Վերջերս «թարմացվել են» խոսակցություններն այն մասին, որ 1991 թվականին մենք՝ հայերս «պետություն ենք ստացել» պատահաբար, բացառապես այն պատճառով, որ փլուզվեց Խորհրդային Միությունը, որ մեր ժողովուրդն առանձնապես խանդավառ չէր այդ հարցում՝ պարզապես այդպես է ստացվել: Այդ խոսակցությունները նոր չեն՝ 1990-ականների առաջին կեսին այդպես էին մտածում նրանք, ովքեր կարծում էին, որ խորհրդային կայսրությունը հնարավոր է վերականգնել եւ «նորից լավ ապրել»: Այդպիսի պատրանքներ ունեցողները հիմա 70-80-տարեկան են, եւ, հասկանալի պատճառներով, դուրս են գալիս ասպարեզից:
Հիմա այդ՝ պատմագիտության տեսակետից քննադատությանը չդիմացող թեզը առաջ է գալիս բացարձակապես ոչ «Սովետի կարոտախտի» պատճառով՝ անցած-գնացած էտապ է: Այժմ գոյություն ունի մեկ այլ ախտ, մեկ այլ մոլորություն՝ որ մենք այստեղ կարող ենք «լավ ապրել» առանց պետության կամ (որն, ըստ էության, նույնն է) պետությունը մենք արդեն կառուցել ենք, եւ հիմա կարելի է այդ կառուցածը վայելել՝ առանց պայքարի եւ զոհողությունների:
Այդ առիթով ուզում եմ ուշադրություն դարձնել Սեւակ Արամազդի հոդվածի վրա, որը շատ պերճախոս վերնագիր է կրում՝ «Կենդանի թաղուած. Հայոց քաղաքական վախճանը»: Եթե ես լինեի վերնագիր դնողը, ապա կընտրեի ավելի «ժողովրդական» տարբերակ՝ «Մեռած-չթաղած հայոց պետականությունը»:
Մի կողմ դնելով հեղինակի այն դատողությունները, որոնց հետ համաձայն չեմ, ուզում եմ առանձնացնել երկու թեզ, որոնք, կարծում եմ, անվիճելի են: Պետություն ունենալու համար անհրաժեշտ է որակական հատկանիշ՝ «ինքնահաստատման միասնական կամք»: Ըստ այդմ, 1988-1991 թվականներին այդ կամքը կար, իսկ հետագա տարիներին այն քայքայվեց, որովհետեւ քաղաքական եւ մտավորական վերնախավն առաջ էր քաշել ապաքաղաքական օրակարգ:
Կարդացեք նաև
Երկրորդ թեզն այն է, որ պետությունը քայքայվում է այն դեպքում, երբ «Պետության գիտակցության մեջ խզվում է ժառանգականության սկզբունքը, որը որեւէ Պետության գոյատեւման անկապտելի երաշխիքն է»: Այսինքն՝ քաղաքական գիտակցությունը հեռանում է ինքնահաստատման միասնական կամքից, ինչը եւ տեսնում ենք այսօր: Ավելին, ինձ թվում է, որ քաղաքական գիտակցությունը դադարում է քաղաքական լինելուց:
Այդպիսով, մենք ունենք հանրություն, որն իրականում չի ցանկանում պետություն ունենալ եւ որը տեղավորվում է ներկայիս իշխանության ու ընդդիմության ապաքաղաքական սխեմաների մեջ: Այդ «անկումնային» տրամադրությունները կարող են փոխվել: Սկզբի համար պետք է դադարել 1988-1991 թվականների ժողովրդին «սխալ հանելուց»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Որպէս աւանդական, հարազատ Սփիւռքի դաշնակցական, որ իր ծննդեան օրօրոցէն մինչեւ 25 տարեկանը՝ «հակա-Հայաստան» դաստիարակութիւն ստացած էր, երազելով ու ձգտելով՝ Անկախ Հայաստանի մը, ինծի եւ իմ նման շատերի համար, անհերքելի բան է որ յետ-70ական թուականների Հհն, անհամեմատօրէն աւելի լաւ տեղ մըն էր, քան՝ ինչ որ հանդիսացաւ դրա անկախացած տարբերակը- անկախութեան առաջին հանգրուանէն իսկ սկսեալ – :
Բոլոր մակարդակներու վրայ: Ներառեալ, ազգայինը:
Միակ մխիթարութիւնը, միմիակ յոյսը՝ Արցախի ազատագրումն էր:
Ի դէպ, երբ որ Խորհրդային Միութիւնը սկսաւ խորտակուիլ, ՀՅԴի օրուայ ղեկավարութիւնը համաձայն չէր որ այդպէս՝ հապճեպ, անհամբեր եւ անխոհեմ կերպով, ափալ-թափալ, հռչակուի ՀՀի Անկախութիւնը:
Ապա, նոյն ղեկավարութիւնը չէր ուզէր այդքան արագ, շուտափոյթ կերպով՝ ՀՅԴ կառոյց ստեղծել ՀՀի մէջ:
Սակայն երկու պարագաներուն ալ, Բիւրօն հարկադրուեցաւ հետեւելու հայաստանցի – նորելուկ – դաշնակցականների ցանկութեան:
Եւ քիչ ժամանակ անց արդէն, առաջին նախագահը գլխատեց սոյն ՀՅԴ ղեկավարութիւնը: Եւ այդպէսով սկսաւ ՀՅԴի քանդումի գործընթացը:
Մ. Հայդուկ Շամլեան