետք է իքս գույնի լինի»:

 

 

Նիկոլ Փաշինյանը խոսեց համայնքի, համակեցության եւ, որպես հետեւանք, ազգային միասնության մասին էլ՝ ասելով, որ ձմռանը մարդն իր դռան դիմաց ընկնում է, ոտքը կոտրում ու անմիջապես ուղիղ եթեր է մտնում՝ կառավարության «հերն անիծում». «Եղբայր, քո տան դռան դեմը դու պիտի մաքրես»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031