Aravot.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում (Երեւանի թիվ մեկ տուն-ինտերնատ) միջադեպ է գրանցվել: Նույն օրը ոստիկանություն է ահազանգել քաղաքացի Արսեն Առուշանյանը եւ հայտնել, որ իրենք այսօր Հաղթանակ թաղամասում գործող ծերանոցում մասնակցելու են գնումների տենդերի, որին մնացել է 5 րոպե, սակայն անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ իրենց վերադասի հրամանով թույլ չի տալիս մասնակցելու հայտը ներկայացնեն:
Առուշանյանը հայտնել է, որ ավելի ուշ պահակակետ է մոտեցել խնամքի կենտրոնի պարետ Մեխակ Բաբայանը եւ տեղեկացրել, որ նշված խնամքի կենտրոնի փոխտնօրեն Կոլյա Մակարյանի ցուցումով իրեն ներս չեն թողնելու:
Կենտրոնի փոխտնօրեն Արամ Մկրտիչյանը Aravot.am-ի հետ զրույցում նախ ժամանակ խնդրեց միջադեպի մանրամասներին ծանոթանալու համար՝ հայտնելով, որ այդ ընթացքում արձակուրդում է եղել ու դեպքից տեղեկություններ չունի, ապա ավելի ուշ հայտնեց, որ մեզ հետաքրքրող հարցերը ուղղենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:
Մեր տեղեկություններով՝ կենտրոնի փոխտնօրեն Կոլյա Մակարյանը իրավապահներին հայտնել է, որ օգոստոսի 22-ին Արսեն անունով քաղաքացի է մոտեցել տենդերին մասնակցելու նպատակով տարածքը նայելու, սակայն վերջինս իրեն անհայտ հանգամանքներում տենդերին մասնակցելու հայտ չի ներկայացրել և հեռացել է:
Խնամքի հաստատությունում շուրջօրյա խնամք են ստանում տարեց (65 տարին լրացած) և (կամ) հաշմանդամություն ունեցող անձիք:
Մեր տեղեկություններով՝ միջադեպի վերաբերյալ դեռեւս չկա նախաձեռնված քրեական վարույթ, հաղորդումն ուսումնասիրվում է, վարույթ նախաձեռնել-չնախաձեռնելու հարցը քննարկման փուլում է։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ