Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կիրառում ենք «էթնիկ զտում» եզրույթը, Օկամպոն խորհուրդ տվեց բացառապես «ցեղասպանություն» բառը կիրառել. Արմինե Մարտիրոսյան. «Հրապարակ»

Օգոստոս 29,2024 11:14

Մի քանի օր առաջ քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ տեսակապի միջոցով զրուցել են Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ, ով Հայաստանի ու հայության լավ բարեկամն է եւ արդարամիտ իրավաբան: Պրոֆեսոր Օկամպոն այդ զրույցում կարեւորել է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի դերը` առանց պետության ժողովուրդների իրավական պաշտպանության հարցում որպես իրավական կարեւոր գործիք։ Նշել է, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականը հայտարարել էր, որ կա ցեղասպանության ռիսկ Արցախում, իսկ դա արդեն իսկ ենթադրում է միջազգային հանրության կողմից գործողության պարտավորություն։ Տեսակապին մասնակցել են Արմինե Ավագիմյանը` «Գեն նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ, Արմինե Մարտիրոսյանը` լրագրող, Շուշանիկ Հարությունյանը` սոցիոլոգ, Հասմիկ Իսրայելյանը` մաթեմատիկոս: Զրուցել ենք տեսակապին մասնակցած «Кавказский Узел» պարբերականի լրագրող, արցախցի Արմինե Մարտիրոսյանի հետ:

– Ի՞նչ արձանագրեց Օկամպոն տեղի ունեցած իրադարձությունների մասին:

– Խորհուրդ տվեց, որ արցախցիներն ավելի ակտիվ լինեն, չսպասեն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ որեւէ մեկը մեր փոխարեն ակտիվ լինի: Կարճ ասած` որ մեր հույսը մենք պետք է լինենք: Առհասարակ, ամեն մեկս մեր տեղում լինենք, բայց` ակտիվ: Նա ասաց, որ քաղաքացիները կարող են շատ հանգիստ դիմել միջազգային ատյաններին: Շեշտեց, որ աշխարհն այժմ փոխվել է, այսօրվա աշխարհը 1915 թվականի աշխարհը չէ, հիմա կան տարբեր ռեսուրսներ, որոնք կարող ենք օգտագործել, եւ արցախցիների ու Արցախի հարցը պետք է մշտապես ակտիվ պահել, որպեսզի հասնենք ինչ-որ մի բանի: Այնպես չէ, որ գնանք հանգիստ քնենք, մեր փոխարեն ինչ-որ մեկն ինչ-որ բան կանի:

– Իսկ հայ ռազմագերիների մասին ի՞նչ քննարկեցիք: Բաքվում նոյեմբերին տեղի է ունենալու COP-29-ը:

– Գերիների հարցը մեր քննարկած ամենակարեւոր հարցերից էր: COP-ի կոնտեքստում հարցը քննարկեցինք, բայց գերիների հարցը, ըստ իս, առանձին թեմա չէ, արցախցիների ընդհանուր խնդիրների կոնտեքստում է: Գերիների հարցն արցախցիների իրավունքի հարց է: Օկամպոն շատ հստակ մեզ բացատրեց, որ մենք կիրառում ենք «Էթնիկ զտում» եզրույթը, խորհուրդ տվեց բացառապես կիրառել «Ցեղասպանություն» բառը: Նա նաեւ լրատվամիջոցներին նույն բանը խորհուրդ տվեց: Պետք է անընդհատ «Ցեղասպանություն» տերմինն օգտագործենք, քանի որ բարձր ատյաններից էլ արդեն իսկ խոսվել է, որ Արցախում կա ցեղասպանության ռիսկ: «Ցեղասպանություն» բառը ենթադրում է, որ Ադրբեջանին պատասխանատվության կենթարկեն:

– Արցախի վերադարձի, արցախցիների իրավունքների վերականգնման մասին ի՞նչ խոսվեց:

– Նշեց, որ Արցախ վերադարձի հարցը պետք է ակտուալ պահենք: Հանդիպումը հենց դրա համար էինք կազմակերպել, որպեսզի հասկանանք` ինչ անել: Օկամպոն շեշտեց, որ տարբեր ատյաններում պետք է առանցքային մնա Արցախ վերադարձի հարցը: Կլինի ակցիաների, կոնֆերանսների, թե ուղղակի նամակների միջոցով, պետք է այս հարցը մնա ակտուալ: Հիմա շատերը սխալ են Արցախ վերադարձի մասին ներկայացնում: Հատկապես երբ խոսում են կոլեկտիվ վերադարձի մասին, սակայն կան կոնկրետ պայմաններ, որոնց ապահովումից հետո միայն կարող ենք Արցախ վերադառնալ: Հիմա ո՞ւր գնանք` Ադրբեջանի կա՞զմ: Չէ, չի լինելու նման բան: Օկամպոն հստակ այս մասով չնշեց, թե ինչ անենք: Հանդիպումը բավականին երկար տեւեց՝ մոտ 2 ժամ, նախատեսել ենք նոր հանդիպում, որի ընթացքում նաեւ այս հարցին ավելի հանգամանալից կանդրադառնանք: Ամեն դեպքում, մենք ուզում ենք վերադառնալ Արցախ, բայց՝ հայկական Արցախ, ոչ թե Ադրբեջանի կազմ: Ի վերջո, Արցախից մարդիկ դուրս եկան ցեղասպանության վտանգից ելնելով:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031