Հարցազրույց երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանի հետ
– Տիկին Մովսիսյան, մեկ-երկու օր է՝ օպերային թատրոնի հայտագիրը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26, 27-ին կկայանա Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետի պրեմիերան, ավելի ճիշտ՝ 55 տարի անց կներկայացվի այդքան սպասված նշյալ ստեղծագործությունը։ Դուք՝ լինելով կոմպոզիտորի մասին երկու մենագրությունների եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ, միանշանակ, մեծ ոգեւորությամբ եք ընդունել այս փաստը։
– Իսկապես, մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը նախաձեռնել է բեմադրել Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը: Այս տարին հոբելյանական է, նշվում է Պարույր Սեւակի ծննդյան 100-ամյակը, եւ բալետային այս ներկայացումով օպերային թատրոնը ոչ միայն արժանվույնս իր մասնակցությունը կունենա հոբելյանական միջոցառումներին, այլեւ կլրացնի այն հսկայական բացը իր խաղացանկում, որ կապվում է հայ կոմպոզիտորների երաժշտաբեմական ստեղծագործությունների հետ: Մասնավորապես, այս ժանրում իր անգնահատելի ներդրումն է ունեցող Էդգար Հովհաննիսյանը: Կոմպոզիտորը հեղինակ է յոթ բալետների՝ «Մարմար», «Հավերժական կուռք», «Երկնագույն նոկտյուրն», «Սասունցի Դավիթ» (օպերա-բալետ), «Անտունի» եւ եւս երկու բալետ՝ «Ժաննա դ’Արկ» եւ «Սուլամիթ», որոնք առ այսօր, ցավոք, չեն բեմադրվել: Ժամանակին այդ բալետներից յուրաքանչյուրի առաջնախաղը հիրավի երեւույթ էր նախորդ դարավերջի մշակութային կյանքում եւ նոր խոսք հայկական բալետային արվեստի պատմության մեջ:
– Նշեցիք, որ Էդգար Հովհաննիսյանը հեղինակ է յոթ բալետային ստեղծագործությունների, բայց չգիտես ինչու, գոնե մեզ հետ զրույցներում, մասնագետներն առանձնացնում են «Անտունին»։
Կարդացեք նաև
– Իհարկե, ճիշտ չեմ համարում, առանձնացնել այս կամ այն ստեղծագործությունը, քանի որ նրանցից ամեն մեկն ուրույն է իր մտահղացմամբ, սյուժեով, ժանրի մեկնաբանման անսպասելի դրսեւորումներով։ Թերեւս դասական բալետի պատկերացումներով գրվել է միայն առաջին բալետը՝ «Մարմարը», հեքիաթային սյուժեով, առանձին, ավարտուն համարների կոնտրաստային հաջորդականությամբ, պարայնության մեղեդային-ռիթմական նախասկզբի առաջատար դերակատարությամբ, այսինքն՝ սյուիտային սկզբունքով կառուցված դրամատուրւգիայով։ Հետագա յուրաքանչյուր նոր բալետային մտահղացմամբ կոմպոզիտորն իրականացրել է գեղագիտական նոր, աննախադեպ խնդիր այս ժանրում՝ լինի դա մեկակտանի բալետների շարքում ուրբանիստական «Երկնագույն նոկտյուրնը», Ստրավինսկու բարբարոսական արխայիզմների անթաքույց ազդեցությամբ հեթանոսական սյուժեով «Հավերժական կուռքը», ազգային էպոսի յուրօրինակ, սինթետիկ մարմնավորումը օպերա-բալետի ժանրում եւ կամ հայ ժողովրդի ողբերգական անցյալի մոնումենտալ պատումը «Անտունի»-ում՝ բալետի եւ օրատորիալ-սիմֆոնիկ ժանրերի, դասականի ու նորարարականի, սոնորիստական ու լուսագունային հնարքների, ազգային մեղեդիականության ու սիմֆոնիկ գունեղ հնչողությունների, ավանդականի ու համամարդկայինի համարձակ համադրություններով։
Այս իմաստով, իհարկե, «Անտունին» իր ասելիքի խորությամբ եւ հզորությամբ, բեմական մարմնավորման էքսպրեսիայով, հայ ժողովրդի համար նվիրական դարձած խորհրդապատկերների առատությամբ ուրույն տեղ է զբաղեցնում ոչ միայն հեղինակի, այլեւ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կոմպոզիտորների երաժշտաբեմական ստեղծագործությունների շարքում։
– Պարույր Սեւակի հետ կոմպոզիտորի համագործակցության առաջին փորձը չէր այս բալետը։ Ի՞նչ կասեք այս առումով։
– Անդրադառնալով Էդգար Հովհաննիսյանի եւ Պարույր Սեւակի ստեղծագործական առնչություններին՝ նշենք, որ դեռեւս 60-ականների կեսերից սկիզբ առավ նրանց համագործակցությունը, որը վերաճեց հոգեհարազատ ու արվեստակից անհատների մտերմության: Խոսքը «Էրեբունի-Երեւան» հանրահայտ խմբերգի եւ նրան հաջորդած «Սարդարապատ» եւ «Հայաստան» խմբերգերի մասին է: Այդ համագործակցության գագաթնակետը դարձավ Կոմիտասի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված բալետը՝ «Անտունին»: Լիբրետոյի հեղինակ Մաքսիմ Մարտիրոսյանի համար հիմք են ծառայել ոչ միայն Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, այլեւ Եղիշե Չարենցի «Ռեքվիեմը»՝ Կոմիտասի հիշատակին: Կոմպոզիտորի կողմից անդրադարձը 20-րդ դարի մեծագույն պոետների ստեղծագործությանը, այն էլ բալետային ժանրում, հիրավի ստեղծագործական խիզախում էր: Դեռեւս իր փառահեղ խմբերգերով նա կարողացավ հերքել այն կարծրացած պատկերացումը, թե իբր Սեւակի պոեզիան անհարմար է երաժշտական մարմնավորման համար: Նրան գրավում էին Սեւակի պոեզիայի ներքին երաժշտականությունն ու այդ պոեզիայում նա գրական հիմքի անսպառ աղբյուր էր տեսնում ստեղծվելիք մոնումենտալ երաժշտական ստեղծագործությունների համար։
– Բալետի հաջողությունը կապված էր ոչ միայն այս երկու անունների հետ։ Այս բեմադրության մեջ ներգրավված էին ժամանակի ամենատաղանդավոր, երիտասարդ, խոստումնալից, համարձակ արվեստագետները…
– Արդեն նշեցինք, Մաքսիմ Մարտիրոսյանին, որը ոչ միայն բալետի լիբրետիստն էր, այլեւ իրականացրեց բալետային բեմականացումը՝ 20-րդ դարի բալետային ամենանոր, անսպասելի ու անսովոր լուծումներով։ Այս իմաստով Մաքսիմ Մարտիրոսյանին կարելի է համարել բալետի համահեղինակ, քանի որ երաժշտաբեմական այս սինթետիկ ժանրի հաջողության կարեւորագույն գրավականը արվեստի տարբեր շերտերի սինթեզն է, նրանց հավասարազոր համադրությունը։ Պարի ու մնջախաղի, դերասանական խաղի ու պլաստիկայի լեզվով բալետի հերոսներն արտահայտում են անձնական ու համամարդկային զգացմունքներ, պատկերում են ժամանակի ամենասարսափելի իրադարձությունները, եւ այդ ամենի հետ մեկտեղ, ժողովրդի ոգեղեն ուժն ու ապրելու, գոյատեւելու կամքը։
Եվ վերջապես ձեւավորումը… Դեռեւս 60-ականների սկզբից, ստանձնելով Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի պաշտոնը, Էդգար Հովհաննիսյանը կարողացավ իր շուրջ համախմբել ժամանակի ամենատաղանդավոր ուժերին: Այսպես, օպերային թատրոնը ձեռք բերեց Մինաս Ավետիսյան-բեմանկարչին, որի իրականացրած ձեւավորումներն անգերազանցելի էին իրենց գունային շքեղությամբ, մոնումենտալությամբ, հիրավի «սիմֆոնիկ» ընդհանրացումների հասնող պատկերայնությամբ։
Ի դեպ, քչերին է հայտնի, որ ներկայացման ձեւավորմանը մասնակցել է նաեւ Ռոբերտ Էլիբեկյանը, որի բեմանկարչական տաղանդը, կարելի է ասել, բացահայտվեց դարձյալ Էդգար Հովհաննիսյանի շնորհիվ։
– Բալետի գլխավոր հերոսը Անտունին է, որն ուղղակիորեն առնչվում է Կոմիտասի ողբերգական կերպարի հետ։
– Անտունու կերպարը հրաշալի մարմնավորեց այն ժամանակվա երիտասարդ, տաղանդավոր մենապարողներից մեկը՝ Վիլեն Գալստյանը։ Գրական-բանաստեղծական սկզբնաղբյուրի գլխավոր հերոսը նույնպես Կոմիտասն է, սակայն թե՛ Սեւակը եւ թե՛ Էդգար Հովհաննիսյանը կարողացել են գեղարվեստական ընդհանրացումների այնպիսի շերտեր վեր հանել, որոնցում Անտունու կերպարը անհատ-արվեստագետի, բանաստեղծի կյանքի ողբերգության վրա համադրվում են ազգի, ժողովրդի կենսագրության ընդհանրացումները՝ այն հասցնելով հավերժական, համամարդկային գաղափարների հնչեղության: Բալետի երկու գործողությունների յուրօրինակ դրամատուրգիայում աստիճանաբար բացահայտվում են գլխավոր հերոսի կերպափոխումները: Եթե առաջին գործողության մեջ գլխավոր կերպարը ներկայանում է բանաստեղծական հույզերով ու տենչանքներով, բնության հետ ներդաշնակ, սիրահարված պոետի մարմնավորմամբ, ապա երկրորդ գործողության կերպարը, անցնելով ճակատագրի դաժան փորձությունների, ողբերգական կորուստների անմարդկային ապրումների միջով, կարողանում է իր մեջ ուժ գտնել վերապրելու, մոխիրներից հառնելու… Անտունին միայն Կոմիտասը չէ, նա հայ հանճարի, մտավորականի, հայրենասերի ու մարդասերի հավաքական կերպարն է, որի խտացված արտահայտությունն էին Նարեկացին ու Կոմիտասը, Չարենցը ու Սեւակը, Մինասը եւ Փարաջանովը…
Զրույցը՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
27.08.2024