Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվա՞ր էր Աշոտ Կնյազյանին պատին ծեփել ու ստիպել ասել, թե ոնց է իր մեքենայով զենքերը բերել ու ոնց են տարել խորհրդարան. Անահիտ Բախշյան

Օգոստոս 28,2024 12:46

«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Կնյազյանի մահվան լուրը ԱԺ նախկին փոխնախագահ, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ Յուրի Բախշյանի կնոջը՝ Անահիտ Բախշյանին առեղծված չի թվում:

«Գրեցին, որ շտապ օգնություն են կանչել, սրտի կաթված են արձանագրել: Չգիտեմ՝ մահը առեղծված է, թե չէ, բայց էն որ մեռներ-չմեռներ, մի հաշիվ է, որովհետեւ ոչ մեկն այսօր չի քննում այդ գործը, չի հետաքրքրվում, թե այդ զենքերը ոնց հայտնվեցին Ազգային ժողովում Աշոտ Կնյազյան վարորդի մեքենայով: Աշոտ Կնյազյանն այն մեքենայի վարորդն է, որով զենքերը հասցվել են Ազգային ժողովի դուռը, բայց դրանից հետո ոնց են այդ զենքերը հասել Ազգային ժողով, այդպես էլ դատավարության ժամանակ չուզեցին պարզել»,- Aravot.am-ին ասաց Անահիտ Բախշյանը:

Անահիտ Բախշյան

Ըստ նրա՝ Աշոտ Կնյազյանը Հոկտեմբերի 27-ի հիմնական կազմակերպիչների՝ Նաիրի եւ Կարեն Հունանյանների մանկության ընկերն է. «Նախկին բանգլադեշցիներ են, մեր հարեւան շենքերում են ապրել: Աշոտ Կնյազյանը ահաբեկչական թիմի անդամ է եղել, իրեն օգտագործել են որպես վարորդ, իր մեքենան են օգտագործել: Դատարանում քննվեց այդ գործը, այդ դրվագը, թե ոնց կարող էր այդ զենքը հայտնվել Ազգային ժողովում, եթե ասում են՝ իրենց վրա չեն տարել, բա ոնց հայտնվեց, ով բերեց ու ոչինչ չպարզվեց: Դժվա՞ր էր Աշոտ Կնյազյանին պատին ծեփել ու ստիպել ասել, թե ոնց է իր մեքենայով բերել ու ոնց են տարել խորհրդարան: Դատավարություն չէր, ծիծաղելի բան էր»:

Տիկին Բախշյանի խոսքով՝ 2024 թվականին կլրանա ահաբեկչության 25-րդ տարելիցը. «2004 թվականից հետո, երբ կազմակերպիչների ու հովանավորների մասով գործի անջատված մասը փակվեց, դրանից անցել է 20 տարի: Վկաները հերթով մեռնում են, արդյունքում բացահայտում ես չեմ ակնկալում: Չնայած մեծ հույս ունեի՝ այս իշխանությունն ամեն ինչ անելու է, որ բացահայտի, որ ոչ մեկի նկատմամբ չկրկնվի նման բան, բայց տեղից չի շարժվում: Վերջին անգամ 2024 թվականի ապրիլին եղել եմ Քննչական կոմիտեի նախագահի մոտ, այս տարվա փետրվարին ԱԱԾ-ի քննչականից այդ գործը փոխանցվեց Քննչական կոմիտեին: Կոմիտեի նախագահը՝ Քյարամյանը, ասաց՝ նոր խումբ ենք ձեւավորում, խմբի նոր ղեկավար եմ ընտրել, շատ հուսալի մարդիկ են ու նոր-նոր պիտի սկսեն: Պատկերացնո՞ւմ եք՝ 25 տարի առաջվա ահաբեկչության քննությունը քննչականը նոր պետք է սկսեր ու ապրիլից այս կողմ ոչ մի ձայն»:

Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանի դիմումի համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի կարճված գործը վերաբացվել էր 2019 թվականի դեկտեմբերի 25-ին գլխավոր դատախազի հրամանով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031