Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցքը»` Պուտինի փրկօղակ

Օգոստոս 28,2024 12:00

Հարավային Կովկասում գլխավոր մրցավարի իր դերը պահպանելու հարցում մնացել է մեկ գործոն` «Զանգեզուրի միջանցքը», որի հսկողությունը ստանալուն է ձգտում Ռուսաստանը

Պուտինը փորձեց աշխարհին ցույց տալ, որ իր ձեռքը սեղմողներ դեռ կան

Հարավային Կովկասում ազդեցությունը պահպանելու ուղղությամբ Վլադիմիր Պուտինը համառ ջանքեր է գործադրում: ՌԴ նախագահն անշուշտ անհանգստացած է Ռուսաստանի նվազող ազդեցությամբ: Նրա վերջին այցելությունն Ադրբեջան իրավիճակը փոխելուն էր ուղղված: Պետք է փաստել, որ Հարավային Կովկասում հենց Ադրբեջանն է այն երկիրը, որի ղեկավարին Պուտինը քիչ թե շատ հավատում է, համենայնդեպս` հրապարակային ներկայացվում է, որ նրանք միմյանց վստահում ու հավատում են: Պուտինը Բաքու կատարած իր այցով փաստեց, թե ինչ վիճակում է նա` որպես պետության առաջնորդ. նա փորձեց աշխարհին ցույց տալ, որ իր հետ հաշվի են նստում, իր ձեռքն էլ սեղմողներ դեռ կան:

Սակայն Հարավային Կովկասում գլխավոր մրցավարի իր դերը պահպանելու հարցում մնացել է մեկ գործոն` «Զանգեզուրի միջանցքը», որի հսկողությունը ստանալուն է ձգտում Պուտինը: ՌԴ նախագահը Բաքու կատարած իր այցով փորձեց վերակենդանացնել «Զանգեզուրի միջանցքի» թեման արդեն բացահայտ` Լավրովի մակարդակով, մի թեմա, որն Արեւմուտքը ստիպում էր Ալիեւին մոռանալ: ԱՄՆ-ն ճնշումներ է բանեցրել Ադրբեջանի ուղղությամբ այս հարցով, այժմ գրեթե նվազագույնի է հասցված պատերազմի բռնկման հավանականությունը Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի իշխանությունները վերջերս սկսել են «Զանգեզուրի միջանցքի» թեման «անտեսել»: Եվ այս ամենը արեւմտյան ճնշումների ներքո ձեւավորված իրադրություն է, որը դուրեկան չէ Պուտինին:

Հատկանշական է, որ մեկուսացած երկրի ղեկավարին ընդունելուց հետո անգամ Ալիեւը Արեւմուտքին ազդակ ուղղեց, որ` «ամեն ինչ չէ Պուտինի պատկերացրածով»… Ալիեւը շնորհավորական ուղերձ հղեց Զելենսկուն` Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ, շեշտելով, որ Բաքուն ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ կշարունակի օգնել Կիեւին:

Ի՞նչ էր պահանջում Ալիեւը մեկ ամիս առաջ

Բաքվի կողմից Հայաստանին ուղղված` Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմաններն, իրականում, հենց այն կետերն են, որոնց շրջանակներում էլ Մոսկվան ձգտում է պահպանել իր ազդեցությունը:

Բանն այն է, որ մինչեւ 2020թ. եւ 44-օրյա պատերազմից հետո տեւական ժամանակ Մոսկվայի անվերապահ դաշնակիցն էր Անկարան, որը, սակայն, վերջին ամիսներին Արեւմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու հստակ գիծ է տանում: Այս համատեքստում Պուտինի համար «կենսական» են Ալիեւի հետ փոխհարաբերությունները եւ դրանց համատեքստում Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման հարցում Մոսկվա-Բաքու երբեմնի պայմանավորվածությունները:

Անցյալ ամսվա վերջերին Ալիեւը Շուշիից Հայաստանին պահանջներ հղեց: Դրանցից ամենաուշագրավը` աշխարհաքաղաքականն էր, բայց որը ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի որոշելիքն է: «Առաջինը՝ համատեղ դիմում ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի լուծարման առաջարկով։ Հայաստանը համաձայն չէ սրան։ Երկրորդը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն», ասաց Ալիեւը` հավելելով. «Հայաստանը պետք է խաղաղության մասին իր հայտարարություններն ամրագրի գործողություններով»: Հայտնի է, թե ինչպես է արդարացնում Ալիեւը իր պահանջներից մեկը. «Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա Անկախության հռչակագրին, որում հստակ տարածքային սպառնալիք կա Ադրբեջանի հասցեին։ Այնտեղ խոսվում է, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման մասին։ Քանի դեռ այդ հոդվածն այնտեղ է՝ խաղաղության համաձայնագրի կնքումը անհնարին է։ Սահմանադրությունն ավելի բարձր է, քան որեւէ միջազգային պայմանագիր։ Մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ նրանք կմտափոխվեն եւ մենք ստիպված կլինենք անել այն, ինչ արդեն մեկ անգամ արել ենք՝ սեպտեմբերին»։ Ահա, Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։

Պաշտոնական Երեւանը Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում, եւ դատելով Ալիեւի նույն օրվա հայտարարությունից` Հայաստանը նաեւ համաձայն չէ ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի լուծարման Բաքվի առաջարկին, ինչը դրական փաստ է: ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումն ունեցել է կոնկրետ նպատակ, այդ ձեւաչափի լուծարումը չի կարող տեղի ունենալ բացառապես Մոսկվայի ու Բաքվի պահանջով: Ավելին, պաշտոնական Երեւանը ոչ թե հերթական անգամ պետք է համակերպվի Բաքվի հերթական պահանջի հետ ու համաձայնի դրան, այլ պետք է պնդի, որ այդ ձեւաչափի լուծարումը պաշտոնական Երեւանի համար անընդունելի է:

Այստեղ ուշագրավ էր ԱՄՆ պետքարտուղարության պատասխանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերաբերյալ հարցմանն ի պատասխան: Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ ցանկացած ձեւաչափով, որին կհամաձայնվեն կողմերը եւ որտեղ վերջիններս կարող են առաջընթաց գրանցել, արձագանքել էր ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի ապագայի եւ դրա շուրջ ամերիկյան կողմի դիրքորոշման հետ: Այսպես, Պետքարտուղարությունն ընդգծել էր. «Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմի հետ ցանկացած ձեւաչափով, որի շուրջ կողմերը կարող են գալ համաձայնության եւ որտեղ կարող են գրանցել առաջընթաց»:

Առավել քան ակնհայտ է, որ Վաշինգտոնի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գաղափարն ընդունելի չէ, ավելին` նրանք ակնարկում են, որ կարող են Հայաստանին ու Ադրբեջանին օգտակար լինել այդ ձեւաչափի շրջանակներում:

Ի՞նչ դիրքորոշում ուներ Ալիեւը Պուտինի հետ հանդիպումից մեկ ամիս առաջ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ: Նա ազդարարեց, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցում առաջընթաց կա, «տեքստի 80-90 տոկոսը համաձայնեցված է», թեեւ նաեւ հավելեց, որ չկարգավորված հարցեր էլ կան:

Շուշիում միջազգային մեդիա ֆորումում, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, նա նաեւ հարկ համարեց ընդգծել, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում լուծում պահանջող խնդիրներ չունի. «Հարցեր, որոնք լուծում են պահանջում Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում, պարզապես չկան, եւ բավական երկար ժամանակ, եւ սկզբունքորեն, մինչեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ստորագրելը, մենք բոլոր հարցերը կարգավորել ենք փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի հիման վրա՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը եւ հաշվի առնելով մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությունը»։

Բայցեւ նկատենք, որ այս ամենն ասելով հանդերձ` Ալիեւն անուղղակիորեն Մոսկվային մի ուշագրավ ուղերձ էլ հղեց. «Ականատեսն ենք Հարավային Կովկասում պատմական փոփոխությունների: Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Ավանդական դաշինքները փոքր-ինչ թուլացել են, եւ ի հայտ են եկել համագործակցության նոր ձեւաչափեր։ Իհարկե, կարեւորագույն իրադարձությունը մեր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնումն է անցած տարվա սեպտեմբերին… Բավական է, որքան հակամարտություններ եւ առճակատումներ եղան…»: Այսինքն, Ալիեւը, կարծես, անուղղակիորեն հասկացնել էր տալիս, որ իր երկիրն ընդդեմ Հայաստանի կտրուկ քայլերի մղելն այլեւս չի բխում Ադրբեջանի շահերից:

Մոսկվային չնեղացնելու համար` Արեւմուտքի հասցեին քննադատության դոզան Ալիեւն այնուամենայնիվ չի նվազեցնելու

Անցյալ ամիս Ալիեւը բաց ու հստակ դժգոհություն հայտնեց Արեւմուտքից, մասնավորապես ընդգծելով, որ խորապես հիասթափված է Ադրբեջանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի վերաբերմունքից: Նա հիշեցրեց, որ հանրապետական վարչակազմի օրոք Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները հաջող էին դասավորվել՝ չնայած որոշակի վայրիվերումներին: Նա «երկերեսանի» անվանեց Եվրոպայի մոտեցումը, որը մի կողմից Բաքվին խնդրում է ավելացնել գազի մատակարարումները, իսկ մյուս կողմից՝ հրաժարվում է ֆինանսավորել դրա համար անհրաժեշտ միջոցները։ «Այսօր Եվրոպան մեր բնական գազի խիստ կարիքն ունի: Մի կողմից Եվրոպան մեզ խնդրում է մեծացնել արդյունահանումը եւ գազը Եվրոպա տեղափոխել, քանի որ դրա կարիքը մեծ է, մյուս կողմից՝ չեն ֆինանսավորում։ Սա երկերեսանիություն է»,-նշել էր Ալիեւը, հավելելով, որ եվրոպացի գործընկերները ցանկանում են, որ Ադրբեջանը կրկնապատկի «Հարավային գազային միջանցքի» հզորությունը. «Մենք պետք է միլիարդներ ներդնենք այնտեղ… Նրանք ակնկալում են, որ մենք միլիարդներ կներդնենք այնտեղ։ Միաժամանակ ասում են, որ 10 տարի հետո Եվրամիությունը գազի կարիք չի ունենա։ Մենք հիմարի՞ ենք նման, որոնք տասնյակ միլիարդավոր դոլարներ են ներդնելու գազի մեջ, որը նրանց պետք չի լինի»։

Միայն այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը հրապարակային դժգոհություն է հայտնում հավաքական Արեւմուտքից, ոչ միայն այն պատճառով, որ Արեւմուտքը Հայաստանին պաշտպանական աջակցություն է տրամադրում, այլեւ այլ հարցերով, Ալիեւը ի ցույց է դնում, թե ինչ անվստահություն կա Ադրբեջանի նկատմամբ` Արեւմուտքի կողմից, սա արդեն բավարար է, որպեսզի պաշտոնական Երեւանը ամրապնդի Արեւմուտքի հետ հարաբերությունները, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ հարաբերությունները հասցնելով իրապես ռազմավարական մակարդակի:

COP29-ին Հայաստանի մասնակցության հարցը

Անցյալ շաբաթ Բաքուն վերահաստատեց, որ COP29-ին մասնակցելու հրավեր են ուղարկել նաեւ Հայաստանի իշխանություններին: Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, Ադրբեջանի COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը հայտնեց, որ ավելի քան 50 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը COP29-ին։ «Մենք ակնկալում ենք, որ այդ թիվը կավելանա։ Հրավիրված է նաեւ Հայաստանը»,- նշեց պաշտոնյան։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացվել է անցած դեկտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից եւ Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց. որոշումն ընդունվեց այդ թվում պաշտոնական Երեւանի աջակցության շնորհիվ, որի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։

Պաշտոնական Երեւանը դեռ չի հստակեցրել՝ կմեկնի՞ հայաստանյան պատվիրակությունը Բաքու: Ու փոխանակ պաշտոնական Երեւանը հայտարարի, որ ՀՀ-ն կարող է մասնակցել` Բաքվի կողմից բոլոր հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելուց, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների հեռանալուց հետո, ընդհակառակը, մենք ենք Բաքվից լսում հայտարարություններ, թե Ադրբեջանը սպասում է Երեւանի հայտարարությանը, թե` «ինչպես կարող են ադրբեջանցիները վերադառնալ իրենց պատմական հողեր…»: Շուշիում կայացած նույն մեդիա-ֆորումում Ալիեւն արձագանքելով ռուսական առաջին ալիքի նախկին, այժմ անկախ լրագրող ներկայացող Մաքսիմ Շեւչենկոյի հարցին, նշել էր. «Մենք Հայաստանի իշխանություններից սպասում ենք հստակ հայտարարություն այն մասին, թե ինչպես կարող են ներկայիս Հայաստանի տարածքից վտարված Արեւմտյան Ադրբեջանի բնակիչները կամ էլ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր, այցելել կամ էլ ապրել այդ տարածքներում։ Առավել եւս, որ մեր բավական հավաստի տեղեկություններով, այն գյուղերի 90 տոկոսը, որտեղ ապրել են ադրբեջանցիները, հիմա դատարկ են»:

Պաշտոնական Երեւանը որեւէ պահանջ չունի՞, երբ ադրբեջանական պետական քարոզչամեքենան Հայաստանի տարածքի մի զգալի մասը, այդ թվում՝ Երեւանը, Սեւանը, հարակից հատվածները, Սյունիքը համարում է, այսպես կոչված` «պատմական Ադրբեջանի» մաս, այն կոչելով` «Արեւմտյան Ադրբեջան»։

Նկատենք, որ անգամ Ադրբեջանում են պահանջում բնապահպանական խնդիրներին զուգահեռ քաղբանտարկյալների հարցը բարձրացնել… COP 29 համաժողովին ընդառաջ Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին շաբաթներ առաջ նշել էր, թե փորձում է հասկանալ՝ ինչպե՞ս են համաշխարհային առաջնորդները հավաքվելու եւ կլիմայի հարցեր քննարկելու մի երկրում, որտեղ շուրջ 300 քաղբանտարկյալ կա, այլախոհությունը ճնշվում է ամենակոշտ մեթոդներով, չկան իրավունքներ, ընտրությունների արդյունքները կանխորոշված են:

Ալիեւի ռեժիմի քննադատները հիշեցրել էին, որ ՄԱԿ-ի միջազգային համաժողովը կազմակերպում է մի ռեժիմ, որը սեփական երկրում բնապահպանական աղետի դեմ բողոքներն է նաեւ ճնշել ոստիկանական կոշտ մահակով, ձերբակալություններով, անգամ՝ ընդդիմացողներին մեկուսացրել։ Ադրբեջանի «Դեմոկրատական ճակատ» կուսակցության առաջնորդ Քերիմլին գլոբալ հավաքի մասնակիցներից պահանջել էր բնապահպանական խնդիրներին զուգահեռ ադրբեջանցի հարյուրավոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը բարձրացնել։ Քաղաքական գործիչը, որի բազմաթիվ համախոհներ եւս ճաղերի ետեւում են, փորձում է արտասահմանցի հյուրերին իր երկրի իրական պատկերը ցույց տալ։ «Այս երկրում չեն խնայում առաջին կարգի հաշմանդամություն ունեցողին անգամ. երիտասարդ, թե ծեր, ուսյալ, թե ոչ գրագետ՝ բոլորը ենթարկվում են բռնության, մարդիկ չունեն խոսքի, հավաքների ազատության, ձայնի իրավունք, այսինքն՝ բոլոր այն իրավունքները, որոնց համար Եվրոպան պայքարել է 18-19-րդ դարերում, Ադրբեջանում գոյություն չունեն։ Հետեւաբար ադրբեջանցիների համար տարօրինակ է, որ բնապահպան ակտիվիստները, համաշխարհային առաջնորդները ժամանում են Ադրբեջան՝ քննարկելու կլիմային առնչվող հարցեր, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, կարծես երեք հարյուր քաղբանտարկյալ չկա եւ բոլորն ազատություն ունեն։ Դե թող հավաքվեն, հարմարավետ տեղավորվեն եւ խոսեն շրջակա միջավայրից մի երկրում, որտեղ ընտրություններ չեն անցկացվում, քվեարկության արդյունքներն էլ կանխորոշված են», – նշել էր ընդդիմադիր «Դեմոկրատական ճակատ»-ի առաջնորդը:

Պաշտոնական Բաքուն, սակայն, սահմանափակումները մեղմելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու որեւէ մտադրություն չունի, ավելին, սկսել է անգամ օտարերկրյա լրագրողների մուտքը սահմանափակել COP 29-ի միջոցառումներին։ Հայտնի է, որ առնվազն երեք լրագրող Մեծ Բրիտանիայից եւ Ֆրանսիայից Guardian-ին պատմել են, որ Ադրբեջանի իշխանությունները իրենց արգելել են լուսաբանել Բաքվում կայացած էներգետիկ շաբաթ համաժողովը, որի պաշտոնական հովանավորներն էին բրիտանական BP-ն, ֆրանսիական TotalEnergies-ը եւ գերմանական Uniper էներգետիկ ընկերությունները։

COP29-ը հյուրընկալող երկրի ընտրությունը հարցեր է առաջացրել ոչ միայն ագրեսիայի ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, այլեւ բուն համաժողովի նպատակների եւ Ադրբեջանի կլիմայական քաղաքականության միջեւ հակասությունների պատճառով։ Այսպես, Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է հենց հանածո վառելիքից, առաջին հերթին՝ նավթից եւ գազից: Երկրի իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են առաջիկա տարիներին մեկ երրորդով ավելացնել գազի արդյունահանումը, այն դեպքում, երբ Բաքուն պարտավորվել է մինչեւ 2030-ը ջերմոցային գազերի արտանետումները 1990-ի համեմատ կրճատել ավելի քան մեկ երրորդով, եւ 40 տոկոսով՝ մինչեւ 2050 թվականը: Բնապահպանական առումով առավել նախընտրելի՝ վերականգնվող էներգիայի զարգացման հարցով Բաքվից առայժմ միայն բանավոր հայտարարություններ են հնչում. Ալիեւը խոստացել է մինչեւ 2030 թվականը արեւից, քամուց եւ հիդրոկայաններից ստացվող էներգիայի ծավալը հասցնել 30 տոկոսի։ Էներգետիկ ոլորտում Ադրբեջանի ներկայիս քաղաքականության շարունակության դեպքում բնապահպաններն անխուսափելի վտանգներ են կանխատեսում։ Փորձագետների հաշվարկներով, առաջիկա տասնամյակների ընթացքում Ադրբեջանում ջերմաստիճանը կբարձրանա ավելի արագ, քան համաշխարհային միջին ցուցանիշը` 2090-ականներին տաքանալով մինչեւ 4,7 տոկոսով, ինչն էլ իր հերթին կհանգեցնի բերքատվության նվազման, անապատացման, ջրամատակարարման ոլորտում խնդիրների։ Եվ ի դեպ, ադրբեջանական բանտերում պահվող տասնյակ լրագրողներ, ակտիվիստներ ու իրավապաշտպաններ նաեւ այս խնդիրների մասին բարձրաձայնելու համար են հայտնվել Ալիեւի վարչակազմի թիրախում։

Այնպես որ, գնդակը Երեւանի դաշտում է. COP29-ին Հայաստանի մասնակցության դրական որոշումը Ադրբեջանից հնարավորինս զիջումներ կորզելու գործիք պետք է դարձնել:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031