Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Մարալիկի նստավայր) շարունակվում է քննվել ընդդեմ Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործը:
Աշխատակիցներից Հ.Շ.-ն, օրինակ, ազատվել է աշխատանքից աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետը լրանալու հիմքով։ Ըստ դատական տեղեկատվական համակարգի, Հ. Շ.-ն եւ Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ սկսած 31.01.2023 թվականից։ Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել 01.02.2023 թվականից մինչեւ 31.03.2023 թվականը: Հայցվորի եւ պատասխանողի միջեւ 31.01.2023 թվականի թիվ 6 աշխատանքային պայմանագիրը եւ 03.01.2022 թվականի թիվ 6 աշխատանքային պայմանագիրը (վերջինիս անբաժանելի մասը կազմող թիվ 1 եւ թիվ 9 համաձայնագրեր) կնքվել են նույն աշխատանքի համար՝ դաստիարակ/մանկավարժ: Նշված աշխատանքային պայմանագրերի միջեւ ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը (03.01.2022 թվականին կնքված թիվ 6 աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը համաձայն թիվ 1 եւ 9 համաձայնագրերի՝ ավարտվել է 30.12.2022 թվականին, իսկ 2023 թվականին կնքված թիվ 6 աշխատանքային պայմանագիրը կնքվել է 31.01.2023 թվականին):
Աշխատակիցը գտնում էր, որ ոչ իրավաչափ էր պայմանագրերի խզումը:
Դատական նիստին աշխատակցի ներկայացուցիչը ասել էր. «Իրավական տեսակետից գործատուն պարտավոր էր նրանց հետ ոչ թե որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել, այլ Աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերով եւ կարգով պետք է կնքեր անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Սրա փոխարեն գործատուն կնքել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր եւ պարբերաբար երկարաձգել աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը»: Այս տարվա փետրվարի 2-ին դատարանն անվավեր էր ճանաչել տնօրենի կարգադրությունը Հ. Շ.-ին աշխատանքից ազատելու վերաբերյալ, նշված պայմանագիրը ճանաչել էր «անորոշ ժամանակով կնքված»:
Կարդացեք նաև
Դատարանի վճռով Հ.Շ.-ն վերականգնվել էր աշխատանքում…
Մարզի դատարանում Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակին դիմած նույն մանկապարտեզի աշխատակիցներն էլ՝ Ջ.Ա.-ն, Ա.Հ.-ն, Գ.Ա.-ն, պնդել էին, որ պայմանագրերը լուծարելու իրական պատճառը հանդիսացել է քաղաքացիների դիրքորոշումը Մարալիկի ավագանու ընտրությունների ժամանակ (ընտրությունների ժամանակ հրապարակավ աջակցել էին ոչ թե հաղթած թեկնածուին, այլ՝ մրցակցին։ Ավագանու ընտրություններից հետո, երբ թեկնածուն, որին վերոնշյալ քաղաքացիները չէին սատարել, ընտրվել է Մարալիկ համայնքի ղեկավար, նրանք ազատվել են աշխատանքից-Ռ.Մ.):
Համահայցվորների ներկայացուցիչը դատարան էր դիմել 2023թ. ապրիլի 4-ին, պահանջելով անվավեր ճանաչել 2023թ. հունվարի 31-ի թիվ 10, 14, 8 կարգադրությունները, վերականգնել իրենց աշխատանքում եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, իսկ 03.01.2022 թվականին կնքված թիվ 13,15,19 աշխատանքային պայմանագրերը համարել անորոշ ժամկետով կնքված:
Հայցադիմումով ներկայացվել է նաեւ համահայցվորների նկատմամբ գործատուի կողմից նրանց քաղաքական դիրքորոշմամբ պայմանավորված խտրական վերաբերմունք դրսեւորելու փաստական եւ իրավական հիմքերը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Սարոյանի որոշմամբ` ներկայացված հայցադիմումը վերադարձվել էր պատճառաբանությամբ. «Ներկայացված պայանջների եւ հայցադիմումում նշված փաստական հանգամանքերի համալիր ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ հայցվորները մեկ հայցադիմումով ներկայացրել են միմյանց հետ չկապակցված պահանջներ, մասնավորապես, թեեւ հայցվորներն իրենց պահանջներն ուղղել են նույն իրավաբանական անձի՝ Անի համայնքի Մարալիկի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դեմ, այնուամենայնիվ, հայցվորների պահանջները միմյանց հետ որեւէ կերպ փոխկապակցված չեն: Այն հանգամանքը, որ կազմակերպության տնօրենի նույն օրվա մի քանի կարգադրություններով ազատվել են կազմակերպության մի քանի աշխատակից, հիմք չէ այդ աշխատակիցների կողմից ներկայացված կարգադրություններն անվավեր ճանաչելու պահանջները փոխկապակցված դիտելու համար»:
ՀՀ վերաքննիչ դատարան (նախագահող՝ Նարինե Բարսեղյան) ներկայացված բողոքի գրավոր ընթացակարգով քննության արդյունքում դատարանը 2023 թվականի հունիսի 8-ի որոշմամբ պարտավորեցրել է մարզի առաջին ատյանի դատարանին համահայցվորների կողմից ներկայացված հայցադիմումը ընդունել վարույթ։
2023 թ. նոյեմբերի 2-ին դատարանի որոշմամբ հայցի առարկայի փոփոխություն թույլատրվեց, ներկայացուցիչ Տ. Վարդանյանի միջնորդությունը բավարարվեց մասնակի: Դատարանը մերժեց Անի համայնքի Մարալիկի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից աշխատակիցների խտրականության դրսեւորման փաստը ճանաչելու եւ որպես հետեւանք մանկապարտեզին հօգուտ համահայցվորների 1 ՀՀ դրամ՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասով հայցի հիմքը եւ առարկան փոփոխելու մասին հայցվորների ներկայացուցչի միջնորդությունը։
Այս տարվա հունվարի 29-ին դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխել, իսկ այս տարվա մոտ չորս նախնական դատական նիստերից հետո դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել: «Առավոտի» տեղեկություններով՝ դատարանում հարցաքննվել է նաեւ մանկապարտեզի տնօրենը:
Վերջին նիստը հուլիսի 30-ին էր: Հայցվորի ներկայացուցիչը խնդրել է ճանաչել հայցվորների նկատմամբ խտրականության դրսեւորման փաստը, եւ որպես նշված պահանջի հետեւանք՝ հատուցել ոչ նյութական վնասը։ Ըստ դատարանի՝ հայցվորի ներկայացուցչի վկայակոչած պահանջը՝ խտրականության դրսեւորման փաստի ճանաչումը, որպես այդպիսին, չի հանդիսանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված քաղաքացիական իրավունքի պաշտպանության միջոց։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով առհասարակ նախատեսված չէ խտրականության դրսեւորման փաստի ճանաչումը որպես քաղաքացիական իրավունքի պաշտպանության միջոց։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.08.2024