Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ զրույց՝ Գյումրի այցելած ՆԳ նախարարի և Ախուրյանի նախկին փոխհամայնքապետի միջև

Օգոստոս 28,2024 19:07

Դեռ 20 օր առաջ ՀՀ Ներքին գործերի  նախարար Վահե Ղազարյանն այցելել  էր Գյումրի՝ ոստիկանության «Կումայրի» բաժնում ընդունելություն կազմակերպելով քաղաքացիների համար։

Քանի որ նախապես հայտարարություն էր տրվել այս մասին, մեծ թվով քաղաքացիներ էին գնացել նախարարի մոտ՝ մեծ մասամբ անձնական խնդիրներով, նաև իրենց աշխատանքի ընդունելու առաջարկով։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Ախուրյանի համայնքապետի նախկին տեղակալ Վարդան Իկիլիկյանը, ինքը ևս որպես քաղաքացի՝ նախապես հերթագրվել է  ու երկու հոգու հետ գնացել նախարարի մոտ`ընդունելության։

Նրանց բարձրաձայնած հարցը անձնական չի եղել, այլ առնչվել է 45 հազար բնակիչ ունեցող Ախուրյանից  (Ախուրյան խոշորացված համայնքն ունի  33 բնակավայր)  անձնագրային ծառայությունը Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին տեղափոխելուն։

«Երկու ամիս առաջ Ախուրյան խոշորացված համայնքից, որն ունի 45 հազար բնակիչ, անձնագրային ծառայությունը տարան-հասցրեցին Գյումրի։

Անձնագրայինը փակեցին, բայց աշխատակիցներին չեն կրճատել, ինչքան տեղյակ եմ անգամ ավելացրել են։ Անհասկանալի մնաց նման որոշում ընդունելու պատճառը։

Ախուրյանի ՏԻՄ-ը ձայն, ծպտուն չհանեց, բայց նման անտրամաբանական որոշում կայացնելու, քաղաքացիների համար ավելորդ լարվածություն, դժվարություններ ստեղծելու, հերթեր գոյացնելու իմաստը մնում է անհասկանալի։

Երբ Ախուրյանում անձնագրային ծառայությունը դեռ գործում էր, Գյումրիից էին հասնում Ախուրյան՝ անձնագրային խնդիրներով, քանի որ համամետաբար հերթեր չկային, հիմա իբրև ի՞նչ  են անում, առանց այն էլ ծանրաբեռնված Գյումրիին ավելացնում են Ախուրյա՞նը, մարդը Ջրառատ գյուղից պիտի հասնի  ոստիկանության «Մուշ» բաժին, որ  ասենք մի տեղեկանք վերցնի՞։

Իմ և Վահե Ղազարյանի զրույցն այս թեմայի շուրջ էր։ Ես հարցրեցի իրեն՝ մեղք չե՞ն քաղաքացիները, որ գնան օրերով հերթ կանգնեն, նաև հետաքրքրվեցի, թե մարդու կյանքը ծանրացնելն է բարեփոխում կոչվո՞ւմ։

Վահե Ղազարյանը պարզաբանեց, որ շարժական ավտոմեքենաներ են նախատեսել, հետաքրքրվեցի՝ ե՞րբ պիտի դրանք գործի դրվեն։ Նախարարն ասաց, որ դեռ չեն շահագործվելու , պիտի մրցույթ հայտարարեն։  Հարց ուղղեցի՝ չէ՞ր կարելի շահագործել, նոր փակել  45 հազար բնակչի սպասարկող Ախուրյանի անձնագրայինը։

Սկզբում թեժ ստացվեց մեր զրույցը, բայց նախարարը, լսելով իմ փաստարկները, բառացիորեն ասաց՝ «Ճիշտք եք ասում, դա իմ սխալն է, պիտի շահագործեինք  մեքենաները, նոր նման փոփոխություն անեինք»։

Նա խոստացավ՝ Չարենցավանի, Ախուրյանի ու  Վարդենիսի անձնագրային ծառայությունների փակման հարցը վերանայել։

Ես որպես օրինակ մեջբերեցի նաև առաջին անգամ  անձնագիր ստացող երիտասարդներին, տղաները պիտի գնան Գյումրիի զինկոմ ՝տեղեկանք վերցնելու, այնտեղից էլ  Ախուրյանի զինկոմ, հետո նոր կարողանան գալ Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին՝ անձնագիր ստանալու, պարզ չէ՞, որ դեռ նոր կյանք ոտք դրած երիտասարդը հիասթափվելու է այս հերթերից, վազքից, չլչլոցից։

Նախարարը մի պահ նաև պատճառաբանում էր, որ անձնագրային ծառայության գործառույթները կրճատվել են, ես իրեն հարց ուղղեցի՝ միայն վիզաները չե՞ն հանվել, այդ ո՞ր գործառույթն է կրճատվել։

Նման որոշումներ կայացնելուց առաջ անհրաժեշտ են հանրային լսումներ անցկացնել, քաղաքացիների կարծիքը լսել,  չէ՞ որ հենց իրենց հռչակած ժողովրդավարության շահերին է դեմ գնում այդ «բարեփոխումը»։

Հույս ունեմ, որ կվերանայեն իրենց որոշումը ու ախուրյանցիների կյանքը չեն բարդացնի։

Իհարկե, 20 օր է անցել, դեռ քայլ արված չէ, բայց ես սպասում եմ», -ասաց Վարդան Իկիլիկյանը։

Ի դեպ,  փակել են նաև Անի խոշորացված համայնքի անձնագրային ծառայությունը՝ այն տեղափոխելով Արթիկ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031