Սեպտեմբերի 6-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) կկայանա այդ բուհի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն գիտական աստիճան եւ առնվազն 5 տարվա ակադեմիական եւ գիտական գործունեության փորձ։
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի հրաժարականից հետո, որի անունը շրջանառվում էր տարբեր սկանդալային պատմությունների առանցքում՝ սկսած գողությունից, վերջացրած նրա՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը անվավեր ճանաչելու ԲՈԿ-ի որոշմամբ:
ԿԳՄՍ նախարարությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ մրցույթին մասնակցելու համար օգոստոսի 28-ի ժամը 16:20-ի դրությամբ դիմել է 4 թեկնածու (դիմելու ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին ժամը 17-ին), սակայն անուններ չհայտնեցին:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը, որը հրապարակավ՝ ֆեյսբուքի իր էջում հայտարարել էր այդ մասին:
Կարդացեք նաև
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մյուս թեկնածուն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է, որը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն չցանկացավ մեկնաբանել, թե ինչու է ցանկանում ռեկտոր դառնալ:
Aravot.am-ի տեղեկություններով՝ թեկնածուներից մեկն էլ 2018 թվականից մինչ օրս՝ ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանն է, ում հետ հնարավոր չեղավ կապվել, քանի որ գտնվում էր արտասահմանում:
Չորրորդ թեկնածուն էլ 2023թ. մարտի 13-ից ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, 2013-2023թթ՝ Տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, համատեղությամբ՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանն է:
Բուհում շրջանառվում է վարկած, թե Պետրոսյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հորդորով է թեկնածությունը դրել: Քանի որ մեկ հոգին իրավունք չունի ընտրվել, եւ եթե հանկարծ մյուս հավակնորդները հանեն իրենց թեկնածությունը, ընտրությունը չեղյալ կհայտարարվի, դրա համար պետք էր մեկը, որ ստանձներ այդ առաքելությունը եւ կանխեր դա, ինչը, ըստ մեր տեղեկությունների իր վրա է վերցրել հենց Արսեն Պետրոսյանը: Այդ հարցին պատասխանելով՝ նա ասաց, որ լուրը իրականությանը չի համապատասխանում, ուղղակի դիմել է մրցույթին մասնակցելու համար, ցանկացել է փորձել բախտը:
Aravot.am-ի տեղեկություններով, ավելի վաղ իշխանությունները նպատակադրվել էին ՀՊՏՀ ռեկտորի մրցույթում ունենալ սեփական թեկնածու, անգամ քննարկվել էր Կենտրոնական բանկի խորհրդի ներկայացուցիչներից մեկի թեկնածությունը, սակայն հետո մտափոխվել են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ