«Սկսել ենք ամենամեծ խախտումից, քանի որ անձեռնմխելիության չհաղթահարումն ընդհուպ մինչև հանցագործություն բովանդակող գործողություններ են, երբ իմանալով, որ անձեռնմխելիությունը պահված չէ, շարունակում են քրեական հետապնդում»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով իր պաշտպանական ճառի բովանդակության մասին, ասաց Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ իր կողմից դատարանին բացարկ ներկայացնելու միջնորդությունը ամենայն հավանականությամբ կներկայացնի իր պաշտպանական ճառի ավարտից հետո, քանի որ ինչպես տեղեկացրել էինք, նախագահող դատավորը պաշտպանին թույլ չտվեց ներկայացնել այդ միջնորդությունը։ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Չունեմ օբյեկտիվ տվյալ, դրա համար բացարկի միջնորդություն է, այլ ոչ թե քրեական հանցագործության մասին հաղորդում, քանի որ երկրորդի համար հիմքերը շատ ավելի հստակ պիտի լինեն, իսկ առաջինի համար, եթե օբյեկտիվ դիտորդի մոտ նման տպավորություն կարող է առաջանալ, բավարար է։ Իսկ իմ կարծիքով կարող է առաջանալ՝ հաշվի առնելով գործերի առանձնացումը, գործընթացները, համապատասխան գործընթացի շրջանակներում տեսնում ենք, որ կա միտում, ցանկություն ինչ-որ գործընթաց արագացնելու։ Նաև որևէ անգամ չենք խուսափել դատական գործընթացները արագ իրականացնելուց»։ Արամ Օրբելյանն ասաց՝ այսպիսի բովանդակության մոտ միջնորդություն քննարկվել է առաջին նիստերից մեկի ժամանակ, որի ժամանակ էլ պետք էր քրեական հետապնդումը դադարեցվեր Հրայր Թովմասյանի նկատմամբ։
Անդրադառնալով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի հայտարարություններին՝ Արամ Օրբելյանն ասաց․ «Դա ավելի նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի, և այդտեղ ներկայացված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Եվ որոշ որակումներ նույնպես բավականին խնդրահարույց են։ Երբ հնարավորություն լինի բացարկի միջնորդություն ներկայացնել, դրան կանդրադառնանք։ Բավականին ծավալուն բացարկ է։ Հիմքը հետևյալն է, որ դատարանն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կողմնակալության տպավորություն ստեղծել։ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև երևա, որ իրականացվել է։ Դրա մեջ մտնում է դատական նիստեր նշանակելը, ինձ ուրիշ հասցեով ծանուցելը, դրա մեջ նշված է հանրային պաշտպան ներգրավելը՝ դրա հիմքերի բացակայությամբ, դա նախատեսում է գործի առանձնացումը հիմքերի բացակայությամբ, մի շարք հանգամանքներ են, որ բոլորը տեղի են ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում՝ այդ թվում նաև վերջին ելույթը»։
Լրագրողների փաստմանը՝ նախագահող դատավորը որոշել է դատական նիստերն ամեն օր նշանակել և հարցին՝ սա չի՞ նշանակում արդյոք, որ դատավորն ուզում է ցույց տալ, որ ինքն է որոշողը, Արամ Օրբելյանն արձագանքեց․ «Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, որ դատավորը չէ որոշողը։ Դատական նիստում, եթե որոշողը կլինի այլ անձ, քան դատավորը, համապատասխանաբար մենք պետք է քննարկենք, որ մենք լրջագույն խնդիր ունենք գործընթացի հետ կապված։ Բայց դատավորի որոշումը բացարձակ չէ․ նույնպես որոշում է կողմերի համաձայնությամբ, հաշվի առնելով արդարադատության շահը։ Խոսքը նրա մասին է, որ Հրայր Թովմասյանը երբեք որևէ փորձ չի արել հետաձգել գործընթացը։ Բազմաթիվ նիստեր են եղել, որոնք նշանակվելուց առաջ դատարանին տեղեկացրել ենք, որ մենք չենք կարողանալու հաջորդ նիստին ներկա լինել, որովհետև, օրինակ, ընտրական վեճով ՍԴ-ում գործի քննություն է սկսվում, որ շատ մեծ հավանականությամբ Հրայր Թովմասյանը լինելու է խորհրդակցական սենյակում, և դատարանը նիստը նշանակել է։ Նիստը հետաձգվել է, քանի որ Հրայր Թովմասյանը եղել է խորհրդակցական սենյակում։ Ձևակերպել, որ այդ նիստը հետաձգվել է Հրայր Թովմասյանի պատճառով, արդարացի չէ, որովհետև դատարանի ասած չորս նիստերը, որոնք Հրայր Թովմասյանն է նշանակել՝ եռյակի նիստերը, որը նույնպես ինքը՝ որպես նախագահող համաձայնեցրել է եռյակի անդամների հետ։ Կան պլենար նիստեր, եթե խորհրդակցական սենյակում է, շարունակում են, կան աշխատակարգային նիստեր, և մնում է երկու օր, որի ընթացքում կարող է լինել եռյակի նիստերը և եռյակի նիստ է նշանակել այդ ժամին, ինչպես նաև այլ նախագահողներ են որոշ դեպքերում այդ ժամին նշանակել։ Սրա մեջ տեսնել միտում, դիտավորություն, սա բավականին խնդրահարույց է։
Կարդացեք նաև
Նաև խնդրահարույց է, երբ 70-ից ավելի օր պաշտպանական կողմ ձևակերպում է տալիս։ Մեկ հոգի չէ, առնվազն երկու ամբաստանյալ իրենց պաշտպաններով։ Երբ ասում է՝ պաշտպանական կողմի ենթադրությունը, որ միասնական ռազմավարություն են ընտրել, ձգձգում են, նույնպես արդարացված չէ։ Նորայր Փանոսյանը բավականին երկար բուժում է ստացել, առանձնացնելու հարցը, եթե խնդրահարույց էր, այն ժամանակ պետք է կայացվեր, որ Հրայր Թովմասյանի մասով գործը ավարտված լիներ։
Ես անդրադառնալու եմ նաև մեղադրանքի ձևակերպումներին։ Այդ ձևակերպումների մեջ Հրայր Թովմասյանին վերագրվող գործողություն չկա, այդ գործողությունները բոլորը վերաբերում են Փանոսյանին, դրա իրավական որակումը կա, որ Հրայր Թովմասյանը չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, բայց դա գործողություն չէ, դրա իրավական որակումն է, ինչո՞ւմն է արտահայտվելը, երբ դիտարկում ենք, այդ գործողությունները դրա հետ կապ չունեն։ Ինչ պատճառով է դատական նիստերն ամեն օր նշանակել, դա երկրորդ հարցն է։ Օբյեկտիվորեն, եթե հիմա հնարավորություն ունենք, ապահովում ենք ներկայությունը, եթե հնարավորություն չունենանք, չենք ապահովելու։ Այս պահին, քանի որ արձակուրդից նոր էի վերադարձել, դատական նիստեր էլ այս օգոստոսի շրջանում չունեմ, կարողանում եմ ապահովել դատական նիստերը։ Նաև իմ խնդրանքն է եղել, որ ամեն օր դրեք, որ գանք, որ տպավորություն չլինի, որ ձգձգում ենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ