«Հայաստանի տնտեսությունը 2024 թվականի առաջին կիսամյակում ցուցաբերել է նշանակալի աճ, որը մեծապես պայմանավորված է վերաարտահանման ծավալների, հատկապես՝ ոսկու, ավելացմամբ: Սակայն այս աճն ուղեկցվում է էական կառուցվածքային փոփոխություններով և ռիսկերով: Տնտեսության ավանդական ոլորտներում և արտահանման մեջ ակտիվության նվազումը կարող է բացասաբար անդրադառնալ զարգացման երկարաժամկետ հեռանկարների վրա: Արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքը էականորեն փոխվել է՝ Ռուսաստանի դերի մեծացմամբ որպես ներմուծման աղբյուր և Մերձավոր Արևելքի ու Չինաստանի՝ որպես արտահանման ուղղությունների»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում այսօր կայացած ասուլիսում, Եվրասիական փորձագիտական ակումբի հետազոտությունների արդյունքները ներկայացրեց ակումբի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, tvyal.com տվյալների վերլուծության հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը:
Ըստ բանախոսի, Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի կախված ժամանակավոր և արհեստական գործոններից, ինչպիսին է ոսկու վերաարտահանումը, ավանդական արտահանման մասնաբաժնի նվազումը և տնտեսության առանցքային ոլորտներում անկումը ստեղծում են ռիսկեր երկարաժամկետ կայուն զարգացման համար. «Վերաարտահանման գործառնություններից կախվածությունը տնտեսությունը խոցելի է դարձնում արտաքին գործոնների և միջազգային առևտրային քաղաքականության հնարավոր փոփոխությունների նկատմամբ: ԵՄ երկրներ և այլ ավանդական շուկաներ արտահանման նվազումը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսության դիվերսիֆիկացման և արտաքին ցնցումների նկատմամբ դիմադրողականության վրա»:
Հետազոտության արդյունքների համաձայն, Հայաստանի բանկային համակարգի միջոցով դրամական փոխանցումների վերլուծությունը ևս ցույց է տալիս նշանակալի փոփոխություններ 2023-2024 թվականներին: Մասնավորաբար, 2022 թվականի ռեկորդային աճից հետո, երբ փոխանցումների ծավալն ավելացավ 2.5 անգամ՝ հասնելով 5.2 մլրդ ԱՄՆ դոլարի, 2023 թվականին նկատվեց աճի դանդաղեցում մինչև 9.7%: Սակայն ավելի մանրամասն վերլուծությունը բացահայտում է նվազման միտում. 12-ամսյա դրամական փոխանցումների պիկային արժեքը գրանցվել է 2023 թվականի մայիսին՝ 6.4 մլրդ դոլար մակարդակում, ինչը 11%-ով բարձր է տարեվերջի 5.7 մլրդ դոլար ցուցանիշից: 2024 թվականի կանխատեսումները մատնանշում են բանկային փոխանցումների ծավալի հավանական կրճատում մոտ 7%-ով՝ մինչև 5.3 մլրդ դոլար: Բանկային համակարգ զուտ ներհոսքը կարող է կրճատվել լրացուցիչ 21%-ով: Այս միտումը, Աղասի Թադեւոսյանի գնահատմամբ, լուրջ խնդիր է ներկայացնում Հայաստանի բանկային հատվածի և ընդհանուր տնտեսության համար, հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարիներին կապիտալի ներհոսքի զգալի մասը ներդրվել է շինարարության մեջ:
Զբոսաշրջության ոլորտը, որը Հայաստանի ծառայությունների արտահանման հիմնական բաղադրիչներից է, նույնպես ցուցաբերում է աճի դանդաղեցման նշաններ:
Կարդացեք նաև
«2023 թվականին զբոսաշրջային ծառայությունների արտահանումը հասավ 3 մլրդ դոլարի, ինչը կազմում է երկրի ծառայությունների ընդհանուր արտահանման 53.5%-ը: Սակայն 2023 թվականի չորրորդ եռամսյակում նկատվեց զբոսաշրջային ծառայությունների արտահանման զգալի կրճատում՝ 42.6%-ով երրորդ եռամսյակի համեմատ: Այս կտրուկ անկումը մտահոգություն է առաջացնում, հատկապես հաշվի առնելով, որ զբոսաշրջությունը վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերից մեկն էր: Զբոսաշրջության ոլորտում ակտիվության նվազումը կարող է էական ազդեցություն ունենալ երկրի ընդհանուր տնտեսական աճի վրա, հատկապես ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում սահմանված 7% աճի թիրախային ցուցանիշի համատեքստում: Այս իրավիճակը ընդգծում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և առանձին ոլորտներից, ինչպիսիք են զբոսաշրջությունը և դրամական փոխանցումները, կախվածության նվազեցման անհրաժեշտությունը»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ Հայաստանի կայուն տնտեսական զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել ռազմավարություններ՝ ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանը և վերաարտահանման գործառնություններից կախվածության նվազեցմանը: Կարևոր է նաև ուշադրություն դարձնել տնտեսության ավանդական ոլորտների զարգացմանը և նորարարական ճյուղերի, ինչպիսին է ՏՏ ոլորտը, աջակցմանը:
«ԵԱՏՄ անդամակցությունը նշանակալի դեր է խաղում ներկայիս տնտեսական իրավիճակում, և Հայաստանը պետք է օգտագործի ինտեգրման առավելությունները տնտեսության տարբեր ոլորտներում աճը խթանելու համար՝ միաժամանակ աշխատելով այլ երկրների և տարածաշրջանների հետ առևտրային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ ավելի հավասարակշռված և կայուն տնտեսական զարգացում ապահովելու նպատակով»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Աղասի Թավադյանն անդրադարձավ նաեւ Հայաստանից կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ