Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 87.443.000 դրամ ֆինանսավորմամբ «Մասիս» ՍՊԸ-ի կողմից 2023-2024թթ. ընթացքում իրականացված Նոյեմբերյանի «Ն.Նասիբյանի անվան» Բ/Կ ՓԲԸ-ին պատկանող ինֆեկցիոն մասնաշենքի վերակառուցման ծրագրի ընթացքում ՍՊԸ-ի տնօրեն՝ Կ. Ղ-ի կողմից թույլ են տրվել մի շարք խախտումներ:
Մասնավորապես 281 խ/մ մակերեսով, 309.100 դրամ արժեքով «Պատերի վրայի սվաղի քերթատում, կարանների մաքրումով և լվացումով» աշխատանքը կատարվել է թերի, ինչի արդյունքում փաստացի չեն իրականացվել շուրջ 100.000 դրամի շինարարական աշխատանքներ:
Բացի այդ՝ շենքի պատերի ամրացման համար նախատեսված ամրանների փոխարեն, տեղադրվել են ավելի բարակ ամրաններ: Նախատեսված են եղել պատերի անկյունային մասերում խարսխաձողերի տեղադրման աշխատանքներ, սակայն այդ աշխատանքի իրականացման սկզբնական փուլում պարզվել է, որ դրանք նախկինում կատարված են և ծավալաթերթով նախատեսված 66.000 դրամ արժեքով նշված աշխատանքները փաստացի չեն իրականացվել:
Նույն տվյալների համաձայն՝ Նոյեմբերյանի «Ն.Նասիբյանի անվան» ԲԿ ՓԲԸ-ին պատկանող ինֆեկցիոն մասնաշենքը հանդիսանում է 4-րդ աստիճանի ռիսկայնության շենք, որի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման նախագծերը պետք է ենթարկվեին համալիր փորձաքննության, սակայն թույլ է տրվել համապատասխան իրավական ակտի խախտում և մասնաշենքը ենթարկվել է պարզ փորձաքննության: Մի շարք այլ չարաշահումներ են թույլ տրվել շինարարական այլ աշխատանքներում:
Կարդացեք նաև
Aravot.am-ը կապ հաստատեց Նոյեմբերյանի «Ն.Նասիբյանի անվան» Բ/Կ ղեկավար Գարունիկ Ղուշչյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանել մեր տեղեկություններն՝ ասելով, թե տեղեկություններ չունի ու հորդորեց դիմել Տավուշի մարզպետարան:
Մեր տեղեկություններով՝ իրավապահները փնտրում են բժշկական կենտրոնին պատկանող ինֆեկցիոն մասնաշենքի վերակառուցման ծրագիրն իրականացրած ընկերության տնօրենին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ