Արցախցիների բնակարանային ապահովման պետական ծրագիրը շուրջ երեք ամիս է՝ գործում է, սակայն մինչ այս պահը տեղահանված որեւէ ընտանիք դեռ բնակարանատեր չի դարձել։ Այդքան թմբկահարված ծրագրով ընդամենը 30 ընտանիք հավաստագիր է ստացել, բայց դեռեւս չեն իրացրել, բնակարան չեն գնել կամ կառուցել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվել էինք՝ քանի արցախցի է օգտվել ծրագրից, եւ որ տարածքներում են նրանք բնակարան ձեռք բերել: Ի պատասխան՝ մեզ փոխանցեցին․ «Այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 600 ընտանիքի դիմում։ Հավաստագրման գործընթացում հնարավոր չէ ստանալ վիճակագրություն` քաղաքացիների նախընտրելի բնակավայրերի մասին, այդ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ հավաստագրերի իրացումից հետո։ Այսինքն՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվում է հավաստագիրը, իսկ թե որտեղ կնախընտրի ձեռք բերել իր տունը հայրենակիցը, դրանից հետո համապատասխան չափով գործարքը կկատարվի։ Հավաստագրման գործընթացը մեկնարկել է․ շուրջ 30 ընտանիք ստացել է հավաստագիր»։
Կան տեղեկություններ, որ, բնակարանային ապահովման ծրագրով պայմանավորված, վերջին ամիսներին արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակն աճել է։ Մենք կփորձենք պատկան մարմիններից վիճակագրություն ստանալ, սակայն արցախցիները վստահեցնում են, որ բնակարանային ապահովման ծրագիրն անիրատեսական ու իրենց ոչնչով չաջակցող ծրագիր է։ Չնայած ինչ-որ մարդիկ դիմում են, բայց պետության տված՝ յուրաքանչյուր շնչին 3 մլն դրամով բարդ, եթե չասենք՝ գրեթե անհնարին է լինելու նորմալ բնակարան ձեռք բերելը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: