Լեգենդար դարպասապահ, Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին այսօր Դիլիջանի քաղաքային ստադիոնում ֆուտբոլի ակադեմիայի սաներին վարպետության դաս տվեց, պատանի ֆուտբոլիստներին պատմեց սպորտի կարեւորության, ֆուտբոլի միջոցով կրթվելու մասին, կիսվեց իր հարուստ փորձով: Պատանի ֆուտբոլիստները նրա մասնակցությամբ նաեւ սիրողական ֆուտբոլային հանդիպում անցկացրին:
Միջոցառման նախաձեռնողը Ռուբեն Վարդանյանի բարեգործական հիմնադրամներից «Դիլիջան քաղաքի զարգացման հիմնադրամն» էր, որի վարչության անդամ Գլեբ Գրոշենկոն նշեց, որ իրենք կյանքի են կոչում բոլոր այն նախաձեռնությունները եւ մտահղացումները, որոնք Ռուբեն Վարդանյանը երբեւէ մտահղացել է: «Մեր պարագայում դա բացի այս ստադիոնից, որտեղ այս պահին հյուրընկալել ենք Ռոման Բերեզովսկուն, Դիլիջան քաղաքի եկեղեցին է, քաղաքային այգին, ֆուտբոլի ակադեմիան ու էլի բազմաթիվ այլ ծրագրեր: Դուք գիտեք նաեւ, որ այստեղ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ գործում է միջազգային քոլեջ՝ Դիլիջանում Հայաստանի միջազգային դպրոցը, որտեղ ուսում են ստանում երեխաներ աշխարհի տարբեր երկրներից»,-ասաց նա:
Aravot.am-ի հարցին, թե ինչ կասի, որ Ռուբեն Վարդանյանը ապօրինաբար գտնվում է Բաքվի բանտում, պարոն Գրոշենկոն պատասխանեց. «Ի՞նչ կարող եմ ասել: Բոլորս էլ գիտենք, որ նա Բաքվի բանտում է: Ու ոչ մեկս տեղյակ չենք, թե ինչ հեռանկար ունի այդ գործընթացը: Բայց բոլորիս համար, ովքեր ներգրավված են Ռուբենի հիմնադրած նախագծերում, կարեւոր է, որ նա վստահ լինի, որ այն ամենը, ինչ ինքը ցանկացել է, ապրում է եւ բերում է իր մարդասիրական, գործնական պտուղները: Եթե նա այս ամենը զգում է, դա շատ կարեւոր է»:
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը, որ խաղադաշտն այնքան էլ լավ վիճակում չէ, ինչը նկատեց նաեւ Ռոման Բերեզովսկին, Գլեբ Գրոշենկոն պատասխանեց. «Դաշտը բարեկարգելու պլաններ կան, որոնց իրականացումը հանգում է դրամի առկայությանը: Մենք ֆուտբոլի ակադեմիայում տարբեր տարիքային խմբերի, որքան հիշում եմ, շուրջ 130-140 սան ունենք: Մարզվելու համար նրանց ծնողները ոչ մեծ գումար են վճարում: Ես կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, որ նման գումարներով լիարժեք ֆուտբոլայի ակումբ պահել հնարավոր չէ: Այո, մեր դաշտը ամենալավերից չէ, բայց, այդուհանդերձ, մենք ունենք ստադիոն, ունենք պրոֆեսիոնալ մարզիչներ, ունենք համազգեստ, հավատարմագրված ենք Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում:
Մենք մեկնում ենք ընկերական հանդիպումների: Այս ամենը ծախսեր է պահանջում: Իսկ պակասող գումարով մեզ աջակցում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը, որը, ցավոք, անհատակ կարաս չէ: Եվ մենք սահմանափակ բյուջեով կամաց-կամաց անում ենք առաջընթաց այն քայլերը, որ կարող ենք մեզ թույլ տալ սահմանափակ բյուջեի պարագայում: Ընդ որում, մենք այս ուղղությամբ դրացիական հարաբերություններ ենք ստեղծում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ եւ հույս ունենք, որ ի հայտ կգա համատեղ նախագիծ՝ ստադիոնը վերակառուցելու եւ ակումբի հետագա զարգացման առումով:
Իսկ մինչ այդ, մենք կարծում ենք, որ շատ կարեւոր առաքելություն ենք կատարում: Հիմա իմ թիկունքում վազվզող երեխաները զբաղվում են ֆուտբոլով, նրանք փողոցում չեն, չեն ծխում, գարեջուր չեն խմում: Նրանց մեջ թիմային, մարզական ոգի է ձեւավորվում, ինչը մենք պակաս կարեւոր չենք համարում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ