Այսօր հրավիրած ասուլիսում «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման ղեկավար Ալբերտ Բազեյանը հայտարարությամբ հանդես եկավ իր նկատմամբ հարուցված քրեական գործի եւ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նա իր նկատմամբ քրեական գործն ապօրինի որակեց, իսկ դատարանի որոշումները՝ անարդարացի ու ոչ իրավաչափ։
«Ինձ կալանավորելու կամ իմ կալանքը երկարաձգելու որոշումները կանխորոշված էին, քանզի դատավորին ի սկզբանե հրահանգված էր, թե ինչ որոշում պետք է կայացներ։ Ես եւ իմ փաստաբանը պատրաստվում ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մենք համոզված ենք, որ ՄԻԵԴ-ը կկայացնի իրավաչափ որոշում, կպահանջի Հայաստանի դատական իշխանությունից չեղյալ հայտարարել իմ հանդեպ հարուցված ապօրինի քրեական գործը, ինչպես նաեւ կպահանջի ՀՀ-ից՝ փոխհատուցել ազատ տեղաշարժվելու եւ իմ քաղաքական հայացքներն ու դիրքորոշումներն ազատորեն արտահայտելու իմ սահմանադրական իրավունքն ապօրինի սահմանափակելու համար։ Սակայն դա չէ մեր պահանջն ու ցանկությունը, մեզ համար ցանկալի է, որ տեղի ունենա արդարադատություն, եւ Հայաստանի դատական իշխանության որոշմամբ չեղյալ հայտարարվի իմ հանդեպ հարուցված քրեական գործը, պատասխանատվության ենթարկվեն ԱԱԾ քննիչ Պողոսյանն ու Աջափնյակի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արզումանյանը»,- ասաց Ալբերտ Բազեյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով քաղաքական զարգացումներին՝ նա նշեց, որ իրենց կարծիքով՝ իշխանափոխությունից հետո անհրաժեշտ է իրականացնել սահմանադրական որոշակի փոփոխություններ։ «Ներկայիս խորհրդարանական համակարգը մեր պայմաններում իրեն չի արդարացրել։ Գործող վարչապետը ստացել է անսահմանափակ լիազորություններ, Ազգային ժողովում ունի բացահայտ մեծամասնություն, եւ ինչ կարգի օրենքներ էլ ուղարկի ԱԺ, այնտեղ կհաստատվի։ Նա սուբյեկտիվ ցանկությամբ ուռճացրել է պետական կառավարման բյուրոկրատական ապարատն ու զգալիորեն ավելացրել բարձրաստիճան պաշտոնյաների ու տարբեր կարգի ոստիկանության ծառայողների աշխատավարձերը»,- հավելեց նա։
«Մեր առաջարկը հետեւյալն է՝ անհրաժեշտ է ձեւավորել գործող իշխանությանը այլընտրանք։ Պետք է փորձել համախմբել առողջ ընդդիմադիր ազգային քաղաքական ուժերին, քաղաքական շարժումներին եւ դաշինքներին, հասարակական նախաձեռնություններին, տարբեր կարգի միավորումներին, առանձին անհատների։ Այդ մարդկանց ներգրավելով՝ աշնանը կազմակերպել համաժողով, ձեւավորել պայմանական համահայկական միացյալ դաշինք ու հանրությանը ներկայանալ որպես այլընտրանք գործող իշխանությանը։ Դրանից հետո հանրությանը կներկայացվի քաղաքական ծրագիր, եւ աշնան մի գեղեցիկ օր կոչով պետք է դիմել Հայաստանի քաղաքացներին ու հանրապետությունով մեկ կազմակերպել անհնազանդություն գործող իշխանությանը։ Պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի եւ այս կառավարության հեռացումը եւ գործող Ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամանակահատվածի համար ձեւավորել ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի Ազգային ժողովի արտահերթ, արդար ու օրինական ընտրություններ»,- նշեց Ալբերտ Բազեյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Բազեյանն ասաց, որ պետք է հզորացնել մեր բանակն ու ազատագրել Արցախը։ Ըստ նրա՝ Հայաստանով մեկ կազմակերպելու են անհնազանդություն նիկոլական իշխանությանը։ Աշնանը քաղաքական իրադարձությունների համար, նրա համար, բարենպաստ շրջան է։ Նա ասաց, որ աջակցել ու աջակցում են Բագրատ սրբազանի կողմից համակարգվող բողոքի միջոցառումներին։ «Բայց նաեւ ընդգծել ենք, որ մենք աննպատակահարմար ենք համարում Նիկոլ Փաշինյանի անվստահության հարցի քննարկումը գործող Ազգային ժողովում։ Այս ԱԺ-ում գործող ՔՊ-ն ունի բացահայտ մեծամասնություն, եւ նրանք անվստահություն չեն հայտնի իրենց կողմից ընտրված վարչապետին։ Դրա համար, երբ Բագրատ սրբազանը ոտքի էր հանել քաղաքացիներին, նա չպետք է ասեր՝ կես ժամ տալիս ենք, որ Նիկոլը հրաժարական տա։ Հանրությունը պետք է պարտադրի, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, Հայաստանով մեկ կազմակերպելու ենք անհնազանդություն նիկոլական իշխանությանը»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ