Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտարկումներ իշխողների քաղաքական մտածողության վերաբերյալ

Օգոստոս 28,2024 14:00

Սկիզբը՝ թիվ 139 եւ 140-ում

Հրաշքը` քաղաքական գործիք

Տրդատ Մեծի ջանքերով հայկական պետականության քրիստոնեացման գործիք դարձավ հրաշքը: Նա ժամանակ չուներ անձնապես խորանալու քրիստոնեական կրոնի դավանաբանական նրբությունների մեջ` մի կողմից դա տեւական տեսական պատրաստություն էր պահանջում, իսկ մյուս կողմից կային այդ նրբություններին հմտորեն տիրապետող օտար քարոզիչներ, որոնք անցանկալի մրցակից կարող էին դառնալ հայոց արքայի հպատակների հոգեւոր առաջնորդության համար պայքարում: Այսինքն, Տրդատ Մեծը ստիպված պետք է կարողանար ազատվել նաեւ բոլոր նրանցից, ովքեր հավակնում էին դառնալ քրիստոնեության ջահակիրները Հայաստանում: Դա հատկապես կարեւոր էր նաեւ այն առումով, որ այդօրինակ քարոզիչները կարող էին լինել նաեւ հայոց արքայի իշխանությունը խարխլելու նպատակով Հայաստան ուղարկված գործակալներ: Ելնելով վերը ասվածից, կարելի է պնդել, որ Տրդատի քրիստոնյա դառնալը բացառապես քաղաքական դրդապատճառներ ունեցող քայլ էր:

Ժամանակի սղությունը եւ ընդհանուր իրավիճակը պարտադրում էին նրան գնալ կտրուկ ու արագ արդյունք տվող քայլերի: Այս առումով նոր կրոնը ընդունելի դարձնելու համար թերեւս ամենակարճ ճանապարհը հրաշագործությունն էր: Այդ հրաշագործության սյուժեն շատ պարզ էր ու մատչելի յուրաքանչյուրի համար` Տրդատ Մեծը մեղք գործեց` սպանելով Հռիփսիմյան կույսերին, արդյունքում քրիստոնեական Աստծո պատժին արժանացավ` վարազի կերպար ստանալով: Գրիգոր Լուսավորչի հրաշագործ միջամտության շնորհիվ արքային վերադարձվեց մարդկային կերպարանքը, նա զղջաց իր կատարած մեղքերի համար եւ դարձավ հավատավոր քրիստոնյա: Լուսավորչի հրաշագործության մասին արքան անձամբ էր պատմում բոլորին` որպես կատարվածի անմիջական մասնակից:

Կարծում եմ, պատահական չէր նաեւ այն, որ Տրդատ արքան ոչ թե, օրինակ, դոդոշի կամ ավանակի, այլ հենց վարազի կերպարանք ստացավ: Վարազը պարթեւապարսկական հեթանոսական շրջանի ընդունված` արեգակը մարմնավորող խորհրդանիշ-տոհմանշաններից մեկն էր: Այս կերպարանափոխությունը թերեւս կոչված էր ընդգծելու այն, որ վարազի կերպարանքից հետո արքան, վերստանալով իր մարդկային կերպարանքը, հրաժարվեց իր պարթեւական անցյալից եւ քրիստոնեություն ընդունելով` մարդացավ: Ուշագրավ է, որ ավելի ուշ Սասանյան կիրառական արվեստի գործերում հաճախ են պատահում Սասանյան արքաների վարազի որսի տեսարանները: Այստեղ վարազը խորհրդանշում եւ մարմնավորում է Սասանյան պետության նենգ, խորամանակ, ուժեղ, համառ եւ կատաղի թշնամիներին: Ի սկզբանե, Սասանյան տոհմի համար այդպիսին էին Արշակունիները եւ չի բացառվում, որ հենց Տրդատ Մեծի դավանափոխության այս պատմությունը դարձավ այն խթանը, որը սասանյան շրջանի արվեստի գործերում վարազի խորհրդանշական պատկերմանը նոր բովանդակություն հաղորդեց:

Տրդատ Մեծի օրոք Արշակունյաց արքայատոհմը հայտնվել էր մի խիստ յուրահատուկ իրավիճակում` արտաքին վտանգներն ու մարտահրավերները չեզոքացնելու եւ կանխելու համար այն պետք է միաժամանակ ե՛ւ առճակատման գնար արտքին սպառնալիքներ ստեղծող պետությունների հետ, ե՛ւ այնպիսի ներքին որակական փոփոխությունների ենթարկեր Հայաստանի հասարակական փոխհարաբերությունները, որպեսզի դրանք միանգամայն նոր որակ ձեռք բերելով` հենարան դառնային թագավորական ընտանքի համար: Ո՛չ տեղաբնիկ հայերը, ո՛չ իշխող դասը ներկայացնող պարթեւ տոհմիկները, ո՛չ էլ Իրանն ու Հռոմը շահագրգռված չէին Արշակունիների գործի լիակատար հաջողությամբ, սակայն դրանցից յուրաքանչյուրն ընդունելով, որ Տրդատի այս խելամիտ փոխակերպումը կարող էր նաեւ որոշակի օգուտներ բերել մասնավորապես իրենց համար, չմիջամտեցին գործերի ընթացքին այն չափով, որպեսզի հայոց արքայի քաղաքական ինքնահաստատման ծրագիրը տապալվի:

Այսպես.

-Հռոմի համար ձեռնտու էր Հայաստանի ռազմաքաղաքական անջատումը Իրանից,

-Սասանյաններին ձեռնտու էր Արշակունիների` Իրանի գահին վերաբազմելու ծրագրերից վերջնական եւ անդառնալի հրաժարումը,

-Հայաստանի տոհմիկ վերնախավի այդ թվում նաեւ ծագումով պարթեւ կարկառունները նորանոր ընծաներ էին ակնկալում Արշակունի արքաներից՝ իրենց հավատարմության եւ ծառայությունների դիմաց,

-տեղաբնիկ հայությունը իշխող վերնախավի մեջ ավելի լուրջ դիրք գրավելու հեռանկար եւ սեփական դերի ու նշանակության էական փոփոխություն կարող էր ակնկալել նոր պայմաններում:

Սրանք կարող ենք համարել Հայոց Արշակունիների եւ Հայաստանի համար ստեղծված իրավիճակի քաղաքական բնութագրիչները: Տրդատ 3-րդ արքան վարպետորեն համադրեց շահագրգիռ բոլոր կողմերի հակասությունները եւ ակնկալիքները` ներդաշնակեցնելով դրանք իր արքայատոհմի անհամեմատ ավելի նեղ շահերի հետ ու սեփական ժառանգների ապագան ապահովելու համար չխորշեց դառնալ ձեռնածու եւ սեփական անձի հետ կապված հրաշագործության գաղափարի հեղինակն ու, մասամբ նաեւ, կատարողը: Բայց, թերեւս, հենց նա էլ եղավ այն առաջին` հանգամանքերի բերումով ստիպված հավատափոխ եղած հայաստանցին, ով առերեւույթ ընդունելով նոր կրոնը` իր մեծ տան մի գողտրիկ, օտարների հայացքից թաքուն պահվող սենյակում պահպանում էր իր նախնյաց հեթանոսական հավատքի նշխարները: Ուղղակի, քանի որ արքա էր, այս կարոտն առավել շոշափելի դրսեւորում ունեցավ` Տրդատը պահպանեց որպես մասունք Գառնիի տաճարն իր արքունի դղյակ-ամրոցի տարածքում: Ասվում էր, որ իր քրոջ խնդրանքով է այդպես վարվել։ Դա էլ, կարծես, իր հոգեւոր` այլ ոչ թե քաղաքական նախասիրությունների առարկայական դրսեւորումն էր, թեեւ չի բացառավում, որ բարենպաստ հանգամանքների բերումով, այդ տաճարը երբեւէ կարող էր նաեւ Իրանի գահին վերադառնալու համար Արշակունիներին որպես կամուրջ ծառայեր։ Առավել եւս, եթե հաշվի առնենք, որ տաճարը պահպանվեց, կանգուն մնաց նաեւ իր ժառանգների օրոք։

Քրիստոնեական հրաշքը՝ քաղաքական ավանդույթ

Այսպես թե այնպես, առերեւույթ կարգավորելով Հայոց Արշակունիների հարաբերությունները Սասանյանների հետ, Տրդատ Մեծը մի կողմից պետք է իրեն ենթարկեր ու հնազանդեցներ Հայաստանի առավելապես պարթեւա-պարսկական ծագում ունեցող տոհմիկ վերնախավը, իսկ մյուս կողմից այնպիսի հարաբերություններ կառուցեր Հռոմեական կայսրության հետ, որպեսզի վերջինս անհրաժեշտության դեպքում դաշնակցեր Հայաստանի հետ ընդդեմ Սասանյան Իրանի, սակայն երկրի ներքին գործերին միջամտելու հավակնությունը չունենար: Շատ կարեւոր է, որ հիմնելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը, Տրդատ արքան, ինքնաբերաբար, բազում կողմնակիցներ ձեռք բերեց Հռոմում` հանձինս կայսրության քրիստոնյա համայնքի: Դա, ժամանակակից տերմինաբանության համաձայն, Հռոմում հայկական լոբբի ստեղծելու եւ կայսրի վրա ազդելու հզոր լծակ կարող էր դառնալ: Ուստի պատահական չէր, որ Դիոկղետիանոս կայսրը 302թ. հակաքրիստոնեական հալածանքներ ծավալեց կայսրությունում, ընդ որում՝ առավելապես մոլեգնում էր արեւելյան` Հայաստանին հարակից նահանգներում:

Սակայն Հռոմը, փաստորեն, չկարողացավ արմատախիլ անել արդեն նաեւ արտաքին աջակցությունը վայելող քրիստոնեությունը Դիոկղետիանոսի ջանքերով, քաղաքական նկատառումներից ելնելով չէր կարող նաեւ այդ հավանական արտաքին աջակցությունը տրամադրող Արշակունյաց Հայաստանը բռնաճնշել` դիմելով ուժի եւ նրան մնում էր, այդ ահագնացող ներքին ու արտաքին վտանգը չեզոքացնել` խաղաղ, քաղաքական ճանապարհով: Մի քանի տարի անց Կոնստանտին կայսրը գտավ լավագույն քաղաքական լուծումը` նա ինքը եւս քրիստոնեություն ընդունեց կայսրությունում գերագույն իշխանության համար մղվող ներքին պատերազմի որոշիչ ճակատամարտի նախօրեին: Կոնստանտինի այս որոշումը եւս, ինչպես եւ Տրդատի դեպքում, կապված էր հրաշքի հետ` ճակատամարտի նախորդ օրվա մայրամուտին Կոնստանտինը մայր մտնող արեւի սկավառակի վրա պարզորոշ տեսել էր խաչի պատկերը եւ «սույնով հաղթանակիր» գրությունը, իսկ գիշերը, երբ նա փորձում էր հանգիստ առնել վճռորոշ կռվից առաջ, Քրիստոսն անձամբ է հայտնվում իր առջեւ եւ հորդորում, որպեսզի Կոնստանտինը մարտի գնա քրիստոնեական պատկերագրություն ունեցող դրոշի ներքո: Կոնստանտինը լսում է Քրիստոսի հորդորը եւ հաղթում հակառակորդին: Այս հավատափոխությունը եւս խիստ քաղաքական էր:

Դրա առաջին հետեւանքն այն եղավ, որ քրիստոնեությունը 313 թվականին հրապարակված Միլանի Էդիկտի համաձայն հռչակվեց իրավահավասար դավանանք կայսրության տարածքում: Ի տարբերություն Հայաստանի, Հռոմում քրիստոնեության տարածումը սկզբնական շրջանում բռնություններով չզուգորդվեց: Այն հանգամանքը, որ կայսրը, նրա ընտանիքը եւ արքունի վերնախավը քրիստոնեություն էին ընդունել, արդեն իսկ լուրջ խթան էր, որպեսզի այն արագ տարածում գտնի կայսրությունում: Կոնստանտինը կարող էր իրեն նման մեղմ վերաբերմունք թույլ տալ` նա Հռոմի համար եկվոր տիրակալ չէր, նույնը, հիմնականում, վերաբերում էր նաեւ տոհմիկ վերնախավին: Կոնստանտինը դարձավ Հռոմեական կայսրության առաջին քրիստոնյա կայսրը, միաժամանակ պահպանելով նաեւ հեթանոսական գլխավոր քրմի` Պոնտիֆիկոսի տիտղոսը: Այդ տիտղոսը ցայսօր կրում է նաեւ Հռոմի Պապը:

Նոր Հայաստանից` նոր Հռոմ

Այսպիսով, նա չեզոքացրեց նաեւ քրիստոնյա Հայաստանից եկող հնարավոր վտանգն ու անձնապես իրեն վերաենթարկեց իր կայսրության բնակչության մոտ տասը տոկոսը կազմող քրիստոնյաներին: 325թ. Կոնստանտինը վերջնականապես իր կողմը թեքեց ծանրության նժարը եւ հրավիրելով Նիկեյի եկեղեցական առաջին տիեզերաժողովը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակը, ցույց տվեց բոլորին, որ հենց Հռոմն է հանդիսանում քրիստոնեական աշխարհի թիվ մեկ հովանավորը: Մի քանի տարի անց նա վերջնականապես լուծեց այս խնդիրը կայսրության մայրաքաղաք դարձնելով հեթանոսական համապետական ավանդույթից զուրկ Կոնստանդնապոլիսը, այդտեղ կառուցել տալով նաեւ բազմաթիվ քրիստոնեական տաճարներ: Քաղաքական առումով սա Կոնստանտինի հաղթանակն էր Հայաստանի հանդեպ: Նա կարողացավ չեզոքացնել Տրդատ Մեծի համարձակ քայլից բխող վտանգները, սակայն դրա համար նա եւս ստիպված եղավ որակապես փոխել կայսրության իշխող վերնախավի հարգը` ներմուծելով եւ պաշտոնականացնելով նոր դավանանք, նոր գաղափարախոսություն: Թե՛ Տրդատ Մեծի, թե’ Կոնստանտին Մեծի գործողությունները ցույց են տալիս քաղաքական մտածողության հիրավի զմայլելի բարձրունքներ ու, թեեւ, կարող ենք ասել, որ նրանց որոշումները բխում էին տվյալ ժամանակաշրջանում անձնապես իրենց առջեւ ծառացած խնդիրները լուծելու անհրաժեշտությունից, սակայն դրանց հետեւանքներն ունեցան բացառիկ ազդեցություն համաշխարհային պատմության ողջ հետագա ընթացքի վրա: Միանգամայն հավանական է, որ եթե հայացող պարթեւ Արշակունիներն իրենց արքայատոհմի ձեռքին Հայաստանի գահը պահպանելու համար հավատափոխ չլինեին եւ չպարտադրեին քրիստոնեությունը Հայաստանին որպես համապետական կրոն` տեղաբնիկների հետ նույնականացումը կայացնելու համար, գուցեեւ այդ դավանանքը մնար աղանդի մակարդակի ու երբեւէ չստանար տարածում եւ պետական կարգավիճակ: Իրականում մենք պետք է հպարտանանք ոչ թե նրանով, որ Հայաստանն առաջին քրիստոնյա պետությունն է, այլ նրանով, որ Հայաստանի արքա Տրդատ Մեծի դավանափոխ լինելու քաղաքական բացառիկ կայացրած որոշումն այնչափ ռազմավարական ներուժ էր պարունակում, որ անդառնալիորեն փոխեց աշխարհի դիմագիծը: Սա Հայաստանի պարագայում իսկական քաղաքական մտածողության բացառիկ նմուշ է: Այսօրվա Հայաստանը, որպես պետություն, օտարված է քաղաքական մտածողություն ասվածից: Մեր հանրությունն այսօր ոչ միայն ընդունակ չէ ըստ էության գնահատել անցյալում մեր մեծամեծների ընդունած որոշումների իրական որակը, այլեւ, բնականաբար, ընդունակ չէ նաեւ օգտագործելու մեր անցյալում եղած իսկական նվաճումները հանուն երկրի լավագույն ապագայի:

Արման ՄԵԼԻՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031