Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը
2024 թվականի սեպտեմբերի 6-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններին ընդառաջ այսօր գրավոր դիմում եմ ներկայացրել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի կամ ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոններից որևէ մեկից հրաժարական ներկայացնելու պահանջով, քանի որ նա այդ պաշտոնը զբաղեցնելով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 124-ի 4-րդ մասի՝ Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք։ Հարկ է նկատել, որ Սահմանադրությունը բացառում է ցանկացած այլ պաշտոն զբաղեցնելու հանգամանքը, անկախ դրա վճարովի կամ հասարակական հիմունքներից։
Տվյալ դեպքում Հանրապետության նախագահը, իր պաշտոնից բացի, զբաղեցնում է ՀՊՏՀ կառավարման խորհրդի անդամի և դրանով պայմանավորված նաև ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը՝ խախտվելով ՀՀ Սահմանադրությունը։
Համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 123-ի 3-րդ մասի Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով, իսկ կոնկրետ կազմակերպության ղեկավար մարմնում ընդգրկված լինելը խախտում է Հանրապետության նախագահի անաչառության սկզբունքը, քանի որ նա ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելով, պարտավոր է հարգել և առաջնորդվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության շահերով։
Կարդացեք նաև
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրության հոդված 149-ի 1-ին և 5-րդ մասերով սահմանված կարգերով, Հանրապետության նախագահը ինքն է նշանակում ՀՀ վարչապետ, սակայն պարզվում է, որ նա ընդգրկված է մի կառավարման մարմնում, որը ձևավորվել է Հանրապետության նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձի (վարչապետի) որոշմամբ։ Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել պաշտոն այն պաշտոնատար անձի որոշմամբ ում ինքն է Սահմանադրությամբ սահմանված կարգով նշանակում տվյալ պաշտոնում։ Այդ կապակցությամբ ես պաշտոնապես դիմել եմ նաև ՀՀ վարչապետին՝ Վահագն Խաչատուրյանին ՀՊՏՀ կառավարման խորհրդի կազմից հեռացնելու և նրա փոխարեն այլ անձի նշանակելու պահանջով։
Զավեշտալի է այն փաստը, որ, համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 123-ի 2-րդ մասի, Հանրապետության նախագահը սահմանադրական պարտավորություն ունի հետևելու Սահմանադրության պահպանմանը, սակայն պարզվում է, որ նա ինքն է խախտում ՀՀ Սահմանադրությունը։
Ի դեպ, Վահագն Խաչատուրյանը ակնհայտ սխալ տեղեկություններ է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած իր 2021 թվականի, 2022 թվականի և 2023 թվականի Գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերում (հիշյալ բոլոր երեք հայտարարագրերի «Ե․4․ Հայտարարատուի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում ներկայացված է «Տվյալներ չկան» նշումները)՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրվող ենթադրյալ հանցագործություն։ Այդ կապակցությամբ ես պաշտոնապես դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ վարույթ նախաձեռնելու և օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու միջնորդությամբ։