Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հրայր Թովմասյանի մասով քրեական գործը չէր կարող հարուցվել քանի դեռ առկա չէ ՍԴ համապատասխան որոշումը»․ Արամ Օրբելյան

Օգոստոս 28,2024 13:53

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ընթացքում Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը մի քանի ժամ շարունակվող պաշտպանական ճառի միջոցով հավաստիացրեց՝ Հրայր Թովմասյանի դեմ այս քրեական գործը չէր կարող հարուցվել, այն ապօրինի է․ «Միակ դրդապատճառը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն էր, որ ազատվեին ՍԴ նախագահից և հնարավորություն լիներ ՀՀ-ում իրականացնել սահմանադրական հեղաշրջում»։

Պաշտպանը վստահեցրեց՝ դատական գործընթացը տեղի է ունեցել քրեական օրենսգրքի մի շարք խախտումներով։ Հղում կատարելով ՍԴ-ի մասին օրենքին՝ Արամ Օրբելյանն ասաց․ «ՍԴ-ի մասին օրենքի դրույթը, որը վերաբերում է ՍԴ դատավորի անձեռնմխելիությանը, սահմանում է, որ ՍԴ անդամը չի կարող կալանավորվել, ներգրավվել՝ որպես մեղադրյալ, չի կարող վարչական պատասխանատվության ենթարկվել առանց ՍԴ-ի կամ ԱԺ-ի ու ՀՀ նախագահի համաձայնության»։

Նա պնդեց, որ Հրայր Թովմասյանն օգտվում է ընթացակարգային անձեռնմխելիության այս երաշխիքներից։ Նաև շեշտեց․ «Եթե դիտարկենք քրեական դատավարության օրենսգիրքը, պետք է արձանագրել ընթացակարգային առումով, որ ոչինչ չի փոխվել․ ինչպես ՍԴ-ի մասին 2008 թվականի, այնպես էլ 2018 թվականի օրենքը նախատեսում են ՍԴ-ի իրավասությունը՝ համաձայնություն տալու ՍԴ դատավորին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին կարգավորումը՝ տվյալ համաձայնությունը տալու ընթացակարգը»։

Խոսելով քրեադատավարական գործընթաց սկսելու արգելքի մասին՝ Արամ Օրբելյանն ասաց․ «Քանի դեռ անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, անձը չի կարող համարվել հանցագործության սուբյեկտ քրեադատավարական գործընթաց սկսելու դիտանկյունից։ Հրայր Թովմասյանի մասով քրեական գործը չէր կարող հարուցվել, քննվել, դատարան ուղարկվել, դատարանում վարույթ ընդունվել, դատաքննություն նշանակվել, իրականացվել դատավարական գործընթաց, կիրառվել սանկցիա, կատարվել այլ գործընթացներ, քանի որ դեռ առկա չէ ՍԴ համապատասխան որոշումը։ Առկա խախտումների նվազեցման պայմաններում միակ հնարավոր տարբերակը, որ այս խախտումները դադարեցվեն, արդարացման դատավճիռն է»։

Արամ Օրբելյանը հայտարարեց՝ փաստ է այն, որ մինչև հիմա չկա ՍԴ-ի նման որոշում, ուստի Հրայր Թովմասյանի դեմ շարունակվում է ապօրինի քրեական հետապնդումը։

Մի քանի ժամ տևող իր պաշտպանական ճառում Արամ Օրբելյանը մանրամասն նկարագրեց դատավորների ընթացակարգային անձեռնմխելիության վերաբերյալ միջազգային փորձը, դատավորների անձեռնմխելիության երաշխիքը մեկնաբանեց սահմանադրաիրավական տեսանկյունից, հղում կատարեց Վճռաբեկ դատարանի որոշումներին։

Ու հայտարարեց․ «Պնդում եմ՝ Հրայր Թովմասյանը որևէ հանցագործություն չի կատարել, բայց նաև ցույց եմ տալիս, որ այս վարույթն ի սկզբանե ապօրինի է՝ առնվազն Հրայր Թովմասյանի մասով, ունի ուղղորդված նպատակ վերացնել դատական անկախությունը՝ տվյալ դեպքում ՍԴ անկախությունը։ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ոչ իրավաչափ է իրականացվում, և դրա արդյունքում արդարացման դատավճիռ կայացնելը նաև կերաշխավորի դատական իշխանության անկախությունը՝ ընդգծելով, որ դատավորներն օգտվում են անձեռնմխելիությունից»։

Այս պահին դատական նիստը շարունակվում է, Արամ Օրբելյանը շարունակում է ներկայացնել իր պաշտպանական ճառը։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031