Մի՞թե դարձյալ փակուղի. 1994թ., օգոստոսի 2
Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեւոն Մելիք- Շահնազարյանը
Ըստ Ադրբեջանի քաղաքական ուժերի՝ երկիրը չի կարող ղեկավարել նա, ով, իրենց իսկ ասելով, ահագին տարածքներ է կորցրել, իսկ Ալիեւն այն անձնավորությունը չէ, որ հաշտվի իր աթոռից հրաժարվելու մտքի հետ։ Ահա թե ինչու Ադրբեջանը նորից ու նորից կփորձի իր վերահսկողությունը հաստատել ոչ միայն կորցրած տարածքների, այլեւ՝ ամբողջ Ղարաբաղի վրա։ Եվ, ամենակարեւորը, Ադրբեջանն այսօր Արցախի դեմ պատերազմում է՝ փորձելով իր բնակչության համար կյանքի տարածք ստեղծել։ Իսկ պատմությունից հայտնի է, որ նման պատերազմներն անհամեմատ դաժան ու ձեւական են լինում։ Ադրբեջանի բնական եւ քաղաքական շահերը (չհաշված կողմնակի ուժերը) բավական են, որ պատերազմը շարունակվի։
Կարդացեք նաև
– Ստացվում է, որ ԵԱՀԽ–ի եւ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը դարձյալ փակուղի են մտել։
– ԵԱՀԽ-ի հաշվով այս փակուղին անսպասելի չէր, բայց այն Ռուսաստանի համար ժամանակավոր բնույթ է կրում։ Ամեն անգամ, նման դեպքերում, Ռուսաստանը հնարավորություն է գտնում արգելապատնեշը քանդելու։ Այս անգամ էլ այդպես կվարվի։ Եվ գուցե պատերազմը շարունակե՞լն է հերթական արգելապատնեշը փլելու անհրաժեշտ միջոցը։
– Այսինքն, ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ինչպիսի՞ վախճան կունենա պատերազմական գործողությունների հետագա փուլը։
– Եթե մեզ հաջողվի պաշտպանել մեր դիրքերը, ինչպես նաեւ ոչնչացնել թշնամու կրակակետերն ու խոշոր կորուստներ պատճառել նրա բանակին, կարծում եմ, Ադրբեջանին այլ բան չի մնա անելու, քան նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ասենք, մինչ այդ էլ նա նստել է այդ սեղանի շուրջ, բայց առայժմ պատրաստ չէ լուրջ փոխզիջումների։ Հիմա, կարելի է ասել, բանակցությունները որոշակիորեն նահանջ են ապրել Ադրբեջանի քաղաքականության մեջ։
– Ըստ Ձեզ, ինչպիսի՞ կարգավիճակ կստանա Լեռնային Ղարաբաղը։
– Ճիշտն ասած, այդ հարցը շատերն են տալիս, անգամ՝ պաշտոնատար անձինք, եւ այն միշտ էլ ինձ զարմացնում է։ Արցախի կարգավիճակն արդեն տվել է ինքը՝ նրա ժողովուրդը, 1991 թ. սեպտեմբերին հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ-ն անկախ հանրապետություն է, ինքնիշխան պետություն: Եվ մենք մեր դիվանագիտությամբ, մեր բանակով պետք է հաստատենք այդ անկախությունն ու ինքնուրույնությունը։
«Արցախը վախկոտների երկիր չէ», օգոստոսի 2
«Առավոտի» զրուցակիցն է Ստեփանակերտի քաղաքագլուխ Սերգեյ Միրզոյանը
/հեղ. Կ. Տեր-Դանիելյան/
Ստեփանակերտում լրիվությամբ կամ մասնակիորեն ավերվել են 756 առանձնատուն, 480 բնակարան, ինչպես նաեւ ժողկրթության համակարգի 15, առողջապահական 6, արտադրական բնույթի 8 շինություն եւ այլն։ Արդեն վերականգնվել ու վերանորոգվել են պետական բնակֆոնդի 60 տոկոսը, բժշկական 3 շինություն, դպրոցական շենքերի վերանորոգման աշխատանքները կձգտենք ավարտել նոր ուսումնականի շեմին, որից հետո ձեռնամուխ կլինենք նախադպրոցական հիմնարկների վերականգնմանը։ Միաժամանակ բարենորոգման զգալի աշխատանքներ են տարվել քաղաքի փողոցներում: Մտահոգիչ է, սակայն, ավերված առանձնատների հարցը։
Դեռեւս անցյալ տարի անօթեւան մնացած 43 ընտանիքի դրամական որոշակի օգնություն է տրվել, հոգացել ենք 15 զոհված ազատամարտիկների՝ հիմնովին ավերված տների վերակառուցման ծախսերը, առանձին ընտանիքների 20 տարով անտոկոս վարկ է տրամադրվել՝ երկրորդ տասնամյակում այն մարելու պայմանով, բայց եւ այնպես, այդքանը բավարար համարել չի կարելի:
«Հայրիկ, ո՞վ է… քանդել երկաթուղին»
/հեղ. Լ. Մեհրաբյան/
Երկաթուղու վարչության պետի տեղակալ Լեւոն Հակոբյանը հազիվ է զսպում զայրույթը. մի քանի օր ձգձգվել էր վարչության ղեկավարության խիստ հրամանը շոգեքարշը Վրաստան հասցնելու մասին։ Բայց հրամանը մի քանի անգամ կրկնվել է, եւ Հայաստանի 35 ջերմաքարշերից 30-ը նվիրվել է Վրաստանին, Անդրերկաթուղու կենտրոնին։ Իսկ դրանք այսօր, որպես վառելանյութ օգտագործելով փայտ, ածուխ, մազութ՝ ծանրության բեռը լրիվ իրենց վրա կվերցնեին։ Սխալ են վարվել նաեւ կոճղերի հարցում՝ ունեցած պաշարներով հապճեպ նոր ուղիներ են կառուցել՝ փոխանակ օգտագործելու օգնություն ստանալու պատեհ առիթը եւ դրա հաշվին ավելացնելու պաշարները։ Եվ նորոգման կարիք ունեցող երկաթուղում ոչինչ չի ձեռնարկվում հենց կոճղեր չլինելու պատճառով։
Շատ լուրջ է պահեստամասերի ձեռքբերման հարցը։ Դրանց մատակարարը Ռուսաստանն է, իսկ գները համարյա անհնար են դարձնում ձեռքբերումը: Տեխնիկան փչանում է ոչ միայն օգտագործելուց կամ ժանգոտվելուց, փչացնում ենք նաեւ մենք, նայեցեք մարդատար գնացքներին, որտե՞ղ եւ ո՞վ է ջարդել ապակիները։ «Ինչո՞ւ մենք պետք է բեռնափոխադրումներով վաստակած գումարներով փակենք ուղեւորափոխադրումների վնասները»,- տրտնջում է Վլադիմիր Ասրիյանցը։- Եվ ինչո՞ւ սակագների առաստաղը պետականորեն իջեցվում է մեզ համար, որի շնորհիվ էլ երկաթուղով երթեւեկելն անհամեմատ էժան է ու մատչելի, իսկ էլեկտրականության սակագինը չի որոշվում գոնե բնակչությունից գանձվող արժեքի չափով։ Հետո մեկ ուղեւորին մեկ կմ տարածք տեղափոխելու համար ծախսվում է 65 լումա, տոմսը արժե 50 լումա, մնացյալը փոխհատուցում է երկաթուղին։ Մինչդեռ փոխհատուցումը կառավարության խնդիրն է, ինքնուրույն աշխատող տնտեսական օրգանիզմի գործը իր եկամուտների մասին մտահոգվելն է։
Իրոք կա մասնագիտական հայրենասիրություն, առանց դրա հնարավոր չէ մտածել, որ մարդ կյանքը վտանգելով սահման կտրի։ Մեքենավարը գիտակցում է, որ ամբողջ հանրապետության կենսապահովման շարժիչ ուժ է, բայց՝ տեսնում է նաեւ, որ մետրոյի մի կայարանից մյուսը զիզի-պիզի ապրանքներ տեղափոխողն ավելի վստահ է ընտանիք մտնում, քան ինքը աշխատավարձի օրը։
Ի՞նչ է գուժում հեռագիրը.
օգոստոսի 13
/հեղ. Արմենուհի Տիգրանյան/
Խորհրդային տարիներին կառուցված ճանապարհներից մեկն անցնում էր Ադրբեջանի տարածքով, երկուսը՝ սահմանի երկայնքով։ Անցած վեց տարում որքա՛ն միջադեպեր, ահ ու սարսափ են դարանակալել այդ հատվածներում, որքա՛ն զոհեր են եղել… Միության փլուզումը բացահայտեց, որ թուրքը իր էությունը չի փոխել, ավելին, այնքան հիմնավոր ենք մոռացել այդ մասին, որ բազմաթիվ թելերով մեզ կախման մեջ ենք դրել նրա կամքից։ Աշխարհի նման չորս կողմ ունեցող Տավուշը երեք կողմով՝ 180 կմ երկարությամբ, սահմանակից է Ադրբեջանին եւ միակ կողմով՝ Իջեւանին ու Կարմիրին, որոնցից բաժանված է դժվարամատչելի լեռներով։
Աշխարհագրական այս պայմաններից տագնապած տավուշցիները սկսեցին ելք փնտրել. 1989թ. աշնանը կարողացան պետական ծրագիր մտցնել Իծաքար-Գանձաքար ճանապարհի վերակառուցումով։ Հինգ տարի է անցել: Խոստումները թեթեւորեն եկել-անցել են, բայց այդ ընթացքում շրջափակված Հայաստանում Տավուշը քանի՞ անգամ կրկնակի շրջափակվեց, քանի՞ անգամ հայտնվեց զինավառ թուրքի շուրջկալում, քանի՞ անգամ մնաց առանց պարենի ու լույսի։
Թվերը երեւի շատ էին զգաստացնող, եւ կառավարությունը որոշեց 1994-ին 54 մլն հատկացնել՝ ձգձգվող շինարարությունն ավարտելու համար։ Գումարի 1/3-ը պետք է օգտագործեին Տավուշի, 2/3-ը՝ Իջեւանի ճանապարհաշինարարները։ Կառավարությունից ընդամենը 900.000 դրամ ստանալով, փակուղու բնակիչները 4 տոննա դիզվառելիք էլ պարտք անելով, զգալի աշխատանքներ կատարեցին։ Նրանց բաժին 13 կմ-ից 10-ը հարթեցված է։ Մնացած 3 կմ-ը շարունակելուց հետո հնարավոր կդառնա ամբողջը խճապատել։ Ենթադրվում էր այդ ամենը երեք ամսում ավարտել։ Եթե իջեւանցիներն էլ մի քիչ սրտացավ գտնվեին, այս ձմեռ Տավուշն անվտանգ ճանապարհ կունենար։
Բայց… Ստացվեց ՀՀ տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարի ստորագրած հեռագիրը՝ ֆինանսների բացակայության պատճառով ի թիվս այլ օբյեկտների դադարեցնել Իծաքար-Գանձասար ճանապարհի շինարարությունը։ Հեռագիրը շրջանում ընդունվեց իբրեւ գույժ։ Մարեց վերջին հույսը:
«Առավոտ» օրաթերթ
27.08.2024