Տավուշի մարզի Կիրանց գյուղում, այսպես կոչված, սահմանազատումից հետո մարդկանց տրամադրությունների եւ նոր իրողությունների մասին «Հրապարակը» զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ծնունդով կիրանցեցի Գեղամ Նազարյանի հետ։
– Վերջին անգամ ե՞րբ եք եղել Կիրանցում։
– Ես անընդհատ գնում-գալիս եմ՝ կիրակի երեկոյան եմ եկել։
– Այսպես կոչված՝ սահմանազատումից հետո մարդիկ ի՞նչ տրամադրվածություն ունեն։ Փոփոխություն կա՞, գուցե լավատեսորեն են տրամադրված, գուցե շատ վատատեսական սպասումներ ունեն։
Կարդացեք նաև
– Ո՛չ լավատես են, ո՛չ՝ վատատես։ Այդ մարդիկ փորձում են հարմարվել նոր իրավիճակին՝ երջանիկ չեն, ուրախությունից ուշքները չի գնում, վախից էլ չեն սարսափում` տակները չեն միզում։ Այդքան բան, որ ավելի պարզ ասեմ։
– Սահմանազատումից հետո գյուղից հեռացողներ կամ նման ցանկություններ հայտնած բնակիչներ կա՞ն։
– Ոչ, ընդհակառակը՝ եկողներ կան ու տարածքի կռիվ են անում, թե որտեղ տուն սարքեն, որ ապրեն։
– Որտեղի՞ց են գալիս։
– Օրինակ՝ Աչաջուր գյուղից, որը Տավուշի մարզի գյուղերից է։ Մի ընտանիք եկել է, տուն է սարքում, ուզում է գյուղում ապրել։ Գյուղացիներն էլ նեղվում են, ասում են՝ մենք տուն սարքելու տեղ չունենք՝ ինչի՞ հող ծախեցիք։ Այ, սենց վիճակ է, խանութ են սարքում, տուն են սարքում, ես ասում եմ՝ ոչ թե ուրախ են, երջանիկ են, այլ իրենք գյուղից դուրս գալու մտադրություն չունեն։ Ընդհակառակը՝ ասում են․ չէ, պետք է ավելի շատ ապրենք, ավելի շատ երեխա ունենանք։
– Իսկ այն հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորը Կիրանցի դպրոցի մոտ է կանգնած, չի՞ խանգարում, գոնե չպե՞տք է այնպես արվեր, որ երեխաները թշնամու զինվորին իրենց աչքի առաջ չունենային։
– Իրականում, դպրոցի մոտ չկա, եթե նման համեմատության մեջ մտածենք։ Ադրբեջանցի սահմանապահը գյուղից չի երեւում՝ հատկապես դպրոցի տարածքի մոտից, բայց դա չէ գերակա խնդիրը։ Այդ ադրբեջանցին միշտ էլ գյուղի մոտ է եղել, հիմա 2.5 կմ ավելի մոտ է եկել գյուղին։ Գյուղը 34 տարի ապրել է այդ իրավիճակում, որ ինքը սահմանային գյուղ է, դիմացն Ադրբեջանն է։ Դրա համար էլ այս գյուղի մարդը հասկանում է, որ իրավիճակը փոխվել է ոչ հօգուտ մեզ, բայց դա հիմք չէ, որ ինքը վախենա, սարսափի եւ այլն։ Ես շատ կուզեի, որ դուք տեսնեիք, օրինակ, Կիրանց գյուղի բնակիչ Մհերին, որի տունը հիմա սահմանից 4 մետր կամ 5 մետր հեռու է։ Ինքն ապրում է այնտեղ, իր թոռները քնում են այնտեղ, եւ դա էլ հայի իսկական օրինակն է, որ հակառակ կողմից տեսնում են, ասում են՝ այ, հայը սա է, որ մեզնից չի վախենում։ Այ, սա է հայ մարդը, եւ ինձ համար հայի իսկական օրինակն այդ մարդն է։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: