ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
Հունվար – հունիս, 2024 թ․
Զեկույց
Կարդացեք նաև
Ներածություն
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է խաղաղ հավաքների մշտադիտարկումը Հայաստանի Հանրապետությունում։ Հավաքների մշտադիտարկումը իրականացվում է անմիջական դիտորդության, ինչպես նաև ԶԼՄ և այլ աղբյուրների հրապարակումներից ստացված տեղեկությունների համադրմամբ։
Կոմիտեի կողմից խաղաղ հավաքների մշտադիտարկման ամբողջական մեթոդաբանությունը հասանելի է 2021 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցում[1]։ Սույն զեկույցում ամփոփված են 2024 թ․ հունվար-հունիս ամիսներին Երևանում անցկացված հավաքների մշտադիտարկման ընդհանուր արդյունքները։
Հավաքների ընդհանուր նկարագրությունը
2024 թ․ մարտի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքները կարող են սկսվել Տավուշի մարզից։ Այնուհետև, ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հայտարարեցին, որ համաձայնություն է ձեռք բերվել մինչև մայիսի 15-ը իրականացնել սահմանազատում՝ Տավուշի չորս սահմանամերձ բնակավայրերի երկայնքով[2]։ Գործընթացի արդյունքում Հայաստանը միակողմանիորեն զիջելու էր իր տիրապետության տակ գտնվող տարածքները, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Ըստ վարչապետի՝ հակառակ պարագայում պատերազմ էր լինելու[3], իսկ «սահմանազատման» արդյունքում Հայաստանը ձեռք կբերեր «անվտանգային ռիսկերի նվազեցում»[4]։
Սահմանազատման աշխատանքների մեկնարկին զուգահեռ Տավուշի սահմանամերձ համայնքներում, հիմնականում՝ Կիրանցում և այլ բնակավայրերում սկսվեցին բողոքի ցույցեր, որին մասնակցում էին ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ տարբեր քաղաքական և քաղաքացիական նախաձեռնություններ, հանրային և կուսակցական գործիչներ և այլ քաղաքացիներ։ Հավաքների հիմնական նպատակը գործընթացը կասեցնելն էր, որի նպատակով ցուցարարները փորձում էին արգելափակել դեպի սահմանային տարածք ուժայինների և պաշտոնյաների մուտքը։ Հավաքներին էր միացել Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը կարճ ժամանակ անց դարձավ շարժման փաստացի առաջնորդը։
Տավուշի մարզում շուրջ երկու շաբաթ տևած հավաքների ընթացքում ոստիկանության կողմից տեղի են ունեցել բազմաթիվ միջամտություններ։ Ապրիլի 23-ին ոստիկանությունը ցրել էր հավաքներից մեկը Նոյեմբերյանում և ձերբակալել ճանապարհը արգելափակած ցուցարարներին[5]։ Մայիսի 2-ի առավոտյան ոստիկանությունը ցրել էր Կիրանց տանող ճանապարհին հերթապահող ցուցարարներին, այնուհետև արգելել մարդկանց մուտքը գյուղ, ներառյալ՝ լրագրողների և ԱԺ պատգամավորների[6]։
Մայիսի 4-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ իր աջակիցների հետ երթով շարժվելու են Երևան, որտեղ մայիսի 9-ից սկսած հավաքների միջոցով պետք է հասնեն սահմանազատման գործընթացի դադարեցմանը[7]։ «Տավուշը հանուն հայրենիքի» (ՏՀՀ) շարժումը[8] Երևանում մեկնարկեց մեծ հանրահավաքով, որի ընթացքում արքեպիսկոպոս Գալստանյանը բեմահարթակից պահանջեց Ն․ Փաշինյանի հրաժարականը։ Այնուհետև, շարժման առաջնորդը հայտարարեց հաջորդ օրվանից քաղաքացիական անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին։
Մայիս-հունիս ամիսներին ՏՀՀ շարժման շրջանակներում կազմակերպվել են բազմաթիվ հավաքներ, երթեր, անհնազանդության ակցիաներ, որոնցից շատերին ոստիկանությունը արձագանքել է ցուցարարներին բերման ենթարկելով, կալանավորելով, ծեծի ենթարկելով և այլ բռնություններով։ Բռնությունները գագաթնակետին հասան հունիսի 12-ին ԱԺ առջև անցկացված հավաքի ընթացքում, երբ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի ուղիղ ցուցումով տասնյակ լուսաձայնային նռնակներ կիրառվեցին խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ, վերջիններիս հասցնելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ։ Գործողությունների արդյունքում տուժեցին 101 անձ, որոնցից 57-ը՝ նռնակների բեկորներից։ Ոստիկանության գործողությունները անմիջապես արդարացվեցին ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի վերաբերյալ Հայաստանի հելսինկյան կոմիտեն՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հետ համատեղ հրապարակել էր հատուկ զեկույց։
2024 թ․ հունվար-հունիս ամիսներին Հայաստանի հելսինկյան կոմիտեի կողմից դիտարկվել է 114 հավաք՝ Երևանում։
Հավաքների կազմակերպիչները
Հաշվետու ժամանակահատվածում դիտարկվել են 20 հավաք, որոնք կազմակերպվել են կուսակցությունների և քաղաքական միավորումների կողմից։ Առավել ակտիվներից է եղել ԱԺԲ-ն՝ կազմակերպելով 12 հավաք և երթ, ինչպես նաև շարունակելով Ն․ Փաշինյանի հեռացման պահանջով դեռևս 2023 օգոստոսից Ազատության հրապարակում անցկացվող նստացույցը։ Քաղաքական ուժերի հավաքներից երկուսը կազմակերպվել են ՀՀԿ և դրա երիտասարդական կազմակերպության, երեքը՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքի, երկուսը՝ նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի նոր՝ «ԴՕԿ» կուսակցության և աջակիցների կողմից։ ՀՅԴ կողմից կազմակերպվել է ապրիլի 23-ին հավաք-երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Կուսակցությունների մասնակցությունը հավաքներին այսքանով չի սահմանափակվել։ ԱԺԲ-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և այլ կուսակցություններ բազմաթիվ հավաքներ են կազմակերպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում՝ իրազեկման երթեր, անհնազանդության գործողություններ և այլ հավաքներ։ Այդ հավաքներին, սակայն, կուսակցությունները մասնակցել են առանց իրենց խորհրդանիշերի՝ դրոշների և տարբերանշանների։
Դիտարկվել են ՏՀՀ շարժման շրջանակներում կազմակերպված 38 հավաքներ։ Շարժման ընթացքում, որպես կանոն, տեղի էին ունենում հիմնական հանրահավաքներ՝ երեկոյան ժամերին, իսկ առավոտյան շարժման աջակիցները իրականացնում էին քաղաքացիական անհնազանդության գործողություններ՝ արգելափակելով փողոցների երթևեկությունը, կազմակերպում խորհրդանշական ակցիաներ, ինչպես նաև երթեր՝ դեպի կրթական, գիտական և այլ հաստատություններ։
Մի շարք այլ քաղաքական նախաձեռնություններ նույնպես հավաքներ են կազմակերպել։ Դրանցից էին «Միասին» շարժումը՝ 7 հավաք, «Բռունցքդ բեր» նախաձեռնությունը՝ 6 հավաք, «Կամք» նախաձեռնությունը՝ 4 հավաք, «Բաբոն տեր ա» նախաձեռնությունը՝ երկու հավաք և «Մարտական եղբայրությունը»՝ երեք հավաք։ Դիտարկված հավաքներից 7-ը կազմակերպվել են քաղաքական բանտարկյալներին աջակցող խմբերի կողմից։
Դիտարկվել են հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված 6 հավաք։ Դրանք էին «Արցախի պահեստազորի սպաների միության» ՀԿ կողմից մարտի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպած արցախահայերի հանրահավաքը, մայիսի 13-ին «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ կողմից ԱԳՆ առջև կազմակերպված հավաքը։ Պահանջները, ի թիվս այլնի, վերաբերում էին արցախահայերի վերադարձի իրավունքին։ Հունվարի 29-ին և փետրվարի 14-ին ԿԳՄՍՆ առջև հավաքներ են կազմակերպվել «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ կողմից՝ 7-րդ դասարանի պատմության դասագիրքը խոտանելու և նախարարի հրաժարականի պահանջներով։
Ընդհանուր իրավական կամ սոցիալական հետաքրքրություն ունեցող խմբերից 2024 թ․ առաջին կիսամյակում հավաքներ են անցկացրել խաղաղ և պատերազմական պայմաններում զոհված զինծառայողների հարազատները, «Գոյ» թատրոնի անձնակազմը, Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները և «Երևան ավտոբուս» ՓԲԸ աշխատակից վարորդները։
Հավաքների թիվն ըստ ներկայացվող պահանջների բնույթի
Դիտարկված հավաքների ճնշող մեծամասնության պարագայում բարձրացված հարցերը քաղաքական բնույթի էին։ Դրանք հիմնականում առնչվում էին Տավուշի շրջանում իրականացվող սահմանազատման գործընթացին և Հայաստանի կողմից միակողմանի տարածքային զիջումներին։ Հավաքների մասնակիցները պահանջում էին Ն․ Փաշինյանի իշխանությունից հեռացումը՝ հանրային ճնշման և ԱԺ կողմից անվստահություն հայտնելու ընթացակարգով։
Մայիսի 9-ից ընդդիմադիր քաղաքական օրակարգով հավաքներ կազմակերպվում էին հիմնականում ՏՀՀ շարժման շրջանակներում։ Սահմանազատման դեմ մի շարք հավաքներ են կազմակերպվել նաև այլ նախաձեռնությունների կողմից՝ «Կամք», «Բաբոն տեր ա», «Բռունցքդ բեր» և այլն։ «Միասին» շարժման անդամները փետրվարից մարտ ամիսներին կազմակերպել են մի շարք հավաքներ՝ ԱԺ-ից պահանջելով Ն․ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Մի շարք հավաքներ և երթեր են անցկացվել քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջներով։ ԱԺԲ աջակիցները հունվարի 30-ին հավաք են անցկացրել Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի առջև՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանին ազատ արձակելուն աջակցելու խնդրանքով, որը կալանավորվել էր ՀՀ վարչապետի նկատմամբ «բռնության կոչ» անելու մեղադրանքով[9]։ Քաղբանտարկյալների պաշտպանության նախաձեռնության և այլ խմբերի կողմից հավաքներ և երթեր են կազմակերպվել ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի[10], Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի[11], եթերավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի[12], ակտիվիստ Սամվել Վարդանյանի[13] և այլ քաղաքական բանտարկյալների ազատ արձակելու պահանջով։ Հավաքները հիմնականում կազմակերպվում էին այն դատարանների նստավայրերի առջև, որտեղ տվյալ պահին քննվում էին քաղաքական բանտարկյալների գործերը։
Նախաձեռնության անդամները հավաքներ են կազմակերպել նաև միջազգային հյուրերի այցերի ընթացքում՝ բարձրաձայնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պահվող, ազգությամբ հայ քաղաքական բանտարկյալների հարցը։ Այդ հավաքներն էին ԱԳՆ առջև՝ նախարարի և ԵՄ խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակության ապրիլի 8-ին կայացած հանդիպման ընթացքում, ինչպես նաև մայիսի 15-ին՝ Օպերայի թատրոնի շենքում ՎԶԵԲ 33-րդ տարեկան համաժողովի և բիզնես ֆորումի ընթացքում կազմակերպված հավաքները։
Սոցիալական բնույթի պահանջներ են բարձրացվել դիտարկված հավաքներից 8-ի պարագայում։ Հունվարի 9-ին մի խումբ մարզաբնակ ուսուցիչներ, որոնք չէին անցել ատեստավորումը՝ բարձրագույն կրթություն չունենալու պատճառով, ԿԳՄՍ նախարարից պահանջում էին հնարավորություն տալ շարունակել դասավանդել։ «Գոյ» թատրոնի անձնակազմը հունվարի 15-ի և փետրվարի 4-ի հավաքների ընթացքում պահանջում էր չլուծարել այն և չմիացնել մեկ այլ թատրոնի։ «Երևան ավտոբուս» ՓԲԸ աշխատակից-վարորդները մայիսի 22-ին պահանջում էին կազմակերպության տնօրենի հրաժարականը, որն իրենց հեռացրել էր աշխատանքից։ Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները պահանջում էին տրամադրել իրենց բնակարանների նոր, անվճար սեփականության վկայականներ՝ մինչև թաղամասի գույքի օտարումը։ 2020-2023 թվականներին տեղահանված արցախցիները մարտի 20-ին կազմակերպած հանրահավաքի ընթացքում պահանջում էին իշխանություններից բանակցությունների օրակարգում ներառել իրենց վերադարձի հարցը հայրենիք, ինչպես նաև բարձրաձայնում կացության վերաբերյալ խնդիրների մասին։
Հաշվետու ժամանակահատվածում հավաքներ են կազմակերպվել այլ օրակարգերով։ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները մարտի 21-ին կազմակերպած հավաքին բողոքում էին ինստիտուտի հարակից տարածքում իրականացվող շինարարության դեմ, որը խանգարում էր ինստիտուտի աշխատանքին։ Դիտարկված հավաքներից մեկի ընթացքում՝ ապրիլի 3-ին, մի խումբ քաղաքացիներ բողոքում էին Երևանի քաղաքապետարանի ծառահատումների դեմ։ Փետրվարի 16-ին Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները բողոքի ցույց էին կազմակերպել ՌԴ դեսպանատան առջև՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան կապակցությամբ։ Ապրիլի 26-ին մի խումբ քաղաքացիներ հավաք անցկացրեցին Լեոյի փողոցում՝ նույն վայրում և 2022 թ․ նույնը օրը ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հիշատակին։
Հավաքների թիվն ըստ մասնակիցների թվաքանակի
Հաշվետու ժամանակահատվածում դիտարկված առավել մարդաշատ հավաքները կազմակերպվել էին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում։ Դիտարկված հավաքներից 5-ի պարագայում մասնակիցների թիվը գերազանցում էր 10 հազարը՝ մայիսի 9-ի հավաքի ընթացքում անցնելով 30 հազարը։ Նախաձեռնության այլ՝ թվով 16 հիմնական հավաքների և երթերի պարագայում մասնակիցների թիվը տատանվել է 1000-7000-ի միջև։ Բազմամարդ է եղել ՀՅԴ կողմից ապրիլի 23-ին կազմակերպած ջահերով երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ մոտ 6300 մասնակիցներով։
Հավաքներից 19-ի պարագայում մասնակիցների թիվը տատանվել է 100-ից 1000-ի սահմաններում։ Դրանցից էին ԱԺԲ կողմից առանձին կազմակերպած հավաքները և երթերը՝ 450-650 մասնակիցներով, «Միասին» նախաձեռնության հանրահավաքները՝ 600-750 մասնակիցներով, քաղաքական բանտարկյալներին աջակցող խմբերի կողմից ապրիլի 4-ին ԱԳՆ առջև կազմակերպված հավաքը, ՌԴ քաղաքացիների կողմից Ա․ Նավալնու հիշատակին կազմակերպած հավաքը, ինչպես նաև ՏՀՀ շարժման շրջանակներում կազմակերպված մի շարք երթեր։
Դիտարկված հավաքներից 74-ի դեպքում մասնակիցների թիվը չի գերազանցել 100-ից։ Այս հավաքներից էին ՏՀՀ աջակիցների՝ քաղաքացիական անհնազանդության գործողություններով ուղեկցվող հավաքները և իրազեկման երթերը, ինչպես նաև «Մարտական եղբայրություն», «Բռունցքդ բեր» և այլ նախաձեռնությունների, «Գոյ» թատրոնի անձնակազմի, մարզաբնակ ուսուցիչների, Կոնդ թաղամասի բնակիչների, խաղաղ և պատերազմական պայմաններում զոհված զինծառայողների հարազատների կողմից կազմակերպված հավաքները և այլն։
Հավաքների թիվն ըստ անցկացման ձևերի
Դիտարկված հավաքների մեծ մասն անցկացվել է որոշակի վայրում (66 հավաք), 39-ի դեպքում տեղի է ունեցել նաև երթ, 9-ը անցկացվել են միայն երթի ձևով։
Նշված հավաքներից և երթերից 24-ի պարագայում մասնակիցները, հիմնականում առավոտյան ժամերին, արգելափակել են Երևանի փողոցների երթևեկությունը՝ բողոք արտահայտելով Տավուշի մարզում կատարվող միակողմանի զիջումների դեմ։ Մասնակիցները հաճախ կիրառում էին տարածքում գտնվող աղբամանները, նստարանները, էլեկտրական ինքնագլորները և անձնական ավտոմեքենաները։ Հավաքի վայրում գտնվող կամ տեղաշարժվող ոստիկանության ուժերը նրանց բերման էին ենթարկում՝ հաճախ կիրառելով անհամաչափ ուժ և բռնություններ։
ԱԺԲ կողմից դեռևս 2023 թ․ օգոստոսին Ազատության հրապարակում սկսած շուրջօրյա հավաք-նստացույցը շարունակվեց մինչև 2024 թ․ մայիս։ ՎԶԵԲ ֆորումի անցկացումից առաջ նստացույցի տաղավարները հեռացվեցին։ Կառավարության առջև երեք օր տևողությամբ նստացույց էր իրականացրել «Ազատազէն» քաղաքացիական հրաձգարանի խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը՝ բողոքելով Տավուշում ցույցերին մասնակցող ակտիվիստների 72-ժամյա ձերբակալությունների դեմ։ Հունիսի 9-10-ի գիշերը ՏՀՀ շարժման աջակիցները վրաններ և տաղավարներ տեղադրեցին Բաղրամյան պողոտայում՝ Ազգային Ժողովի նստավայրի առջևի հատվածում, ինչը շարունակվեց մինչև հունիսի 14-ը։
Հավաքների թիվն ըստ անցկացման վայրի
Հայաստանի հելսինկյան կոմիտեի կողմից դիտարկված բոլոր հավաքներն անցկացվել են Երևան քաղաքում։ Որոշ երթերի պարագայում մասնակիցները կանգ են առել տարբեր մարմինների նստավայրերի առջև, հետևաբար՝ դրանք հաշվարկվել են որպես հավաքի առանձին վայրեր։
Հաշվետու ժամանակահատվածը աչքի է ընկել հավաքների անցկացման վայրերի բազմազանությամբ։ Պետական մարմինների վարչական շենքերի մոտ կազմակերպվել են հավաքներ տարբեր օրակարգերով։ ԿԳՄՍՆ մոտ հավաքներ են կազմակերպել «Գոյ» թատրոնի անձնակազմը՝ պահանջելով չլուծարել իրենց թատրոնը, մարզաբնակ ուսուցիչները՝ դասավանդելը շարունակել թույլատրելու համար, ինչպես նաև «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական ՀԿ անդամները՝ պատմության դասագիրքը խոտանելու և ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։
ՀՀ կառավարության նստավայրի առջև հիմնականում հավաքներ են անցկացրել «Տավուշը հանուն հայրենիքի», «Բաբոն տեր ա», «Կամք» ընդդիմադիր քաղաքական նախաձեռնությունները, անհատ ակտիվիստներ և քաղաքացիների խմբեր՝ Տավուշի մարզում իրականացվող միակողմանի զիջումների դեմ։ Համանման օրակարգով են հավաքներ անցկացվել Ազգային Ժողովի առջև՝ «Միասին» շարժման, «Բռունցք բեր», ինչպես նաև, կրկին՝ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունների կողմից։
ՆԳՆ առջև հավաքներ են կազմակերպել «Մարտական եղբայրություն» նախաձեռնության անդամները՝ Տավուշում ձերբակալված իրենց աջակիցներին ազատ արձակելու պահանջով, ինչպես նաև ՏՀՀ շարժումը՝ ընդդեմ ոստիկանական բռնությունների։ ԱԳՆ առջև կազմակերպված ցույցերից են եղել ինչպես ՏՀՀ կողմից մայիսի 31-ի հավաքը՝ նախարարի հետ հանդիպման պահանջով, քաղաքական բանտարկյալների աջակցության խմբի և արցախահայերի «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ անդամների՝ ԵՄ խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակության ԱԳՆ այցի ընթացքում անցկացրած հավաքները։
Մի շարք հավաքներ են անցկացվել տարբեր դատարանների առջև՝ ի աջակցություն ազատազրկված ակտիվիստների և քաղաքական բանտարկյալների։ Նշված հավաքներից էին մարտի 23-ին Վ․ Սաղաթելյանի և Ն․ Սամսոնյանի, ապրիլի 17-ին՝ ակտիվիստ Ս․ Վարդանյանի և ապրիլի 25-ին՝ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մ․ Ասլանյանի ազատ արձակման պահանջով ցույցերը դատարանների առջև։
Այլ պետական մարմինների, օրինակ՝ Քննչական կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակների առջև հավաքներ են անցկացվել ՏՀՀ շարժման կողմից՝ Քննչական կոմիտեից պահանջելով արձագանքել ոստիկանական բռնություններին, ազատ արձակել ձերբակալված և կալանավորված ցուցարարներին, իսկ ՄԻՊ-ից՝ հանդիպել իրենց հետ տեսախցիկների առջև։
Հավաքներից 6-ը կազմակերպվել են դեսպանատների և միջազգային կազմակերպությունների գրասենյակների առջև։ ԱԺԲ-ն հունվարի 30-ին հավաք-երթ է անցկացրել Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության առջև՝ ի աջակցություն կալանավորված փաստաբան Մուշեղ Շուշանյանի, իսկ փետրվարի 18-ին՝ բողոքի ցույց ՌԴ դեսպանատան առջև՝ 1921 թ․ Փետրվարյան ապստամբության հիշատակին։ ՌԴ դեսպանատան առջև հավաք են անցկացրել ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների մի խումբ՝ ի հիշատակ ռուս ընդդիմադիր գործիչ Ա․ Նավալնու։ Քաղաքական բանտարկյալների աջակցության խումբը ապրիլի 22-ին հավաք է անցկացրել նաև ԵՄ պատվիրակության գրասենյակի առջև՝ պահանջելով բարձրաձայնել Ն․ Սամսոնյանի, Վ․ Սաղաթելյանի և այլ քաղաքական բանտարկյալների դեմ հետապնդումների մասին։ Դիտարկված մյուս հավաքները անցկացվել են Երևանի այլ վայրերում՝ պուրակներում, տարբեր հուշարձանների հարևանությամբ և այլուր։
ՀՅԴ և ԱԺԲ կողմից կազմակերպվել են երթեր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ՝ համապատասխանաբար ապրիլի 23-ին և 24-ին։ ՏՀՀ շարժման աջակիցների կողմից քաղաքացիական անհնազանդության ակցիաները կազմակերպվել են Երևանի բանուկ փողոցներում և խաչմերուկներում, իսկ տարբեր օրերին ամփոփիչ հանրահավաքները՝ Հանրապետության հրապարակում և Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Շարժման մի քանի երթերի նշանակետն է եղել կառավարական առանձնատների գլխավոր մուտքը, որտեղ գտնվում է նաև ՀՀ վարչապետի կեցավայրը։
Հավաքների կարգավիճակը
Դիտարկված հավաքներից 74-ի պարագայում մասնակիցների թիվը չի անցել 100-ից, որի պարագայում իրազեկում ներկայացնելու կարիք չի եղել։ Այդուհանդերձ, բազմաթիվ ոչ մարդաշատ հավաքների կազմակերպիչներ իրազեկումներ ներկայացրել են[14]։ Դրանցից էին ապրիլի 22-ին քաղաքացի Էլեոնորա Մանանդյանի կողմից ԱԺ նստավայրի առջև, ապրիլի 25-ին փաստաբանների և այլ քաղաքացիների կողմից գլխավոր դատախազության առջև, ապրիլի 27-ին քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցի կողմից Շ․ Ազնավուրի անվան հրապարակում և մայիսի 15-ին «Մարտական եղբայրություն» նախաձեռնության կողմից Գ․ Նժդեհի արձանի մոտ իրականացված հավաքները։ Բոլոր նշված հավաքները, օրակարգային տարբերություններով, կազմակերպված են եղել Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման գործընթացի արդյունքում Հայաստանի կողմից կատարվող միակողմանի զիջումների դեմ։
Բազմամարդ հավաքներից իրազեկված են եղել «Միասին» նախաձեռնության հավաքները Ազատության հրապարակում և ԱԺ նստավայրի առջև, ԱԺԲ հավաքները Ազատության հրապարակում և անցկացրած երթերը։ ԱԺԲ-ն, ինչպես նախորդ ժամանակներում, Երևանի քաղաքապետարան էր ներկայացրել Ազատության հրապարակում հավաքներ և Կենտրոն համայնքի փողոցներով երթեր անցկացնելու վերաբերյալ իրազեկումներ գրեթե բոլոր օրացույցային օրերի համար։ Իրազեկված հավաքներից առավել բազմամարդն էին մարտի 20-ին Արցախահայերի հանրահավաքը Ազատության հրապարակում և ապրիլի 23-ին՝ ՀՅԴ կողմից կազմակերպված հերթական ամենամյա ջահերով երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Ոստիկանների վարչարարությունը հավաքների ընթացքում
Ոստիկանների քանակը և գործելաոճը
Դիտարկված հավաքներից 32-ի պարագայում ներգրավված ոստիկանության ծառայողների թիվը չի գերազանցել 30-ը, 52-ի դեպքում տատանվել է 30-ից 100-ի սահմաններում, իսկ հավաքներից 30-ի դեպքում գերազանցել է 100-ից։
Ոստիկանության ծառայողների ներգրավվածությունը ընդդիմադիր ուղղվածությամբ հավաքներին, կրկին, մշտապես մեծ է եղել։ Կառավարության նստավայրի մուտքերը, որպես կանոն, արգելափակված են եղել ոստիկանության շղթայով՝ եթե հավաքի մասնակիցների թիվը մի քանի տասնյակից ավել է եղել։ Կառավարության նիստերի ընթացքում նույն կերպ արգելափակված է եղել դեպի նստավայրի մյուս մուտքը տանող Մելիք-Ադամյան փողոցը, իսկ ԱԺ նիստերի ընթացքում՝ Դեմիրճյան փողոցը։ Նստավայրերի հարակից տարածքներում կենտրոնացված են եղել ոստիկանության հավելյալ ուժեր։
Առավել մեծ թվով ոստիկաններ են ներգրավված եղել ԱԺԲ և ՏՀՀ հավաքների ընթացքում։ Ազատության հրապարակում և հարակից տարածքում, որտեղ ԱԺԲ-ն նստացույց էր իրականացնում և պարբերաբար հավաքներ կազմակերպում, ավտոբուսներով ոստիկանության զորքերի մեծաքանակ ուժեր են տեղակայված եղել, հաճախ գերազանցելով 200 հոգուց։ Նույնը վերաբերում էր ՏՀՀ շարժման ընթացքում կազմակերպված երթերին և հավաքներին։ Առավել մեծ թվով ոստիկանության ծառայողներ են ներգրավված եղել մայիսի 15-ին՝ ՎԶԵԲ ֆորումին զուգահեռ և հունիսի 10-14 ԱԺ նստավայրի առջև տեղի ունեցած հավաքների ընթացքում։ Մայիսի 15-ին Օպերայի թատրոնի և Ազատության հրապարակի շուրջը միայն կայանած ոստիկանության մեքենաների քանակից կարելի է եզրակացնել, որ ոստիկանների և ոստիկանության զորքերի ծառայողների թիվը եղել է առնվազն 900։ Ոստիկանության համակարգի ղեկավար կազմից ներկայացուցիչներ գրեթե մշտապես ներկա են եղել ընդդիմադիր մեծ հանրահավաքներին։
Բացի Երևանի ստորաբաժանումներից և ոստիկանության զորքերից, ՏՀՀ հավաքների ընթացքում ներգրավված են եղել նաև ոստիկաններ գրեթե բոլոր մարզային վարչություններից։
Մարզերից ներգրավված ոստիկանները հունիսի 12-ին գտնվել են ոստիկանության շղթայի առաջին շարքերում՝ ցուցարարներին դեմ-դիմաց։ Հարկ է նշել, որ Հայաստանում հավաքների ճնշող մեծամասնությունը մշտապես տեղի է ունենում Երևանում և մարզային ոստիկանության կողմից դրանց վարչարարության փորձը, առավել ևս՝ բազմամարդ հավաքների պարագայում, խնդրահարույց է։
Ոստիկանության ներկայացուցիչների կողմից բանակցությունների վարումը, որպես լարվածությունը թուլացնելու միջոց, եղել է ոչ հետևողական։ Կախված իրավիճակից և կոնկրետ բանակցողից՝ որոշ դեպքերում հնարավոր է եղել լարվածությունը թուլացնել և բախումները կանխել։ Օրինակ՝ հունիսի 9-ին ԱԺ նստավայրի առջևից դեպի կառավարական առանձնատներ ՏՀՀ երթի ընթացքում ոստիկանները արգելափակել էին մուտքը դեպի Դեմիրճյան փողոց, որով երթի մասնակիցները ցանկանում էին վերադառնալ Բաղրամյան պողոտայում մնացած ցուցարարների մոտ։ Ոստիկանությունը թեև չբացեց ճանապարհը, սակայն բարձրախոսով շարժման ներկայացուցչի հետ տարվող բանակցությունների ընթացքում լարվածությունը իջավ, արդյունքում միջադեպեր տեղի չունեցան և երթը վերադարձավ Բաղրամյան պողոտա։ Թեև շարժման ղեկավարները համաձայն չէին ոստիկանության պնդումներին, այնուամենայնիվ, քննարկման և պահանջները անպատասխան չթողնելու գործելաոճը դրական ազդեց լարվածության թուլացման վրա։
Ի հակադրումն դրան՝ հունիսի 12-ին ԱԺ հարակից տարածքում անցկացվող հավաքի ընթացքում ոստիկանությունը աճող լարվածությանը զուգահեռ հայտարարեց հատուկ միջոցների կիրառման մտադրության մասին՝ ձեռքի բարձրախոսով, ինչը լսելի չէր հավաքի վայրում։ Նշված հավաքի նկարագրությունը և ոստիկանության գործողությունները մանրամասն ներկայացված են Կոմիտեի և ՔԻՀԿ համատեղ հատուկ զեկույցում։
Հավաքի ընթացքում փողոցների երթևեկությունը նպատակաուղղված կերպով արգելափակող ցուցարարներին բերման ենթարկելը եղել է ոստիկանության հիմնական արձագանքը։ Նման դեպքեր են դիտարկվել նաև ԱԺԲ կողմից ապրիլի 27-ին և 30-ին իրականացրած երթերի, ինչպես նաև ՏՀՀ շարժման աջակիցների կողմից առավոտյան ժամերին իրականացրած քաղաքացիական անհնազանդության գործողությունների և որոշ հիմնական հավաքների ընթացքում։
Հավաքների մասնակիցներին, որպես կանոն, բերման են ենթարկել ոստիկանության պարեկային ծառայության հատուկ գումարտակի և ոստիկանության զորքերի ստորաբաժանումները։ Վերջիններս ոչ միշտ են ի սկզբանե ներգրավված եղել տվյալ հավաքի վարչարարության մեջ, այլ տեղաշարժվող խմբերով շրջել են ըստ կանչերի։ Հատկանշական է, որ նրանց գործողությունները ոչ միշտ են համապատասխանեցված եղել այլ՝ տվյալ հավաքի վարչարարությամբ զբաղվող ոստիկանության ծառայողների հետ։ Այսպես՝ մայիսի 11-ին Տիգրան մեծ պողոտայի Սասունցի Դավթի հրապարակին հարող հատվածում ՏՀՀ աջակիցները արգելափակել էին փողոցի երթևեկությունը, իսկ հավաքի վայրում ներկա ոստիկանության ներկայացուցիչը մի քանի րոպե ժամանակ էր տվել՝ բողոքի գործողությունը կատարելու և փողոցը ազատելու նպատակով։ Սակայն հատուկ նշանակության գումարտակի (ՀՆԳ) «կարմիր բերետները», արագ մոտենալով ցուցարարներին, անմիջապես սկսեցին նրանց բերման ենթարկել՝ առանց այլ ոստիկանների կողմից տրված ժամկետի ավարտին սպասելու։ Փողոցը ազատելուց հետո «կարմիր բերետները» շրջում էին տարածքում և մայթերից կամայական բերման ենթարկում քաղաքացիներին, որպես կանոն՝ տղամարդկանց։ Վերջին ցուցարարին բերման ենթարկեցին փողոցը փաստացի բացելուց 28 րոպե անց, կրկին՝ մայթից։
Մեկ այլ՝ ապրիլի 27-ին ԱԺԲ հավաքներից մեկի ընթացքում մասնակիցները բաժանվեցին խմբերի և Ազատության հրապարակից երթեր անցկացրեցին Երևանի կենտրոնի փողոցներով՝ կարճ ժամանակով արգելափակելով դրանք։ Երթերից մեկի մասնակիցներին, որոնք հասել էին Հանրապետության հրապարակ, ոստիկանությունը շրջափակեց հետիոտնի հատվածում և արգելեց շարունակել, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու։ Այնուհետև, ոստիկանները ողջ խմբին բերման ենթարկեցին, ներառյալ հավաքի մասնակից տարեց կանանց։
Նման գործելաոճ դիտարկվել է նաև այլ բազմաթիվ հավաքների ընթացքում։ Մայիսի 27-ին ոստիկանության պետ Հովհաննիսյանը ցուցարարներին մայթերից բերման ենթարկելու գործելաոճը մեկնաբանեց այսպես․ «Մայթեզրին ոչ մի կանգնած քաղաքացու անտեղի չեն տարել․․․ տեսախցիկներով, էն որ փակում են, հետո վազում կանգնում են լակոտի պես ընդե, բա ի՞նչ պիտի անեն»[15]։
Առավել մեծ քանակով ցուցարարներ՝ 414 հոգի բերման են ենթարկվել մայիսի 17-ին տեղի ունեցած ՏՀՀ շարժման շրջանակներում կազմակերպված անհնազանդության գործողությունների ընթացքում։
Բացի քաղաքացիական անհնազանդության դրսևորումներին հակազդելուց՝ ոստիկանությունը մի շարք հավաքների ընթացքում ցուցարարների է բերման ենթարկել առանց որևէ իրավական հիմքի։ Օրինակ՝ ապրիլի 14-ի գիշերը «Կամք» նախաձեռնության անդամ, ընդդիմադիր ակտիվիստ Վահագն Չախալյանին բերման են ենթարկվել շինարարական ցանկապատի վրա «Stop Nikol» գրառմամբ գրաֆիտի անելու համար։ Ոստիկանության ծառայողները հետաքրքրվել է, թե արդյոք ակտիվիստների ակցիան իրազեկված է, թեև մասնակիցները ընդամենը մի քանի հոգի էին։ Այնուհետև, Վ․ Չախալյանին բերման ենթարկեցին, ըստ ոստիկանության՝ քաղաքական գրառում կատարելու համար[16]։ Ապրիլի 26-ին «Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամները ՀՀ ԱԺ նստավայրի առջև իրականացրել էին հավաք՝ ընդդեմ Տավուշում միակողմանի տարածքային զիջումների: Մասնակիցները ԱԺ դարպասների առջև տեղադրել էին սյան մակետ՝ խորհրդանշելով սահմանազատման սյունը, որի լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Ն․ Փաշինյանը։ Հավաքի մասնակիցները հայտարարել էին, որ ամեն օր նմանատիպ հավաք են անցկացնելու նույն ժամին և նույն վայրում և ավելացնելու են սյուների մակետները։ Սակայն հաջորդ օրը ոստիկանությունը, առանց որևէ հիմնավորման պահանջելով դադարեցնել հերթական հավաքը, բերման ենթարկեց նախաձեռնության անդամներին[17]։
Ձերբակալություններ
2023 և 2024 թվականներին տեղի ունեցած ընդդիմադիր հավաքների համատեքստում աճել են իրավապահների կողմից ցուցարարներին քրեական կասկածանքով ձերբակալելու դեպքերը։ Թեև ձերբակալված ցուցարարների մեծ մասը երեք օրվա ընթացքում ազատ են արձակվել՝ առանց մեղադրանքի ներկայացման, նման գործելաոճը ավելի ու ավելի անհաշվետու է դարձել։
Օրինակ՝ ցույցերի ակտիվ մասնակից, «Ազատազէն» քաղաքացիական հրաձգարանի խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և չորս այլ անդամների մայիսի 15-ին ձերբակալել էին ապօրինի զենքի ունենալու կասկածով։ Առանց մեղադրանքի՝ Ի․ Գևորգյանը և աջակիցները պահվեցին 72 ժամ և ազատ արձակվեցին[18], իսկ ձերբակալությունը դատարանի կողմից ճանաչվեց ոչ իրավաչափ[19]։ Մայիսի 16-ին ձերբակալվեց, այնուհետև՝ ենթարկվեց տնային կալանքի «Կամք» ընդդիմադիր քաղաքական նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը։ Նույն օրը Կառավարության նստավայրի մոտ իրականացվող բողոքի ցույցի ընթացքում վերջինիս և իրեն մոտեցած Ն․ Փաշինյանի աջակցի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչը ոստիկանությունը գնահատել էր որպես «խուլիգանություն»[20]։
Մայիսի 31-ին ԱԳՆ նստավայրի առջև տեղի ունեցած հավաքի ընթացքում ցուցարարների և ոստիկանության միջև հրմշտոց տեղի ունեցավ, որի արդյունքում Քննչական կոմիտեն նախաձեռնեց զանգվածային անկարգությունների հիմքով վարույթ և ձերբակալվեցին 28 քաղաքացի։ ՏՀՀ հավաքի ղեկավար Բագրատ արքեպիսկոպոսը պահանջում էր հանդիպում ԱԳ նախարարի Արարատ Միրզոյանի հետ, որն այդպես էլ տեղի չունեցավ։ Ոստիկանությունը շղթայով արգելափակել էր ցուցարարների մուտքը դեպի նախարարության բակ։ Մոտ երկու ժամ լարված իրավիճակից հետո ցուցարարների և ոստիկանների միջև սկսվեց հրմշտոց։ Ոստիկանությունը ետ հրեց ցուցարարների առաջին շարքը, իսկ հավաքի վայրից տարբեր անձինք սկսեցին շշեր և ծխագլանակներ նետել ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան ոստիկանները նույնպես տարբեր առարկաներ էին նետում։
Ձերբակալվածներից 27-ին այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց և նրանք ազատ արձակվեցին։ Ըստ ՏՀՀ շարժմանն աջակցող փաստաբանների՝ առարկաներ նետել են հավաքի վայրում գտնվող սադրիչները։ Փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով՝ հավաքի օրը ձերբակալվածներից երկուսը ոստիկանության բաժնում չցանկացան օգտվել իրենց ծառայություններից, որից հետո ոստիկանները նրանց առանձնացրեցին։ Անկախ սադրիչների առկայությունից կամ բացակայությունից, հավաքի առաջին շարքերում կանգնած ցուցարարները և որոշ ոստիկաններ բախման ժամանակ փորձում էին իրավիճակը թուլացնել և պահանջում էին մյուսներից դադարեցնել առարկաներ նետելը, ինչը հստակ երևում է տեսագրություններում[21]։ Միաժամանակ՝ ըստ բազմաթիվ ցուցարարների, ոստիկանության ծառայողները իրենց ծեծի են ենթարկել արգելանքի վերցնելու ընթացքում։ Բերման ենթարկված ցուցարարներից մեկի՝ Արման Սարգսյանի դեմքին առկա էր կոշիկի հետք, իսկ գլուխը վնասված էր[22]։ Ըստ վերջինիս՝ ԱԳՆ առջև ցույցի ընթացքում 5-6 սև բերետներով ոստիկան իրենց գցել էին գետնին և ոտքերով հարվածում էին[23]։ Ոստիկանների կողմից ծեծի էր ենթարկվել նաև Դանիել Սարկավագ Գևորգյանը, որը նույնպես մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական հաստատություն, տուժել էր բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը[24]։
Բռնություններ և անհամաչափ ուժի կիրառման դեպքեր
Բռնություններ հավաքի մասնակիցների նկատմամբ
Բռնությունների բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել ապրիլին՝ Տավուշի մարզում անցկացվող հավաքների ընթացքում, որին Հայաստանի հելսինկյան կոմիտեն անդրադարձել էր առանձին հայտարարությամբ[25]։ Ապրիլի 23-ին ոստիկանությունը ցրել էր Նոյեմբերյանում անցկացվող հավաքը։ Շարժման ակտիվ մասնակիցներից մեկը՝ պահեստազորի փոխգնդապետ Միհրան Մախսուդյանը ոստիկանների բռնությունների հետևանքով տեղափոխվել էր հիվանդանոց՝ գլխուղեղի ցնցումով։
Հաջորդ օրը Երևանում ոստիկանությունը առանց հիմնավորման կանգնեցրել էր ԱԺԲ իրազեկված երթը և բերման ենթարկել մասնակիցներին։ Ըստ ԱԺԲ-ի՝ ոստիկանության բաժիններում իրենց աջակիցները, ներառյալ Վոլոդյա Ավետիսյանը, Արթուր Մարգարյանը և Խաչատուր Եփրեմյանը ծեծի էին ենթարկվել[26]։
Ոստիկանական բռնություններ դիտարկվել են Երևանում շարունակվող ՏՀՀ շարժման ցույցերի ընթացքում։ Առավելապես բռնություններում ներգրավված են եղել ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները՝ հայտնի որպես «կարմիր բերետներ» և ոստիկանության զորքերի ծառայողները։ Ընդդիմության ցույցերի ընթացքում վերջիններիս կողմից բռնություններին Կոմիտեն ևս առանձին հայտարարությամբ էր անդրադարձել։
Ոստիկանական բռնությունների աննախադեպ և ծանր դրսևորումներից էր մայիսի 27-ին ՀՅԴ գրասենյակի առջև ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելու դեպքը։ Վերջինիս և «կարմիր բերետավոր» ոստիկաններից մեկի միջև վիճաբանությունը վերածվեց քաշքշուկի և հայհոյանքների, որից հետո շուրջ 30 «կարմիր բերետավորներ» խմբակային ծեծի ենթարկեցին պատգամավորին և նստեցրեցին ոստիկանական մեքենան։ Թեև ողջ ծեծի տեսարանը նկարահանվել էր և հրապարակվել՝ որևէ ոստիկանի մեղադրանք մինչ օրս ներկայացված չէ։
Ցուցարարներին կամայական ծեծի ենթարկելու բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, ինչպես նշվեց, մայիսի 31-ին ԱԳՆ առջև և հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ նստավայրի առջև տեղի ունեցած հավաքների ընթացքում։ Հունիսի 12-ին տասնյակ լուսաձայնային նռնակների կիրառմանը զուգահեռ ոստիկանները, հիմնականում՝ ոստիկանության զորքերը և «կարմիր բերետները» ցուցարարներին բերման ենթարկելիս ծեծել են, ինչը հստակ արձանագրվել է բազմաթիվ տեսանյութերում։ Գործողությունների մանրամասն նկարագրությունը և նշված տեսանյութերը հասանելի են Կոմիտեի և ՔԻՀԿ համատեղ հատուկ զեկույցում։
Բռնություններ լրագրողների նկատմամբ
Դիտարկված հավաքների ընթացքում տեղի են ունեցել լրագրողների աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ դեպքեր։ Փողոցներում ցուցարարներին բերման ենթարկելիս ոստիկանությունը, որպես կանոն, պահանջում էր լրագրողներից լքել փողոցի երթևեկելի հատվածը։ Վերջիններս հաճախ հակադարձում էին, պնդելով, որ նման պայմաններում ոստիկանության գործողությունները արդյունավետորեն չեն կարող լուսաբանել։ Մի շարք հավաքների ընթացքում ոստիկանները, հիմնականում՝ «կարմիր բերետները», կոշտ վիճաբանության մեջ են մտել լրագրողների հետ։ Օրինակ՝ ապրիլի 30-ին ԱԺԲ երթի ընթացքում ցուցարարներին բերման ենթարկելիս ՀՆԳ «կարմիր բերետների» հրամանատար Հայկազ Ջոմարդյանը, գոռգոռալով լրագրողների վրա, ենթականերին կարգադրել էր հրելով հեռացնել նրանց։
Հավաքների ընթացքում տեղի են ունեցել լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր։ Մայիսի 14-ին՝ Աբովյան փողոցում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանական մեքենան հարվածել է Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին[27]։ Բռնության դեպքեր են տեղի ունեցել նաև Տավուշում անցկացվող բողոքի գործողությունների ընթացքում՝ Օրագիր կայքի լրագրող Անի Ներկարարյանի, Առավոտ թերթի աշխատակից Գարիկ Մելքոնյանի և այլոց նկատմամբ, ինչը խստորեն դատապարտվել էր «Լրագրողներ առանց սահմանների»[28] և տեղական կազմակերպությունների կողմից։
Լրագրողներ են տուժել նաև հունիսի 12-ին ԱԺ հարևանությամբ տեղի ունեցած հավաքի ընթացքում՝ Սիրահարների այգու հատվածում։ Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակներից մեկը նետվել էր ուղիղ լրագրողների և օպերատորների վրա, որոնք լուսաբանում էին այգում ոստիկանների գործողությունները[29]։
Ոստիկանության հատուկ միջոցների կիրառում
Հունիսի 12-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների կիրառումը աննախադեպ էր ինչպես քանակով, այնպես էլ դրանց՝ անմիջապես մարդկանց թիրախավորելու առումով։ Երկու տասնյակից ավել նռնակները, որոնք նետվել էին անմիջապես լրագրողների, ցուցարարների, ներառյալ՝ արդեն վնասվածք ստացած և գետնին ընկած մարդկանց վրա, բեկորային վնասվածքներ հասցրեցին 57 անձի։
Հանրային ուշադրության կենտրոնում էին ոչ միայն կիրառված նռնակների աննախադեպ քանակը, այլև տեսակները։ Նախորդ տարիներին, ներառյալ՝ 2018 թ․ ապրիլյան ցույցերի ընթացքում ոստիկանությունը հիմնականում կիրառում էր ռուսական արտադրության «Զարյա 2» մոդելի լուսաձայնային նռնակները։ Դրա կիրառման չափորոշիչները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի N 09-Ն հրամանով։ Ըստ հրամանի՝ «Զարյա» և «Զարյա 2» տեսակի նռնակները թույլատրվում են կիրառել միայն բաց տեղանքում՝ մարդուց նվազագույնը 2․5 մետր հեռավորության վրա։ Ըստ Հետք լրատվականի՝ հունիսի 12-ին ոստիկանությունը կիրառել է նաև «Զարյա 3» տեսակի նռնակներ, որոնցից մեկը արձանագրվել էր լուսանկարում[30]։
Լրատվամիջոցների բազմաթիվ հարցումներին ՆԳՆ-ն այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ միջոցներ են կիրառվել հունիսի 12-ին[31]։ Նախարարությունը նախ պատասխանեց, որ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն և 30 օրյա ժամկետ, այնուհետև՝ ուղղորդեց դիմել Քննչական կոմիտե։ Հավաքից ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 12-ին, ՆԳ նախարարի հրամանով գաղտնագրվեց «զանգվածային անկարգությունների ժամանակ կազմակերպչական միջոցառումների կամ ձեռնարկվող այլ հատուկ նշանակության պլաններով նախատեսված միջոցառումների» վերաբերյալ տեղեկատվությունը[32]։ Միևնույն ժամանակ, Առողջապահության նախարարը վերը նշված հրամանում լրացում կատարեց՝ ավելացնելով «Զարյա 3» լուսաձայնային նռնակը։ Կիրառման չափանիշները սահմանվեցին նույնը, ինչ «Զարյա 2»-ի դեպքում՝ բաց տեղանքում, մարդուց նվազագույնը 2․5 մետր հեռավորության վրա[33]։
«Զարյա 3» լուսաձայնային նռնակը ՌԴ Կիրառական քիմիայի դաշնային գիտահետազոտական ինստիտուտի՝ «Զարյա 2»-ի արդիականացված տարբերակն է[34]։ Զանգվածը 175-ից բարձրացված է 180 գրամի, պայծառություն ուժեղ է մինչև 25 տոկոսով։ Երկու դեպքում էլ նռնակները նախատեսված եմ զինված հանցագործի հոգեբանական և կամային ճնշման համար՝ լուսաձայնային ազդեցությամբ[35]։
Հայաստանում տարբեր տարիներին տեղի ունեցած հավաքների ընթացքում լուսաձայնային նռնակների կիրառման չափանիշները երբեք չեն պահպանվել։ Ավելին՝ նշված հավաքներից որևէ մեկի պարագայում ստեղծված չի եղել այնպիսի իրավիճակ, որը առհասարակ արդարացներ նման վտանգավոր միջոցի կիրառումը, որի պայթյունից առաջացած բեկորները ունակ են ծանր մարմնական վնասվածքներ հասցնել։ Հունիսի 12-ին նռնակները նետվել են ԱԺ հարևանությամբ գտնվող Սիրահարների այգում գտնվող ցուցարարների ուղղությամբ, որոնք արդեն մեկուսացված էին ոստիկաններից և որևէ ագրեսիվ վարքագիծ չէին ցուցաբերում։ Ըստ հավաքի վայրում արված տեսագրությունների՝ ոստիկանների դիրքից ելնելով, որոնք նետել էին նռնակները, ոչ միայն ի սկզբանե չէին կարող պահպանվել մարդկանցից անվտանգ հեռավորության վրա դրանք կիրառելու չափանիշները, այլև դրանք դիտավորյալ են նետվել մարդկանց բազմության վրա՝ ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի ցուցումով[36]։
Հարկ է նշել, որ թեև 2018 թվականի ապրիլյան ցույցերի ընթացքում «Զարյա» լուսաձայնային 8 նռնակները չափանիշների խախտմամբ ցուցարարների նկատմամբ կիրառելու համար նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը դատապարտվեց այս տարվա հունիսի 3-ին[37], փաստորեն, գործող ոստիկանապետի պարագայում որևէ իրավական հետևանք չառաջացավ։ Ավելին՝ ոստիկանների գործողությունները անմիջապես արդարացրեցին վարչապետ Ն․ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը[38]։ Հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների նկարագրությանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հատուկ զեկույցում։
Բացի «Զարյա» նոր տեսակի նռնակից, հունիսի 26-ին Առողջապահության նախարարի հրամանի ցանկում ավելացվել են ոստիկանության ևս երկու հատուկ միջոց՝ չինական արտադրության ջրանետ մեքենա և ամերիկյան Sabre ապրանքանիշի աերոզոլային փոշեցրիչ։ Գրգռող ազդեցությամբ փոշեցրիչը ազդում է մինչև 7․6-9 մետր հեռավորության վրա և անմիջապես բորբոքում թոքերի, աչքերի և քթի զգայուն թաղանթները՝ ապակողմնորոշելով և անշարժացնելով «հարձակվողին»[39]։ Հատուկ միջոցը նաև պարունակում է ներկ, որը տեսանելի է ուլտրամանուշակագույն լույսի ներքո։ Նախարարի հրամանում միջոցի կիրառված միակ սահմանված չափանիշը առավելագույն հեռավորությունն է՝ 5 մետրից ոչ ավելի, իսկ ազդեցության ժամանակը կրկնում է արտադրողի կողմից հայտարարված կիրառման առավելագույն տևողությունը՝ 12 վայրկյան[40]։
Փոշեցրիչի կիրառման նվազագույն հեռավորություն չափանիշի բացակայության պատճառով, փաստորեն, ոստիկանությունը այն կարող է կիրառվել անմիջապես մարդու շնչուղիների և աչքերի վրա։ ԱՄՆ ոստիկանության ուղեցույցներով, ում համար ի սկզբանե արտադրված էր նշված փոշեցրիչը, դրանց կիրառությունը թույլատրվում է մարդուց առնվազն 0.9 մետր հեռավորությունից, ի թիվս այլ չափանիշների[41]։ Ավելին՝ ըստ ՄԱԿ-ի կողմից մշակված նվազ մահաբեր զենքերի կիրառման ուղեցույցի, քիմիական գրգռիչ նյութերը կարող են օգտագործվել միայն եթե առկա է վնասվածք հասցնելու վերահաս վտանգ[42]։
Հատկանշական է, Sabre ապրանքանիշի փոշեցրիչը նույնպես ներառված է եղել ոստիկանության սպառազինության մեջ մինչև հունիսի 26-ին նախարարի հրամանում կիրառման չափանիշների հաստատումը։ Օրինակ՝ մայիսի 15-ին ՎԶԵԲ ֆորումի անցկացման ընթացքում ցուցարարների և Ազատության հրապարակի մուտքի միջև ընկած հատվածում ծառայություն իրականացնող ոստիկանները զինված էին նույն՝ Sabre RED – 920060-C մոդելի աերոզոլային փոշեցրիչներով։
Հետապնդումներ, հավաքների ազատության իրավունքի նկատմամբ այլ միջամտություններ
Ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ շարունակվում են հետապնդումները՝ պայմանավորված վերջիններիս հանրային գործունեությամբ և բողոքի ցույցերի մասնակցությամբ։
Քրեական գործեր
Ըստ Քննչական կոմիտեի՝ ապրիլի 20-ից հունիսի 17-ը տեղի ունեցած բողոքի ցույցերի առնչությամբ տարբեր մեղադրանքներով քրեական հետապնդում է հարուցվել 58 անձի նկատմամբ, որոնցից 29-ը կալանավորվել են[43]։
Մայիսի 26-ին նախատեսված ՏՀՀ հանրահավաքին ընդառաջ, որը ակնկալվում էր լինել ամենամարդաշատը առաջին՝ մայիսի 9-ի հավաքից հետո, ձերբակալվեցին Արցախից վտարված Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը, Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Հ․ Շամիրյանը ենթարկվեց տնային կալանքի, իսկ Մ․ Գյուրջյանը և Դավիթ Սարգսյանը՝ կալանքի, որը հետագայում փոխարինվեց տնային կալանքով։ Վերջիններս մեղադրվում էին նրանում, որ Արցախից հայաթափումից հետո իրենց հետ Հայաստան բերած համայնական ավտոմեքենաների գրանցումը փոխելով ցանկացել են դրանք յուրացնել։
Թեև գործերը հարուցվել են խարդախության հիմքով, հատկանշական է, որ համայնքապետարանին պատկանող մեքենաները ավագանու կողմից կայացված որոշման հիման վրա են գրանցվել առանձին անձի անունով, որպեսզի վտարման պայմաններում դրանք հնարավոր լինի շահագործել[44]։ Ավելին՝ ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, մեքենաների հաշվառման հարցը լուծելու համար ֆիզիկական անձանց վրա գրանցելը համայնքապետերին առաջարկել էին հենց ոստիկանությունից[45]։
Հարկ է նշել, որ նախորդ տարիների ընթացքում ընդդիմության ցույցերի մասնակիցների դեմ հարուցված «խուլիգանության» և «զանգվածային անկարգությունների» մասնակցելու քրեական գործերը դեռևս չեն ավարտվել, դատական վճիռներ առկա չեն։ Միևնույն ժամանակ բռնությունների հիմքով որևէ ոստիկանի քրեական մեղադրանք ներկայացված չէ, ներառյալ ընդդիմադիր պատգամավոր Ա․ Սիմոնյանին ծեծի ենթարկելու գործով։
«Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու» հանցակազմը
ՏՀՀ շարժման շրջանակներում ձերբակալված և քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 17-ը մեղադրվում են օրենսգրքի 236-րդ՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածով[46]։ 2023 թ․ դեկտեմբերին կայացվեց առաջին դատավճիռը, որով ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը դատապարտվեց 2․5 տարվա ազատության սահմանափակման՝ զրկվելով այդ ընթացքում հավաքներ կազմակերպելու և հավաքների կամ այլ հանրային միջոցառումների մասնակցելու իրավունքից։
Հայաստանի հելսինկյան կոմիտեն բազմիցս անդրադարձել է այս հանցակազմի՝ միջազգային չափանիշներին չհամապատասխանելու և դրա ընտրովի կիրառման խնդրին, որի համապարփակ վերլուծությունը հասանելի է 2024 թ․ հունվարի 10-ին Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) հետ հրապարակված համատեղ զեկույցում։
Հունիսին հրապարակվեց ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը, որում անդրադարձ էր կատարվում քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածին։ Համազեկուցողները վերահաստատել էին, որ հավաքների մասնակցության խրախուսումը չպետք է քրեականացված լինի, եթե այն չի վերաբերում նախընտրական քարոզչությանը և դրա համար սահմանված ֆինանսավորման կանոններին և նշել, որ կիսում են Հայաստանի հելսինկյան կոմիտեի և ՔԻՀԿ-ի առաջարկությունը՝ որպեսզի կառավարությունը փորձագիտական կարծիք ստանալու համար օրենքը կրկին ներկայացնի Վենետիկի հանձնաժողովին[47]։
Այդուհանդերձ, իշխանությունները ոչ միայն նման քայլի չեն դիմել, ավելին՝ նոր քրեական գործեր են հարուցվել հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու հիմքով և մեղադրանքներ են առաջադրվել 17 ընդդիմադիր անձանց դեմ։ Նրանցից է ՀՅԴ Արտաշատի կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը, որը կալանավորված է։
Դատավարության փուլում են դեռևս գտնվում նաև ՀՅԴ անդամներ Արտավազդ Մարգարյանի և Գառնիկ Մանուկյանի դեմ քրեական գործերը, կրկին՝ 2022 թվականի ընդդիմության հավաքների մասնակցության համար նյութապես շահագրգռելու մեղադրանքով[48]։ Մինչդեռ, 2023 թ․ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ՔՊ կուսակցության կողմից գումարի դիմաց ցուցարարներ ներգրավելու դեպքին[49] որևէ ընթացք չի տրվել, ինչը, ի տարբերություն ընդդիմադիրների նկատմամբ հարուցված գործերի, տեղի էր ունեցել հենց նախընտրական քարոզչության ընթացքում։
Այլ խախտումներ և միջամտություններ
Ինչպես նախորդ ժամանակահատվածներում, ոստիկանության ծառայողները ոչ միշտ են կրել անձնապես նույնականացման տարբերանշաններ։ Դիտարկված հավաքների ընթացքում դրանք հիմնականում եղել են մարզային վարչությունների ոստիկանները։
Բազմաթիվ հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողները անձնական հեռախոսներով նկարահանել են ցուցարարներին և հավաքի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները։ Նման գործելաոճը ուղղակիորեն արգելված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով․ տեսանկարահանումը և լուսանկարահանումը թույլատրվում է բացառապես ծառայողական տեխնիկական միջոցներով[50]։
Սադրանքներ հավաքների ընթացքում
ՏՀՀ հավաքների ընթացքում տեղի են ունեցել մի շարք միջադեպեր այլ քաղաքացիների մասնակցությամբ։
Տավուշի մարզում անցկացվող ցույցերի ընթացքում երկու միջադեպ է տեղի ունեցել Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) մասնակցությամբ, որի նախագահը ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանն է[51]։։ Ապրիլի 21-ին Բագրատաշեն տանող ճանապարհին ցուցարարների վրա էր երթևեկել ԵԿՄ ամենագնացը, որից հետո կազմակերպության անդամներից մեկը հարձակվել էր ցուցարարների վրա։ Ըստ հավաքի մասնակիցների՝ ԵԿՄ Տավուշի ղեկավար Յուրիկ Հարությունյանը անձամբ էր հրահանգել մեքենան վարել նրանց վրա՝ ոստիկանների ներկայությամբ[52]։ Հաջորդ օրը ԵԿՄ մեքենան վարել էր Նոյեմբերյանում փողոցը արգելափակած ցուցարարների ուղղությամբ։ ԵԿՄ
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում առաջին հանրահավաքի ընթացքում անհայտ անձը բեռնատար ավտոմեքենան վարել էր ցուցարարների վրա՝ դեպի հրապարակի կենտրոն, թեև հրապարակի բոլոր մուտքերի մոտ մեծաքանակ ոստիկանության ուժեր էին տեղակայված։ Վարորդը ձերբակալվել էր, նրան մեղադրանք էր ներկայացվել խուլիգանության հիմքով[53]։
Իշխանական հակաքարոզչություն՝ ՏՀՀ շարժման դեմ
Նկարագրված իրադարձությունները տեղի էին ունենում իշխանամետ մամուլի և մեդիայի կողմից ընդդիմադիր շարժման դեմ ֆինանսավորված և ուղղորդված արշավի պայմաններում։ ՔՊ կուսակցության հետ փոխկապակցված և աջակիցների կողմից ուղղորդված արշավը ուսումնասիրել էր Սիվիլնեթ լրատվականը։ Ըստ ուսումնասիրության՝ սոցիալական ցանցերի (հիմնականում՝ facebook) բազմաթիվ իշխանամետ էջեր հազարավոր դոլարներ են ծախսել Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և իր աջակիցներին վարկաբեկող նյութեր գովազդելու համար՝ որոշ դեպքերում մեկ նյութի վրա ծախսելով 500-599 դոլար։ Հիմնական բովանդակությունը եղել է շարժման առաջնորդներին Ռուսաստանի հետ կապեր ունենալու, ռուսական հատուկ ծառայությունների «գործակալ» լինելու, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ենթակաները լինելու մեջ «մեղադրելը», կամ դրանք պարզապես կրել են ծաղրական բնույթ։ Ըստ ուսումնասիրության՝ նույն էջերը ակտիվացել էին 2023 թ․ Երևանի ընտրությունների քարոզչության ընթացքում, զբաղվելով ՔՊ կուսակցության մրցակից, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վարկաբեկմամբ։
Շարժման ընթացքում անձամբ ՏՀՀ առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վարկաբեկող նյութեր տարածում էին ՔՊ կուսակցության վերնախավին պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված բազմաթիվ լրատվական կայքեր[54], մեղադրելով նրան ԿԳԲ-ի գործակալ լինելու և «Կրեմլից միլիոնավոր դոլարներ ստանալու», ինչպես նաև Տավուշի մարզում մսամթերքի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ[55]։
Բացի վարկաբեկող քարոզչությունից, իշխանությունների և նրանց աջակիցների կողմից պարբերաբար տարածվում էին սպառնալիքներ հավաքների մասնակիցների և ղեկավարների հասցեին։ Մայիսի 10-ին Ն․ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակվել էր վարչապետի աջակից Հարություն Մկրտչյանի գրառումը, որով վերջինս առաջարկում էր ցուցարարներին ներգրավել վարժական հավաքների, որի ընթացքում քաղաքացիները իրականացնում են զինվորական դիրքապահ ծառայություն Ադրբեջանի հետ սահմանին։ Վարժական հավաքներով ընդդիմադիր հավաքների մասնակիցներին սպառնալը նոր գործելաոճ չէ․ 2022 թ․ նույնաբովանդակ սպառնալիք էր հնչեցրել ՔՊ պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը և ցուցում տվել ոստիկանությանը՝ բերման ենթարկված ցուցարարների տվյալները փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Ընդդիմադիր ցույցերին մասնակցելու համար զորակոչով սպառնալու վերաբերյալ Հայաստանի հելսինկյան կոմիտեն ՔԻՀԿ-ի հետ հրապարակել էր առանձին հայտարարություն։
Այս արշավը համահունչ էր նաև ՔՊ կուսակցության անդամների և ղեկավարի խոսելաոճի հետ։ Օրինակ՝ մայիսի 22-ին, ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից ՏՀՀ ցույցերի մասին խոսելիս ասել էր հետևյալը․ «Եվ եթե մենք գնանք տարիներ հետ, տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր ու ինչ ձևով են կառավարել, տեսնենք, թե ինչպես էին վարվում այն մարդկանց հետ, որոնք կապեր ունեին այլ երկրների հետ․․․ Նրանք կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին։ Մի ստիպեք, որ ձեր նկատմամբ նույն գործիքակազմը կիրառենք»[56]։ Իսկ մայիսի 7-ին, Բագրատ արքեպիսկոպոսի և աջակիցների դեպի Երևան երթի ընթացքում, Ն․ Փաշինյանը ընդդիմադիրներին բնութագրել էր հետևյալ կերպ․
«Եկեք հասկանանք՝ ովքե՞ր են այս գործընթացին սատարում՝ օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ՝ հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, կատարել ու կատարում են կոնկրետ հանձնարարություններ[57]։»
Եզրակացություն
Նախորդ ժամանակահատվածների մշտադիտարկման վերաբերյալ Հայաստանի հելսինկյան կոմիտեի հրապարակած զեկույցներում պարբերաբար բարձրաձայնված խնդիրները շարունակել են խորանալ։ Բազմաթիվ տեսագրությունների և հստակ ապացույցների պայմաններում ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելը, ընդդիմադիր պատգամավորին տասնյակ ոստիկանների կողմից ծեծելը, կյանքի համար վտանգավոր նռնակները ուղիղ մարդկանց ուղղությամբ նետելը և այլ ապօրինի դրսևորումները ոչ միայն մնում են անարձագանք, այլև հաճախ արդարացվում են քաղաքական իշխանության կողմից։
Ոստիկանության հատուկ միջոցների համար սահմանված չափանիշները պիտանի և բավարար չեն և չեն կարող իրավաչափ հիմք հանդիսանալ դրանց կիրառման համար, նաև հաշվի առնելով առկա փորձը և լուսաձայնային նռնակների մշտապես ոչ իրավաչափ կիրառման գործելաոճը։ Քանի որ դրանց հետագա կիրառության մասին տեղեկությունները այլևս գաղտնագրված են, կարելի է ակնկալել հաշվետվողականության իսպառ բացակայություն։ Այս ամենին գումարվում են ոստիկանության վարչարարության այլ խնդիրները, օրինակ՝ ոստիկանների կողմից տարբերանշանները ոչ միշտ կրելը, անձնական հեռախոսներով ցուցարարներին նկարելը և այլն։
Մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և ՀՀ հանձնառություններին հակասող քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը շարունակում է ուժի մեջ մնալ և կիրառվել բացառապես ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Ընդդիմադիր ցուցարարներին ձերբակալելը և կալանավորելը դարձել է ուժային կառույցների համար հիմնական ներգործության միջոցներից մեկը։ Միևնույն ժամանակ 2020 թ․-ից մինչ օրս ընդդիմադիր հավաքների մասնակիցներին ծեծի և բռնությունների ենթարկելու, լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու և նրանց աշխատանքը խոչընդոտելու համար որևէ ոստիկան չի ենթարկվել քրեական պատասխանատվության։
Այս ամենը տեղի է ունենում իշխանական և իշխանամետ շրջանակների կողմից պարբերաբար տարվող և ուղղորդված հակաքարոզչության, հավաքների ազատության իրավունքից օգտվող ընդդիմադիրների նկատմամբ սպառնալիքների պայմաններում։ Քանի որ Հայաստանում ՔՊ կուսակցության իշխանությունը, իր օրենսդիր, գործադիր և այլ լծակներով իրականացվում է բացառապես միանձնյա, ակնհայտ է, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտի համար մնում է միակ ճանապարհը՝ փորձելու որևէ կերպ ազդեցություն ունենալ երկրի քաղաքական կյանքի վրա։ Մինչդեռ, մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքը Հայաստանում այլևս պաշտպանված չէ։
Հաշվի առնելով ընթացիկ մշտադիտարկման արդյունքները, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կրկին արձանագրում է, որ նախորդ ժամանակահատվածներում ներկայացված առաջարկությունները շարունակում են մնալ արդիական։
Առաջարկություններ
Ոստիկանությանը
1.Ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից։ Հավաքների ազատության իրավունքի ցանկացած միջամտություն պետք է նախատեսված լինի օրենքով և հիմնավորված լինի համաչափության սահմանադրական սկզբունքով։
2.Իրենց իրավասության շրջանակներում աջակցել խաղաղ հավաքների ընթացքին։ Օրենքի խախտմամբ անցկացվող, սակայն խաղաղ բնույթ ունեցող հավաքների նկատմամբ միջամտության կամ դրանք դադարեցնելու անհրաժեշտության դեպքում նվազագույնի հասցնել ուժի կիրառումը և առաջնորդվել համաչափության սկզբունքով:
3.Պատշաճ քննության առնել հավաքների ազատության իրավունքի ցանկացած անհամաչափ միջամտության, անհամաչափ ուժի և բռնությունների գործադրման դեպքերը, պատասխանատվության ենթարկել լիազորություններն անցած և կոպիտ խախտումներ թույլ տված իրավապահ համակարգի ծառայողներին։
ՀՀ դատախազությանը և քննչական մարմիններին
1.Բացառել անձանց նկատմամբ քրեական հետապնդումը՝ վերջիններիս կողմից խաղաղ հավաքների կազմակերպման և դրանց մասնակցելու իրական պատճառով։
2.Արձագանքել հավաքների ազատության իրավունքի իրացման դեմ ցանկացած սպառնալիքներին՝ անկախ դրանց հեղինակից։
3.Քրեական հետապնդում հարուցել խաղաղ հավաքների ազատության նկատմամբ կոպիտ միջամտություններ, ներառյալ՝ բռնություններ և կյանքի համար վտանգավոր միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ։
ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին
1.Դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի գործունեությունը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։
2.Բացառել իշխանությունների ներկայացուցիչների և վերջիններիս աջակիցների կողմից հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում խտրականությամբ պայմանավորված սպառնալիքները և խստորեն դատապարտել ցանկացած նման դրսևորում։
[1] Տե ՛ս Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (նոյեմբեր-դեկտեմբեր 2021 թ.) զեկույցը, էջ 4,
[2] «Երևանն ու Բաքուն նախնական համաձայնեցրին սահմանագծի 4 առանձին հատվածները», Ազատություն ռադիոկայան, 19․04․2024 թ․,
[3] «Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից․ իշխանական պատգամավոր», Սիվիլնեթ, 03․04․2024 թ․,
[4] «Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ», Հետք, 19․04․2024 թ․,
[5] «Նոյեմբերյանում խուլիգանության, դրանց ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ», Առավոտ, 24․04․2024 թ․,
[6] «Ազատ արձակվածները վերադարձան Կիրանց. ճանապարհը փակ է մնում այդ թվում պատգամավորների, Տավուշի թեմի առաջնորդի համար (թարմացված)», Ազատություն ռադիոկայան, 02․05․2024 թ․,
[7] «Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան», Ազատություն ռադիոկայան, 04․05․2024 թ․,
[8] Հետագայում հայտնի նաև որպես «Սրբազան պայքար»
[9] «Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ մեղադրվող Մուշեղ Շուշանյանը չի ստացել գործի բոլոր նյութերը», Հետք, 16․11․2023 թ․,
[10] Տե ՛ս Հայաստանի հելսինկյան կոմիտեի «Դիտորդ #1. 2023» զեկույցի «Քաղաքական հետապնդումներ» բաժինը, Էջ 14,
[11] Տե ՛ս Հայաստանի հելսինկյան կոմիտեի «Դիտորդ #1. 2023» զեկույցի «Քաղաքական ճնշումներ» բաժինը, Էջ 17
[12] ««Հանցանք» առանց օրենքի Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի քաղաքական հետապնդումը», ՔԻՀԿ, 12․04․2024 թ․,
[13] Տե ՛ս Հայաստանի հելսինկյան կոմիտեի 17․04․2024 թ․ հայտարարությունը,
[14] Տե՛ս Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Հանրային հավաք» բաժինը,
[15] Տե՛ս 168․am-ի 27․05․2024 թ․ ՏՀՀ հավաքի տեսագրությունը 1:47:00-ից,
[16] «“STOP NIKOL” գրառման համար ոստիկանները բաժին տարան Վահագն Չախալյանին», 24TV, 15,04․2024 թ․,
[17] Տե՛ս «Բռունցքդ բեր» նախաձեռնության 28․04․2024 թ․ տեսանյութը,
[18] ««Ազատազէն»-ի 5 անդամներն ազատ են արձակվել՝ Քննչականի կասկածները չեն հաստատվել», Ազատություն ռադիոկայան, 20․05․2024 թ․,
[19] «Իշխան Գևորգյանի և նրա 4 ընկերների ձերբակալումները ճանաչվել են ոչ իրավաչափ. Փաստաբան», Երկիր, 20․06․2024 թ․,
[20] «Սադրիչը, ում պատճառով ձերբակալվել է Վահագն Չախալյանը, 2023-ին մեղադրվել է կաշառքի համար», Հրապարակ, 16․05․2024 թ․,
[21] «Լարված իրավիճակ ԱԳՆ-ի մոտ. Սրբազանը հանդիպում է պահանջում Արարատ Միրզոյանի հետ», Առավոտ, 31․05․2024 թ․,
[22] «Կարմիր բերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակից Արման Սարգսյանի դեմքին (լուսանկար, տեսանյութ)», Infoport, 31․05․2024 թ․,
[23] «Ակցիայի մասնակիցները պնդում են՝ ոստիկանները բռնությունների են ենթարկել, սարկավագի խոսքով՝ նաև ծաղրել են», Ազատություն ռադիոկայան, 03․06․2024 թ․,
[24] «Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում», Հայելի․am, 01․06․2024 թ․,
[25] «Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների. համատեղ հրատապ հայտարարություն (ապրիլի 21–24, 2024)», Հայաստանի հելսինկյան կոմիտե և ՔԻՀԿ, 25․04․2024 թ․,
[26] «15 ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել. ԼՐԱՑՎԱԾ», Factor.am, 24.04.2024թ.,
[27] «Ոստիկանը մեքենան վարել է ուղիղ MediaHub-ի լրագրողի ուղղությամբ», Mediahub, 14․05․2024 թ․,
[28] «Protests in Armenia: RSF denounces deliberate police violence against reporters», Լրագրողներ առանց սահմանների,
[29] Ավելի մանրամասն տե՛ս «Հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ» Հայաստանի հելսինկյան կոմիտեի և ՔԻՀԿ համատեղ հատուկ զեկույցը, 17․06․2024 թ․,
[30] «Ոստիկանությունը «Զարյա 3» լուսաձայնային նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ», Հետք, 13․06․2024 թ․,
[31] «Հատկանշական է, որ իրավապահ մարմինները չեն հերքում, որ կիրառվել է «Զարյա 3»», Առավոտ, 25․07․2024 թ․,
[32] Տե՛ս ՀՀ ՆԳ նախարարի 16․05․2024 թ․ թիվ 48-2 հրամանը, և12․07․2024 թ․ թիվ 55-2 հրամանը
[33] Տե՛ս ՀՀ առողջապահության նախարարի 20․04․2012 թ․ թիվ 09-Ն հրամանը՝ 26.06.24 թ․ փոփոխություններով,
[34] «Отечественные ручные гранаты», Александр Карпенко, 2006 թ․, էջ 83, 86
[35] Տե՛ս Рособоронэкспорт կազմակերպության կայքի համապատասխան էջը,
[36] Ավելի մանրամասն տե՛ս «Հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ» Հայաստանի հելսինկյան կոմիտեի և ՔԻՀԿ համատեղ հատուկ զեկույցը, 17․06․2024 թ․, 8-12 էջեր,
[37] «Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց, սակայն համաներվեց», Հետք, 03․06․2024 թ․,
[38] «Ըստ Փաշինյանի՝ Ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ և պրոֆեսիոնալ»», Ազատություն ռադիոկայան, 13․06․2024 թ․,
«Ոստիկանությունն արդարացիորեն է կիրառել լուսաձայնային նռնակներ․ ԱԺ նախագահ», Արմենպրես, 12․06․2024 թ․,
[39] Տե՛ս ArmyNavy USA կազմակերպության կայքի համապատասխան բաժինը,
[40] Տե՛ս Pro-tech կազմակերպության կայքի համապատասխան բաժինը,
[41] Providence Police Department, General Order 310.03, 12․7․2018 թ․, էջ 5
[42] “Guidance on less-lethal weapons in law enforcement”, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ, 2020 թ․, 7.2.3-րդ պարբերություն,
[43] «Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 58 անձի նկատմամբ, 29 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. Ամփոփում», Քննչական կոմիտե, 17․06․2024 թ․,
[44] ««Այս գործողություններն ունեն պատժողական նպատակ»․ քրեական հետապնդումներ՝ Արցախի քաղաքապետների նկատմամբ», Հետք, 25․05․2024 թ․,
[45] «Արցախի համայնքների ղեկավարների դեմ գործերով ՔԿ-ն նոր տվյալներ է հայտնում, պաշտպանները՝ «քաղաքական հետապնդում» համարում», Սիվիլնեթ, 25․05․2024 թ․,
[46] «Բողոքի ակցիաների ․․․», Քննչական կոմիտե, 17․06․2024 թ․,
[47] The honouring of obligations and commitments by Armenia Report, Doc. 15994, Monitoring Committee, 06․06․2024 թ․, 104-րդ պարբերություն
[48] Տե ՛ս Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (հուլիս – սեպտեմբեր, 2023 թ․) զեկույցը, 24-25 էջեր,
[49] «Տեղեկանք Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածի դիտարկման արդյունքների վերաբերյալ», «Ականատես» դիտորդական առաքելություն, 2023թ․, էջ 27-28,
[50] Տե՛ս «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, 22-րդ հոդված, 7-րդ մաս
[51] «Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը», Armtimes.com, 29․10․2022թ․,
[52] «Տավուշում ոստիկանության ու ԵԿՄ-ի գործողությունները՝ կրկին քննադատությունների առիթ», Ազատություն ռադիոկայան, 23․04․2024 թ․,
[53] «Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել», Քննչական կոմիտե, 13․05․2024 թ․,
[54] «Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում», Սիվիլնեթ, 30․04․2024 թ․,
[55] «Ինչպես են ՔՊ-ական էջերը թիրախավորում Բագրատ սրբազանին և նրան կապում Կրեմլի հետ», Սիվիլնեթ, 10․05․2024 թ․,
[56] «Բանտ, մահ, ունեզրկում. Խաչատուր Սուքիասյանը սպառնում է ընդդիմադիրներին», Հինգերորդ ալիք, 22․05․2024 թ․,
[57] ««Ովքեր ասում են կասեցում, նրանց նպատակը պատերազմ սադրելն ու ՀՀ-ում ոչ ընտրական իշխանափոխություն անելն է»․ Փաշինյանը դարձյալ սպառնաց պատերազմով», Առավոտ, 07․05․2024 թ․,