Սկիզբը՝ այստեղ:
Վաշինգտոնից բացեիբաց ասացին, որ օգնում են Հայաստանին Ռուսաստանից հեռանալու հարցում, եւ որ Բաքուն եւս «հիասթափված էր կարգավորման գործընթացում ՌԴ-ի ներգրավվածությունից»
Այն, որ Վաշինգտոնը վերջին ամիսներին հետեւողական աշխատանք տարավ Բաքվի հետ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման ուղղությամբ` հրապարակային հանդիպումների մասին տեղեկատվությունների առատությունից էլ էր նկատելի: Վերջին ամիսներին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հույս հայտնեց, որ Երեւանին ու Բաքվին կհաջողվի համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի շուրջ։
Այս ամսվա սկզբին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը մեկնեց ԱՄՆ, որտեղ հանդիպեց մի շարք պաշտոնյաների հետ, քննարկեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացի հարցեր: Ամիրբեկովն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես, քննարկել էր ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով օգնական Մայքլ Քարփենթերի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի, պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի հետ։
Կարդացեք նաև
Խաղաղության պայմանագրի Բաքվի առաջարկների հերթական՝ 10-րդ փաթեթը Երեւանն ամռան ընթացքում էր ստացել, ասվում էր, թե առաջարկները մշակման փուլում են։ Նույն Ամիբերկովը ԱՄՆ այցի օրերին հայտարարեց, որ Երեւանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի ավարտին. «Եթե նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա կողմերը մոտ են դրա ավարտին: Բաքուն զգալի առաջընթաց է գրանցել Երեւանի հետ խաղաղ բանակցություններում»։
Ադրբեջանցի պաշտոնյայի` ԱՄՆ մեկնելու օրերին Վաշինգտոնը վերահաստատեց, որ շարունակում է ակտիվորեն նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդար եւ երկարատեւ խաղաղության հաստատմանը։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը պնդեց, թե Երեւանն ու Բաքուն փոքր-ինչ հիասթափված են կարգավորման գործընթացում Ռուսաստանի ներգրավվածությունից։ Նրա խոսքով՝ Մոսկվան չի ցանկանում, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն կնքեն, «կամ էլ փորձում է համոզվել, որ դա տեղի ունենա իր պայմաններով»։
Օ’Բրայենի մակարդակով նման հայտարարություն անելը նշանակում էր, որ Ադրբեջանն էլ որոշակիորեն Վաշինգտոնին հասկացնել է տվել, որ ՌԴ-ի պահվածքը, մեղմ ասած, այնքան էլ կառուցողական չէ: Իսկ նշանակո՞ւմ է սա, որ Ալիեւը մեկ ամիս հետո Բաքվում ընդունելով Պուտինին` նույնպես հասկացնելո՞ւ էր, որ Ադրբեջանից շատ բան չարժե ակնկալել` Արեւմուտքի հետ հակադրվելու հարցում…
Վաշինգտոն այցից հետո Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում շարունակեց պնդել, թե` «առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, առավել հստակ՝ առանց Մայր օրենքից Անկախության հռչակագրի հիշատակումը հանելու, Բաքուն Երեւանի հետ խաղաղության պայմանագիրը չի ստորագրի»։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, թե հենց դա է խաղաղության գործընթացի միակ խոչընդոտն այս պահին. «Մենք ուզում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ապագայում որեւէ վերադարձ ռեւանշիզմին կամ Ադրբեջանի նկատմամբ տարածքային որեւէ պահանջ, ինչի ականատեսն էինք։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղության բանակցություններին եւ պայմանագրի վերջնական ստորագրմանը վերաբերվում է որպես ժամանակ ձգելու մարտավարություն՝ իր ռազմական կարողություններն ամրապնդելու եւ այս պատմությունը վերստին սկսելու համար»:
Չնայած ամերիկյան կողմի հորդորներին ու վաշինգտոնյան բանակցություններին՝ Բաքուն, փաստացի, մնացել էր անդրդվելի: «Տարածված կարծիք կա, թե կարեւոր է հնարավորինս շուտ ավարտին հասցնել խաղաղ բանակցությունները եւ գուցե պայմանագրի նախագիծը ստորագրել նոյեմբերին՝ COP29-ի շրջանակներում։ Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա՝ առանց անդրադառնալու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ավելին, ես կարծում եմ, որ դա կարող է հակաարդյունավետ լինել, քանի որ համաձայնագրի նախագծի հապճեպ ստորագրման դեպքում, եթե իրավական խութեր մնան, դրանք կարող են թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին», – հավելել էր Ամիրբեկովը: Վերջինս նաեւ մանրամասնել էր. «Եթե մենք գործող Սահմանադրությունն անփոփոխ թողնենք կամ անուշադրության մատնենք, նշանակում է, որ եթե անգամ ստորագրենք խաղաղության պայմանագիրը, հնարավոր է՝ նոր կառավարություն գա եւ չեղարկի դա, քանի որ այդ փաստաթուղթը տեխնիկական առումով հակասում է Հայաստանի գործող Սահմանադրությանը։ Հայաստանի Սահմանադրական դատարանը եւս կարող է ասել, որ խաղաղության պայմանագիրը հակաօրինական է, քանի որ Մայր օրենքում այլ դրույթներ են ամրագրված»:
Նկատենք, որ ադրբեջանցի պաշտոնյան նաեւ ներկայացրել էր, թե Երեւանում հիմա առաջ են տանում փաստարկը, թե դա քաղաքականապես ժամանակատար գործընթաց է, թե Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027-ին, ու հավելել էր` «շատ լավ, դա էլ է տարբերակ, բայց արդյոք արտաքին աշխարհը պատրաստ է այդքան երկար սպասել, մինչեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրվի…»։ Ու անմիջապես հավելել էր. «Մենք կարիք չունենք շտապել եւ ստորագրել մի թղթի կտոր, որը կարող է չեղարկվել նոր կառավարության կողմից: Եթե Հայաստանն ուզում է նոր Սահմանադրություն մշակել, դա իր ներքին գործն է եւ իրավունքը, մենք խոսում ենք նախաբանը փոխելու մասին»:
Խնդրահարույց մյուս հարցը, ըստ Ամիրբեկովի, ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որն, ըստ նրա` պետք է լուծարվի, ինչպես նաեւ Հայաստանի կողմից միջազգային դատարաններ ներկայացված հայցերը, որոնցում եւս Ադրբեջանը տարածքային նկրտումներ է տեսնում։ Այս հարցերում, ըստ Ալիեւի ներկայացուցչի, Հայաստանը համաձայնել է լուծումների գնալ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միայն։ Կողմերը, ըստ նրա, փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաեւ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհի հարցում, որը Բաքվում «Զանգեզուրի միջանցք» էին կոչում: «Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի, եւս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում, – հայտնեց Ամիրբեկովը, հավելելով, – երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձեւ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունը վերաբացելու համար»: Միաժամանակ, նա շեշտել էր, թե Ադրբեջանի հետ խաղաղությունը Հայաստանի համար անմիջապես հնարավորություններ կբացի Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար։
Հիշեցնենք, որ պաշտոնական Երեւանը հաստատեց, որ Բաքվի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրի նախագծից հանել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը: Սա, ինչպես հայտնի է, խաղաղության պայմանագրի առանցքային դրույթներից մեկն էր, որի շուրջ կողմերը տեւական ժամանակ բանակցում էին: Պաշտոնական Երեւանը շարունակ պնդում էր, որ հայկական կողմը դեմ է միջանցքային տրամաբանությանը, իսկ Ադրբեջանն այս տարիներին, կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը, առանց ստուգումների անցում էր պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջեւան։
Սակայն Հայաստանի ԱԳՆ-ն պաշտոնական Բաքվի բացահայտումից հետո էլ հարկ համարեց ընդգծել. «Դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության եւ տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի եւ առաջմղվող օրակարգի կարեւոր մաս: Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության եւ իրավազորության հարգման, ինչպես նաեւ փոխադարձության ու հավասարության վրա»:
«Խաղաղության խաչմերուկ» ծրագրով, ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքն ինչպե՞ս է հարգվելու, եթե Ադրբեջանը մի քանի տարի է, ինչ ապացուցում է, որ չի հարգում այդ սկզբունքները եւ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումները հետ չի քաշում: Ընդ որում, ՀՀ ԱԳՆ-ն այս նորությունը հաստատեց միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը գաղտնազերծեց համաձայնությունը՝ նշելով, թե կողմերն այդպես խաղաղության պայմանագրի խնդրահարույց հարցերից մեկը լուծելու փոխադարձ ընդունելի տարբերակ են գտել:
Ճանապարհների ապաշրջափակման հարցը Երեւանն ու Բաքուն սկսել էին քննարկել 44-օրյա պատերազմից հետո: Սկզբնական շրջանում բանակցությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում էին ընթանում, հետագայում, սակայն, Երեւանը ենթակառուցվածքների ապաշրջափակման սեփական ծրագիրն առաջարկեց՝ այն անվանելով նախ հայկական խաչմերուկ, այնուհետեւ՝ «Խաղաղության խաչմերուկ»: Բաքուն Երեւանի այս նախագծի վերաբերյալ որեւէ հրապարակային դիրքորոշում չի հայտնում, սակայն շարունակում է առաջ մղել ենթակառուցվածքների ապաշրջափակման իր տեսլականը՝ անխոչընդոտ ճանապարհ դեպի Նախիջեւան:
Ընդ որում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2021-ին կարծիք հայտնեց, թե Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունն առաջ է մղում մի նպատակով՝ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը բանակցությունների օրակարգից հանելու համար: «Միջանցքային տրամաբանությունը, նախկինում էլ ասել եմ, իմ կարծիքով՝ Ադրբեջանը զարգացնում է հենց տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի տարածաշրջանային կոմունիկացիաների թեման հանել օրակարգից», – նշել էր նա:
Հիմա, երբ «Բաքվի հետ փոխադարձ համաձայնությամբ» որոշել են խաղաղության համաձայնագրի նախագծից հանել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը, Բաքուն «միջանցքի» թեման այլեւս չի բերելո՞ւ օրակարգ: Կամ, կա՞ որեւէ երաշխիք, որ միջանցքի թեման «արդիական» չի դառնալու` հենց խաղաղության վերաբերյալ որեւէ տեսակի փաստաթուղթ ստորագրելուց հետո:
Ինչ վերաբերում է Վաշինգտոնի ջանքերին, ապա մեկ ամիս առաջ Երեւանում էր ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որը հանդիպումներ ունեցավ ՀՀ պաշտոնյաների հետ, քննարկեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «տեւական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը»։ «Այժմ եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական եւ տնտեսական ներուժը», – նշել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Հունիս.ի սկզբին Բոնոն Բաքվում էր: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ Բոնոն քննարկել էին Բաքու-Երեւան խաղաղ բանակցություններին առնչվող հարցեր, ինչպես նաեւ մտքեր էին փոխանակել Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի շուրջ: Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը նշում էր, որ ԱԳ Նախարարը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության օրակարգի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Բայրամովն ընդգծել էր, որ մայիսի 10-ից 11-ն Ալմաթիում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը վկայում է երկկողմ խաղաղ գործընթացի արդյունավետության մասին, իսկ Բոնոն, իր հերթին, նշել է, որ վերջին զարգացումները խաղաղ գործընթացի հաջողության հույս են տալիս։
Բոնոն Երեւանում էր նաեւ մայիսի վերջերին: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության, նրանք անդրադարձել էին` խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային հարցերի շուրջ մոտեցումներին եւ դրանց համաձայնեցման ուղղությամբ ջանքերին: «Միրզոյանն ընդգծել է երկու երկրների կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հանձնառությանը հավատարմության, պայմանագրում ամրագրման եւ հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի կարեւորությունը: Ընդգծվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների վերջին հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները», ասվում էր ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Մեկ ամիս առաջ ԱՄՆ-ից բացեիբաց հայտարարեցին, որ օգնում են Հայաստանին Ռուսաստանից հեռանալու հարցում… Վաշինգտոնն օգնում է, որպեսզի Հայաստանը խիզախ քայլեր ձեռնարկի Ռուսաստանից հեռանալու հարցում, ասաց Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո ՀՀ-ի անվտանգության ապահովումը ձախողելուց հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից: «Ռուսաստանը երաշխավորել էր Հայաստանի անվտանգությունը 2020-ի պատերազմից հետո եւ ձախողել այն, երբ Ադրբեջանը վերադարձրեց Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները: Դրանից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից: Հետեւաբար, մենք ստեղծում ենք պայմաններ, որպեսզի դա տեղի ունենա», – ասաց Օ’Բրայենը:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումներում ելույթ ունենալով՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, թե անցած ամիսներին ԱՄՆ պետքարտուղարի, Եվրահանձնաժողովի նախագահի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպումը նվիրված էր հենց Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնելուն։ Այդ հանդիպման արդյունքներով, ինչպես հայտարարել են կողմերը՝ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել Երեւանին առաջիկա 4 տարում 270 միլիոն եվրո, իսկ Վաշինգտոնը 65 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել։ «Հայաստանը տնտեսապես ու էներգետիկ առումով գրեթե ամբողջությամբ կախված է ՌԴ-ից։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք այն՝ Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր դարձնելով կատարել այն խիզախ քայլերը, որոնք նրանց կհեռացնեն Ռուսաստանից», – նկատել էր Օ՛Բրայենը՝ Հայաստանի ձեռնարկած «խիզախ քայլերից» առանձնացնելով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը։ «Դա իսկապես կարեւոր է մի շարք պատճառներով։ Նախ, նրանք վերահսկում են միջազգային օդանավակայանը, եւ հենց այնտեղ է տեղի ունենում պատժամիջոցների շրջանցման մի մասը», – ասել էր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։
Հատկանշական էր, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, որը վերոնշյալ ելույթից շաբաթներ առաջ Հայաստան եւ Ադրբեջան էր այցելել, պնդեց, թե Երեւանն ու Բաքուն փոքր-ինչ հիասթափված են կարգավորման գործընթացում Ռուսաստանի ներգրավվածությունից։ Օ՛Բրայենի խոսքով՝ Մոսկվան չի ցանկանում, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն կնքեն, հավելեց՝ կամ էլ փորձում է համոզվել, որ դա տեղի կունենա Ռուսաստանի պայմաններով։ Իսկ հակառակ դեպքում՝ եթե Երեւանն ու Բաքուն ի վերջո խաղաղության հասնեն առանց Ռուսաստանի մասնակցության եւ ներգրավվածության՝ ոչ Մոսկվայի պայմաններով, ամերիկացի պաշտոնյայի խոսքով, կբացվի մի երթուղի, որը կնվազեցնի Կենտրոնական Ասիայի երկրների կախվածությունը Ռուսաստանից ու Չինաստանից, ինչպես նաեւ նորանոր դռներ կբացի դեպի համաշխարհային շուկաներ։ «Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, եւ հենց հիմա համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակն, ըստ էության, Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով եւ Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից եւ ավելի մեծ հասանելիություն համաշխարհային շուկաներին»,- շեշտել էր ԱՄՆ փոխպետքարտուղարը։
Ամերիկյան կողմի խաղաքարտերը, ինչպես ասում են, բացված են: Վաշինգտոնն ընդդեմ Ադրբեջանի որոշակի քայլերի գնաց, որոնց արդյունքում էլ ԱՄՆ-ին հաջողվել է Ալիեւին որոշակիորեն «կարգի հրավիրել»:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ան Էշուն եւ Քրիս Սմիթն Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող եւ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու երկկուսակցական բանաձեւի նախագիծ էին ներկայացրել: Կոնգրեսականներն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հորդորել են ցեղասպանական ագրեսիայի համար Ադրբեջանին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել։ Մասնավորապես՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են մարդու իրավունքների ոտնահարմանը եւ կիրառել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության կանոնադրական արգելքները՝ համաձայն «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի պահանջների: Նախագծով Ադրբեջանի կողմից Արցախի ավելի քան 100.000 հայության բռնի տեղահանումը ճանաչել են որպես էթնիկ զտում։ Բանաձեւով կոնգրեսականներն ԱՄՆ-ին նաեւ կոչ են արել նպաստել խաղաղության հաստատմանը, որը կապահովի հայ գերիների, այդ թվում՝ Արցախի քաղաքական առաջնորդների ազատ արձակումը, ինչպես նաեւ կերաշխավորվի հայերի իրավունքը՝ անվտանգության համապատասխան երաշխիքներով վերադառնալու իրենց տները։
Հայտնի է նաեւ, որ սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսում միջոցառում կկազմակերպվի՝ նվիրված Արցախի հայաթափման առաջին տարելիցին: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից հայտնել են, որ միջոցառման ընթացքում շեշտը դրվելու է 2020-2023թթ. Արցախի ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցի վրա։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 28.08.2024