2024 թվականի հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ընդդիմության կազմակերպած խոշորամասշտաբ անհնազանդության ակցիան, որը պետք է հանգեցներ վարչապետի հրաժարականին՝ չհաջողվեց։ Չհաջողվեց մի կողմից իշխանությունների անհամաչափ ուժ կիրառելու, իսկ մյուս կողմից՝ ընդդիմության ինքնազոհության գնալու պատրաստ չլինելու պատճառով։
Այն, որ իշխանությունները պատրաստ էին և պատրաստ են ամեն գնով պահպանել իրենց իշխանությունը՝ հայտնի էր, դրա մասին բազմիցս խոսվել էր հայաստանյան քաղաքական վերլուծաբանների կողմից, ինչպես նաև փաստվել էր, ըստ իրավապաշտպանների պնդման, իշխանությունների կողմից տարբեր ընդդիմադիր գործիչների նկատմամբ ոչ հիմնավոր քրեական գործեր հարուցմամբ։
Վերոնշյալ անհնազանդության ակցիայի անհաջողությանը հետևեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներսում պառակտումը, նկատի ունեմ Սուրեն Պետրոսյանի շարժումից դուրս գալը, ինչը զգալի չափով նվազեցրեց շարժման հեղինակությունը և հող ստեղծվեց շարքերի էլ ավելի նոսրացման համար։ Որքան էլ փիլիսոփայորեն փորձվում էր կարևորություն չտալ պառակտման փաստին՝ ինքնին երևույթը իր գործն անում էր։
Վերադառնալով հունիսի 12-ի անհաջողության երկրորդ պատճառին, այսինքն` ինքնազոհության գնալու ընդդիմության պատրաստ չլինելուն, պետք է նշեմ, որ խոսքը վերաբերում է ոչ այնքան ակցիայի շարքային մասնակիցներին, որքան հենց առաջնորդներին։ 2018 թվականին երկաթե փշալարերի վրայով բաց ձեռքերով մագլցող Նիկոլ Փաշինյանը չեմ կարծում, որ վստահ էր, որ իրեն չէին ձերբակալի, բայց կա՞ր ինչ որ բան, որ կանգնեցրեց նրան։ Փաստորեն չկար։ Վստահ եմ, որ հունիսի 12-ին կարելի էր հասնել նրան, ինչին պետք էր հասնել մայիսի 9-ին կամ ինչին մտածում են հասնել սեպտեմբերին։ Այդ օրը պետք էր գործել։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համար գնացքն արդեն գնացել է։
Կարդացեք նաև
Շարժման գործունեությունը ընդդիմադիր դաշտում կարող է ավելորդ լարվածություն ստեղծել հենց ընդդիմադիր դաշտում։ Որքան շարժման առաջնորդները փորձում են այն ներկայացնել որպես «ոչ ընդդիմադիր ու ոչ ընդդիմադիրների» շարժում, այնքան շարժումը անհասկանալի է դառնում, ինչպե՞ս կարող է ոչ ընդդիմադիր շարժումը պահանջել երկրի վարչապետի հրաժարականը, եթե ինչ որ մեկը կարողանա դրան տրամաբանական բացատրություն տալ, կարծում եմ կարող է հավակնել քաղաքագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակին։
Որքան փորձում են այն ներկայացնել, որպես ազգային-ազատագրական շարժում, այնքան շարժումը անլրջանում է։ Ի՞նչ ազգային-ազատագրական շարժման մասին է խոսքը։ Իհարկե, որևէ շարժում կարող է վերածվել ազգային-ազատագրականի և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որն ի սկզբանե ստեղծվել էր Տավուշի մարզում սահմանազատումը կասեցնելու նպատակով, նույնպես հնարավորություն ուներ այդպիսին լինելու, սակայն ինչպես արդեն նշեցի, դա այլևս, ըստ իս, անհնար է։ Ներկա պահին շարժումը որպես ոչ ընդդիմադիր և այն էլ որպես ազգային-ազատագրական շարժում ներկայացնելը պարզապես ինքնախաբեություն է։
Շարժման կողմից շրջանառվող մեկ այլ թեզն էլ, այն է` թե շարժումը ստանձնել է հոգևոր առաջնորդությունը։ Չպետք է մոռանալ, որ հայ իրականության մեջ կա այդպիսի կառույց, որը ստանձնել է ազգի հոգևոր առաջնորդությունը, դա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է։
Այս ամենի ֆոնին շատ տրամաբանական է, որ ավելի են ակտիվացել խոսակցություններն առ այն, որ անհրաժեշտ է ընդդիմադիր դաշտում նոր միասնական առաջնորդ ընտրել։ Դա, կարծում եմ, շատ լավ գաղափար է։ Ես նույնպես դրա մասին դեռ մայիս ամսից բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու, սակայն ընտրությունը, կարծում եմ, պետք է ժամանակին համահունչ լինի, նկատի ունեմ, որ հիմա կիսապատերազմական կամ միգուցե և պատերազմական իրավիճակում ենք և չպետք է թույլ տալ, որպեսզի օրը երեք լրատվական տաղավարներից քաղաքական բամբասանքներով զբաղվող «գիտունիկներ» առաջնորդի հավակնություններ ունենան։ Ներկա ժամանակում, իմ խորին համոզմամբ, առաջնորդը պետք է լինի հավասարակշռված ռազմա-քաղաքական գործիչ՝ շրջապատված առողջ, գործունյա ու բանիմաց անհատներով և պատրաստ ինքնազոհության։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Լուսանկարը ՀՅԴ ինստագրամյան էջից