Մեկնարկել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի եւ Աբդուլազիզ Սաուդ Ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի նախաձեռնած «Արաբամուսուլմանական պատմության ուսումնասիրությունն ըստ տեքստերի, մեկնաբանությունների և փոխկապակցված հարաբերությունների» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է համախմբել Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային ուսումնասիրությունների տարբեր ոլորտների փորձագետներին:
Գիտաժողովի բացմանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորելով նման միջոցառման անցկացումը՝ փաստեց, որ ի թիվս այլնի, հաշվի է առնվել նաեւ դիսցիպլինարության սկզբունքը. քննարկվելու են ոչ միայն մուսուլմանական, հատկապես արաբական աշխարհին, այլեւ հարակից տարածաշրջաններին առնչվող իրողությունները: Նրա խոսքով, արաբական աշխարհի հետ մեզ կապում են հարյուրավոր տարիների պատմությունն ու մշակույթը, եւ այդ կապերն էլ ավելի են ամրապնդվել հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո, երբ Եղեռնից մազապուրծ հազարավոր հայեր ապաստան են գտել արաբական երկրներում:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ձեւակերպմամբ, մեծ ցանկություն կա միջազգային գործընկերների հետ ընդլայնել համագործակցությունը, եւ այս գիտաժողովն էլ միտված է դրան: Նա կարեւորեց գիտաժողովի խորագիրը, մասնավորապես ընդգծելով. «Այսօր, երբ աշխարհում եւ Հայաստանում շատ տարածված են, այսպես կոչված, մոդայիկ ուղղություններ, երբ գիտնականներն ուզում են արագ ճանաչում ձեռք բերել, դասական ուղղությունները, օրինակ՝ միջնադարը, մղվում են հետին պլան: Ինչ վերաբերում է այս գիտաժողովին, այն կենտրոնացած է հենց դասական ուղղության եւ իրական գիտության վրա»:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանն էլ նշեց, որ գիտաժողովի ընթացքում մասնակիցները քննարկելու են այն բազմաշերտ մոտեցումները, որոնք վերաբերում են Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային ուսումնասիրություններին: Նաեւ հավելեց, որ քննարկումները կենտրոնանալու են այն հիմնարար եւ մեթոդաբանական հասկացությունների վրա, որոնք նոր լույս են սփռում արաբամուսուլմանական պատմության ուսումնասիրության վրա:
Կարդացեք նաև
Գիտաժողովը նպատակ ունի ուսումնասիրել ոչ միայն իսլամի պատմությունը, այլ վերանայել վաղ արդիական շրջանի փոխհարաբերությունները՝ ներառելով գիտելիքի, առևտրային եւ մշակութային արտադրանքի փոխանակումը, տարածաշրջանի սոցիալական ու քաղաքային զարգացման հարցերը:
Հայկ Քոչարյանի խոսքով, գիտաժողովի համատեքստում կքննարկվի նաեւ այն կարևոր ներդրումը, որ արաբները, մուսուլմանները եւ հայերն ունեցել են տարածաշրջանի զարգացման գործում:
Եռօրյա գիտաժողովի ընթացքում հետաքրքիր զեկուցումներ են նախատեսված: Դրանց թվում է, օրինակ, Լիլի համալսարանից Ասմա Հիլալիի զեկուցումը, որը վերաբերում է պարատեքստի միջոցով իսլամական աղբյուրների վերհանմանը, Լեյդենի համալսարանից Խոդադադ Ռեզախանին կխոսի Սասանյանններից՝ իսլամի պատմույթում, Ավստրիայի գիտությունների ակադեմիայից Բենեդետտա Կոնտինի զեկուցման թեման է՝ «Մաթեոս Ջուղայեցու առերեսումը երրորդության ուսմունքի մուսուլմանական քննադատությանը եւ նրա պատասխանը Մարգարեի հետեւորդներին» եւ այլն:
Գիտաժողովի մասնակիցները կայցելեն Մատենադարան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ