Եթե դուք համաձայն եք ադրբեջանցիների հետ, որ Արցախի Հանրապետությունը «ֆեյք» պետություն էր, ապա դա վերաբերմունք է ընդհանրապես հայկական պետականության հանդեպ
Մոտ 10 տարի առաջ միջազգային միջոցառումներից մեկի ժամանակ Հայաստանի դրոշի կողքին բարձրացվել էր նաեւ ԼՂՀ դրոշը: Ադրբեջանը, բնականաբար, իր կրքոտ բողոքը հայտնեց այդ կապակցությամբ՝ անվանելով այդ դրոշը «շորի կտոր»: Նույն հիստերիան էր առաջանում ադրբեջանցիների մոտ, երբ Արկադի Ղուկասյանը կամ Բակո Սահակյանը հանդիպում էին այլ երկրների քաղաքական կամ պետական գործիչների հետ:
«Շորի կտոր» արտահայտությունը ես հիշեցի հիմա, երբ 2020 թվականից հետո Արցախի Հանրապետության դրոշը բազմաթիվ հայաստանցիների վրա նույն ազդեցությունն է թողնում, ինչ կարմիր շորը ցուլերի վրա: Այդ դրոշը ՀՀ քաղաքացիների նշված կատեգորիայի կողմից ընկալվում է որպես «նախկինների», «քոչարյանականների», «ղարաբաղյան կլանի». «թալանի եւ կոռուպցիայի» խորհրդանիշ:
Նույն շրջանակները չեն զսպում իրենց չարախնդությունը, երբ խոսք է գնում այն մասին, որ այժմ Արցախի նախկին ղեկավարները գտնվում են թշնամու ձեռքում, գերության մեջ:
Կարդացեք նաև
Չքննարկենք, թե բարոյական առումով այդ վարքը որքանով է գեղեցիկ, եւ, մյուս կողմից, ինչպիսի հիմքեր են 30 տարվա ընթացքում ստեղծվել նման վերաբերմունքի համար: Արձանագրենք միայն, որ իշխանության (մինչեւ 2018 թվականը՝ ընդդիմության) նպատակաուղղված քարոզչությունը հասավ իր նպատակին: Բայց հասարակության գերիշխող մասի վերը նկարագրված տրամադրությունը, որն այդքան ցանկալի է իշխանության համար, հարվածում է ոչ միայն «ղարաբաղցիներին» եւ ոչ միայն ԼՂՀ-ին, այլեւ հայկական պետականությանն ընդհանրապես:
Բանն այն է, որ մենք չենք կարող հարգել հայկական պետականությունն «ընտրողաբար»՝ Արցախի Հանրապետությանը չհարգենք, ՀՀ-ինը՝ հարգենք: Ներկայիս իշխանության եւ Բաքվի ռեժիմի պատկերացումներն այն մասին, որ Արցախի պետականությունը «ֆեյք» էր, իսկ այդ հանրապետության ղեկավարները՝ «հանցագործ սեպարատիստներ», նույնական են: Չփորձենք նաեւ վիճել «միջազգայնորեն ճանաչված» սահմանների մասին՝ 20-21-րդ դարում քանի՞ անգամ են այդ սահմանները փոխվել:
Տվյալ դեպքում մեկ այլ բան է կարեւոր: Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակը հայկական պետականությունը ոչնչացնելն է: Գուցե կան միամիտներ, որոնք կարծում են, թե իբր այդ երկրները ցանկություն ունեն մեր կողքին ապրելու որպես հարեւաններ, բայց հօգուտ այդ լավատեսական ենթադրության, ցավոք, ոչ մի փաստ հնարավոր չէ բերել: Նրանց համար ոչ միայն Արցախի Հանրապետություն, այլեւ Հայաստանի Հանրապետություն, ըստ էության, գոյություն չունի: Հայաստանի պաշտոնյաներն Արցախն իր անունով չեն կոչում եւ ընդհանրապես խուսափում են այդ թեմայով խոսել՝ համարում են, այսպես ասած, «փակված էջ»: Ադրբեջանցի պաշտոնյաները, Ալիեւից սկսած, չեն վարանում Հայաստանի Հանրապետությունն անվանել Արեւմտյան Ադրբեջան, հետն էլ պահանջում են հրաժարվել Անկախության հռչակագրից, ինչն աներկբայորեն խոսում է մեր պետականության հանդեպ նրանց վերաբերմունքի մասին:
Գլխավոր պատճառը, կարծում եմ, մեր իշխանության դիրքորոշումն է եւ այն հակապետական մոտեցումները, որոնք այդ իշխանությունը քարոզում է: Եթե կարելի է արհամարհանքով խոսել Արցախի (թեւկուզ չճանաչված) պետականության մասին, ապա ինչո՞ւ նույն վերաբերմունքը չի կարելի է ունենալ Հայաստանի Հանրապետության հանդեպ: Եթե մարդիկ ցավ չեն ապրում Արցախը կորցնելու առիթով, ապա ինչո՞ւ պիտի անհանգստանան Հայաստանի մնացած մասը կորցնելու դեպքում:
… Բելառուսի նախագահ Լուկաշենկոն անընդունելի, չափազանց վիրավորական արտահայտություն է թույլ տվել մեր հասցեին՝ իբր հայերը (ուշադրություն դարձրեք՝ հայերը, ոչ թե Հայաստանը) ոչ մեկին պետք չեն, բացի իրենցից, այսինքն՝ Ռուսաստանից եւ Բելառուսից: Խիստ դատապարտելի արտահայտություն է: Բայց եկեք մի քիչ էլ մտածենք, թե ինչպես ենք մենք մեզ դրսեւորում 2020 թվականից հետո: Կարծես՝ մենք ինքներս մեզ պետք չենք:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.08.2024