Հայաստանի տնտեսությունը արձանագրել է էական՝ 9,6% առաջընթաց, անցյալ վեց ամիսների ընթացքում. այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ հավելելով, որ էական առաջընթաց են արձանագրել շինարարության, առևտրաշրջանառության, ծառայությունների, գյուղատնտեսության որոշ ոլորտներ:
«Հայաստանը իրական ՀՆԱ-ի աճի տեմպերով առաջին տեղն է զբաղեցրել ԵԱՏՄ-ում: Մեր երկիրն այդ շարքում առաջին տեղում է նաև իրական արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերով: Մեր երկիրն ունի ամենացածր վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԵԱՏՄ երկրների շարքում օգոստոսի 1-ի դրությամբ: Հայաստանում է գրանցվել նաև ԵԱՏՄ ամենացածր գնաճը»,- ասաց բանախոսը՝ ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի հետազոտության արդյունքները:
Այս տարի լրանում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման տասնամյակը եւ ՀՀ-ն նախագահում է ԵԱՏՄ-ում: Հոբելյանական տարում Եվրասիական փորձագիտական ակումբն իրականացրել է ընթացիկ՝ տասներորդ, տնտեսագիտական կիսամյակային հետազոտություն՝ Հայաստանի տնտեսության վիճակի մասին, մեր երկրի ԵԱՏՄ-ին անդամության համատեքստում:
Երկրորդ դրական գործոնն, ըստ Արամ Սաֆարյանի, այն է, որ Հայաստանի արտաքին առևտրի ծավալները շարունակում են աճել. «Շարունակվում են անցյալ տարվա դրական միտումները: Արտահանման ծավալներն աճել են 2,3 անգամ: Արտահանման կառուցվածքում 71% զբաղեցրել են ոսկին և թանկարժեք քարերը: Կարևոր է ընդգծել, որ նման տպավորիչ ցուցանիշների Հայաստանը հասել է Ռուսաստանից ոսկու վերաարտահանման պայմաններում: Հետաքրքիր է, որ 2024թ. առաջին եռամսյակում ռուսական ոսկու ամբողջ արտահանման մոտ 88%-ն անցել է Հայաստանի միջով: Վերաարտահանումը դարձել է հիմնական գործոն, որը ազդել է Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա: Ոսկին դարձել է վերաարտահանման հիմնական ապրանքը»:
Կարդացեք նաև
Արամ Սաֆարյանի ներկայացմամբ, ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը. «Հայաստանի տնտեսական հաջողությունների գլխավոր պատճառը ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամությունն է, հայ-ռուսական առևտրատնտեսական փոխշահավետ հարաբերությունների զարգացումը: Մեր երկրի հիմնական տնտեսական գործընկերներն են դարձել (կիսամյա կտրվածքով) Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեծ Չինաստանը և Եվրոպական Միությունը: Այս հաջորդականությունը թելադրում է մտածել մեր արտաքին տնտեսական կապերի հետագա դիվերսիֆիկացիայի մասին, որի հռչակված նպատակը պետք է լինի տնտեսության կայուն աճի ապահովումը և աշխարհաքաղաքական ցնցումներից և այլ բացասական միտումներից ազատ տնտեսական զարգացման ապահովումը Հայաստանի բնակչության սոցիալ տնտեսական կարիքները համարժեքորեն հոգալու նպատակով»:
Միաժամանակ, ոսկու և ոսկերչական իրերի վերարտահանման պայմաններում արտաքին տնտեսական գործունեության որոշ ոլորտներում գրանցվել է անկում, բայց ահազանգել հետընթացի մասին Արամ Սաֆարյանը դեռ վաղ է համարում. «Որովհետև տուրբուլենտ գլոբալ և տարածաշրջանային գործընթացների պայմաններոմ հնարավոր են որոշ տատանումներ: Սակայն հարկ է մոբիլիզացնել Հայաստանի ռեսուրսները աջակցելու համար այն ոլորտներին, որոնք կարող են ապահովել տնտեսության կայուն աճ»:
Հետազոտության այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ