Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր խնդիրը բովանդակությունն է, եւ այն նետված է ասպարեզ. Աբրահամ Գասպարյան. «Հրապարակ»

Օգոստոս 28,2024 11:23

«Հրապարակի» զրուցակիցը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է:

– Հավաքական ընդդիմության ներսում երկու կարծիք կա` Բագրատ սրբազանի թեկնածության մասով, որ ինքը պետք է լինի եւ ինքը չպետք է լինի, որեւէ այլ քաղաքական անձ պետք է լինի:

– Հավաքական ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, կան ընդդիմադիր խմբավորումներ, որոնք յուրաքանչյուրն առանձին-առանձին պայքար է տանում, եղել են փուլեր, երբ միասնական են եղել, սակայն տակտիկական հարցերի վերաբերյալ յուրաքանչյուրն ունի իր մոտեցումները: Հավաքական ընդդիմության օրակարգը, մեծ հաշվով, մնում է նույնը, կա զուտ տակտիկական խնդիրների տարբերություն: Մի մասը կարծում է, որ այս մեթոդն է ճիշտ, մյուս մասն էլ այլ բան է կարծում, դրա համար ես չեմ տեսնում խորքային հակասություններ:

– Բագրատ սրբազանի թեկնածության մասով կա որոշակի հակասություն: Օրինակ` Դավիթ Անանյանը կարծում է, որ նրա թեկնածությունը ճիշտ չէ, պետք է քաղաքական անձ լինի:

– Այստեղ խնդիրը սրբազանի թեկնածությունը չէ: Մենք շտաբում այդ հարցը նույնիսկ չենք էլ քննարկել, սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում երեկ հստակ խոսեց այդ մասին՝ հստակ ուղերձներ հղելով քաղաքական բոլոր կողմերին: Խնդիրը մնում է օրակարգայինը, իսկ մեր օրակարգում ոչ թե վարչապետի թեկնածուի հարցն է, այլ պետությունը ծանր վիճակից դուրս բերելը: Թեկնածուի հարցը, ըստ իս, արհեստական թեմա է, որն ավելի շատ վնասում է շարժմանը ներգրավված բոլոր կողմերին` օրակարգի իրականացմանը: Նման քննարկումները միտված չեն հարցեր լուծելուն: Այստեղ խնդիրը վարչապետի թեկնածուի հարցը չէ, նրան խոշորացույցի տակ բուլինգի ենթարկելը եւ սոցցանցային մակարդակով կարծիքներ հայտնելը: Այն բոլոր վերնագրերը` անվտանգությունից սկսած, վերջացրած արտաքին եւ ներքին քաղաքական հարցերով, որոնց մասին խոսել է Բագրատ սրբազանը, կարծում եմ՝ քննարկումները պետք է դրանց վերաբերյալ լինեն: Ինչպես նաեւ կարեւոր է ռազմավարության հստակեցումը, որից հետո միասնական օրակարգով պետք է առաջ շարժվել:

Երբ ասում են` չկա քաղաքական օրակարգ, սխալ է, միշտ էլ եղել է օրակարգ: Ես այստեղ տեսնում եմ այլ խնդիր, եթե բովանդակությունը թողած՝ այլ հարցերի հետեւից ենք ընկնում, անձ ենք կարգում եւ այլն, նշանակում է, որ 2026-ի ընտրություններին տվյալ անձինք մոտենում են լրիվ այլ տրամաբանությամբ եւ այլ խնդիր են ցանկանում լուծել: Գլխավոր խնդիրը բովանդակությունն է, եւ այն նետված է ասպարեզ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031